Արտյուշ Գրիգորյան. Ջավախքում այսօր աշխատատեղերի պակասը ամենախոցելի խնդիրներից մեկն է

Արտյուշ Գրիգորյան. Ջավախքում այսօր աշխատատեղերի պակասը ամենախոցելի խնդիրներից մեկն է

Ջավախքում այսօր աշխատատեղերի պակասը ամենախոցելի խնդիրներից մեկն է, և սա է հիմականում արտագաղթի պատճառը։ Ցանկացած տարածաշրջան զարգացնելու համար պետք է առաջին հերթին հաշվի առնել տվյալ վայրի առանձնահատկությունները։ Գյուղատնտեսությունից բացի, կա ևս երկու ոլորտ, որտեղ ջավախքցիները կարող են իրենց դրսևորել առավելագույնս․ դրանք բնական գիտություններն են, մասնավորապես ֆիզիկամաթեմատիկական, ու սպորտը՝ հատկապես ուժային սպորտաձևերը։ Հետևաբար ցանկության դեպքում Ջավախքում հնարավոր է զարգացնել տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտն ու սպորտը։

Սպորտը բավականին զարգանում է, ջավախքցի մարզիկները մեդալներ են նվաճում միջազգային մրցումներում, բայց էլի տեղ կա զարգացնելու, որի համար անհրաժեշտ են լրացուցիչ ռեսուրսներ։ Վրաստանում ՏՏ ոլորտի զարգացումը կարող է լայն թափով սկզբնավորվել Ջավախքից ։

Հայաստանում կան մարդիկ և կազմակերպություններ, ովքեր պատրաստակամ են բացելու ծրագրավորման ուսուցման խմբակներ Ջավախքի ինչպես հայկական, այնպես էլ վրացական բնակավայրերում, որտեղ երեխաները կարող են տիրապետել որոշակի մակարդակի ծրագրավորման տեխնիկայի, հետագայում գումար վաստակել և նաև նպաստել այս ոլորտի զարգացմանն ու տարածմանը ոչ միայն Ջավախքում, այլև Վրաստանի այլ շրջաններում ևս։ (Ի դեպ սա հենց կոչվում է նաև ինտեգրացիա)։

Եթե անհրաժեշտ է բոլոր շահագրգիռ կողմերի հետ կարելի է կազմակերպել քննարկումներ։ Ցանկալի կլիներ, որ այս հարցը քննարման առարկա դառնար հայ-վրացական պաշտոնական հանդիպումների ժամանակ։ Պետական մոտեցումն, այնուամենայնիվ, ցանկալի է և կարևոր։