Բաքու-Թբիլիսի-Կարսը բախվեց հայկական խնդրի՞

Բաքու-Թբիլիսի-Կարսը բախվեց հայկական խնդրի՞

Թուրքիայի տարածքում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու հատվածը նախատեսվում է ավարտել 2017 թվականի վերջին, հայտարարել է Թուրքիայի մաքսային եւ առեւտրի նախարար Բյուլենտ Թյուֆենկջին Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռակողմ հանդիպմանը:Նրա խոսքով, նախկինում կային որոշակի խնդիրներ նախագիծն իրականացնելու հարցում, բայց դրանք արդեն վերացված են, եւ աշխատանքները ընթանում են արագացված ռեժիմով: Ինչպես ավելացրել է թուրք նախարարը՝ շինարարությունն ավարտված է 85 տոկոսով:Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծով ստեղծվելու է նոր խումբ, հայտարարել է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի նախագահ Այդին Ալիեւը: Այդ խումբը պետք է լուծի որոշ խնդիրներ, որոնք մինչ այժմ չի հաջողվում լուծել:Ի՞նչ խնդիրների է բախվում նախագիծը, եթե երեք երկրները, որոնք որոշել են կառուցել երկաթգիծը, չեն հրաժարվել այդ պլաններից: Կա կարծիք, որ «արգելք» հանդիսանում է Հայաստանը:Բանն այն է, որ ԲԹԿ նախագիծը սկսել է կառուցվել խիստ որոշակի նպատակով՝ Հայաստանը դուրս թողնել ռեգիոնալ ենթակառուցվածքներից: Կարծես թե հենց այդպես էլ կա: Սակայն, ինչպես որոշակի պահից սկսեցին խոստովանել ադրբեջանցի փորձագետները, չկա մեխանիզմ, որը արգելի հայկական բեռներին օգտվել վրացական երկաթուղով:Կամ Վրաստանը պետք է արգելի Հայաստանին բեռներ տեղափոխել իր տարածքով, կամ ԲԹԿ վրա պետք է դրվի հատուկ «մաքսակետ», որը պետք է որոշի, թե որ բեռն է հայկական: Ադրբեջանը, դատելով փորձագետների ակնարկներից, կտրականապես դեմ է, որ Հայաստանն օգտվի այդ երկաթուղուց: Վրաստանը սակայն, թերեւս, չի ցանկանում հրաժարվել Հայաստանի հետ երկաթուղային կապից եւ ամեն անգամ կայացվում է ճանապարհի շահագործումը հետաձգելու որոշում:Եթե հայկական բեռները նույնպես գնան ԲԹԿ ճանապարհով, ապա Թուրքիայի եւ Ադրբեջանի համար երկաթուղին կկորցնի իմաստը, քանի որ դա կհարվածի Հայաստանի շրջափակման տարիներ ի վեր վարվող քաղաքականությանը: Կգնա՞ Վրաստանը Հայաստանին բեռնափոխադրումները մերժելու քայլի:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

Աղբյուր՝ lragir.am