Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունները զգալի զարգացում են ապրում. Նալբանդյան եւ Ջանելիձե

Սեպտեմբերի 11-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին:

Նախարարները գոհունակությամբ արձանագրեցին, որ վերջին տարիներին երկու հարեւան ու բարեկամ երկրների հարաբերությունները զգալի զարգացում են ապրում: Այս համատեքստում երկուստեք կարեւորվեց արտաքին գերատեսչությունների ներդրումը Հայաստանի ու Վրաստանի ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման գործում:

Էդվարդ Նալբանդյանն ու Միխեիլ Ջանելիձեն քննարկեցին երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ կատարվեց միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցությանը, միջխորհրդարանական հարաբերություններին, առեւտրատնտեսական կապերին, տրանսպորտային ենթակառուցվածքներին, համագործակցությանը էներգետիկայի, մշակույթի, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում։ Կարեւորվեց հայ-վրացական իրավապայմանագրային դաշտի առավել ընդլայնումը:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ վիրահայությանը հուզող խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող քայլերին:

Հայաստանի եւ Վրաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային ու միջազգային հրատապ մի շարք խնդիրների շուրջ:

Էդվարդ Նալբանդյանը Միխեիլ Ջանելիձեին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը։