Էդգար Էլբակյան. Թուրք-վրաց-ադրբեջանական եռակողմ համագործակցությունը ներկայիս պայմաններում…

Էդգար Էլբակյան. Թուրք-վրաց-ադրբեջանական եռակողմ համագործակցությունը ներկայիս պայմաններում…

Այս նախագիծը իրականացվում է Javakhkmedia.com-ի, Akhaltskha.Net-ի եւ Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի համատեղ ջանքերով: Նախագծի սահմաններում զրուցելու ենք տարբեր վերլուծաբանների, փորձագետների, քաղաքական ու հասարակական գործիչների հետ Ջավախքում թուրքական գործոնի ակտիվացման շուրջ:

Հարցերին պատասխանում է միջազգայնագետ Էդգար Էլբակյանը:

1. Ի՞նչ կոնկրետ փաստեր կարող եք ներկայացնել Ջավախքում, Վրաստանում, տարածաշրջանում թուրքական գործոնի ներկայության աճի վերաբերյալ։

Անկեղծ ասած՝ ինձ համար՝ որպես հետազոտողի, մի փոքր դժվար սահմանելի է «թուրքական գործոն» ասվածը։ Սովորաբար հայկական գիտահրապարակախոսական գրականության մեջ դրա տակ ի նկատի են ունենում թուրքական մասնավոր ու պետական կառույցների, բնակչության, ներդրողների, կրոնական առաջնորդների ներկայությունը և մասնակցությունը Վրաստանի կյանքի տարբեր ասպարեզներում։ Երբեմն սրա տակ ներառում են նաև Ադրբեջանի համապատասխան ինստիտուտներին՝ ամփոփելով «թյուրքական» բառի տակ։ Դժվարանում եմ ասել, թե որքանով է ներկայացվածը համապատասխանում «գործոն» բառի քաղաքագիտական ընկալմանը, այսինքն՝ որքանով է այդ ամբողջ ներկայությունը պաշտոնական Անկարայի ու Բաքվի կողմից կապիտալիզացվում՝ որպես Վրաստանի վրա ուղղագիծ ազդեցության քաղաքական միջոց։ Այնուամենայնիվ, եթե պատասխանելու լինեմ հարցին, ապա ըստ իմ ունեցած տեղեկությունների՝ Վրաստանի հարավամասում և, իհարկե, մայրաքաղաք Թբիլիսիում թուրքական կապիտալը բավականին մեծ տեղ ունի։ Թուրքերն ակտիվորեն ներգրավված են շինարարության, էներգետիկայի ոլորտներում, զբոսաշրջային սեկտորում։ Սրանից զատ՝ առանձին ուշադրության է արժանի Թուրքիայի հետաքրքրվածությունն Աջարիայում և վերջինիս մայրաքաղաք Բաթումում։ Կարծում եմ՝ երկարաժամկետ հեռանկարում Անկարան շահագրգռված է այստեղ կրոնական գործոնի խաղարկման և բիզնես ներդրումների միջոցով խիստ ամուր ներկայություն պահպանելու հարցում։

2. Ինչպե՞ս հակազդել թուրքական ակտիվությանը Վրաստանում ու Ջավախքում։

Բարդ հարց է։ Անշուշտ, Հայաստանը չունի Թուրքիային համազոր ո՛չ նյութական, և ո՛չ էլ մարդկային ռեսուրսներ։ Կարծում եմ՝ հարաբերական կտրվածքով «հակազդել» կարող ենք համարել Վրաստանի հետ հարաբերությունների հետևողական զարգացումը, այդ թվում՝ արտահանման ավելացումը։ Սրանից ավել դժվարանում եմ ինչ-որ կոնկրետ միջոց նշել։ Թերևս առաջնորդվենք «սենց էլ մնա լավ ա + մի քիչ էլ՝ կողքից» պարզ ժողովրդական բանաձևումով։

3. Ի՞նչ կարող են անել ՀՀ իշխանությունները այս ուղղությամբ որպեսզի հակազդեն թուրքական ակտիվությանը Սամցխե-Ջավախք տարածաշրջանում։

Ըստ էության, նախորդ պատասխանս վերաբերում էր հենց ՀՀ անելիքներին՝ չհաշված արտահանումը կամ թեկուզ՝ ներդրումները, որ մասնավոր սեկտորի անելիքն են։

4. Ի՞նչ քաղաքականություն պետք է մշակեն Ջավախքի հայկական կազմակերպությունները դիմակայելու համար թուրքական ակտիվությանը։

Չեմ կարծում, թե Ջավախքի հայկական կազմակերպությունների առաջնահերթ խնդիրը դա է։ Կարծում եմ՝ առաջնահերթ խնդիրը Վրաստան պետության հետ հարաբերվելու արդյունավետ մեխանիզմների մշակումն ու ցանկության դեպքում՝ հայկական ինքնության պահպանումն է։ Սա արդեն իսկ բարդ համադրելի խնդիր է, և կարիք չեմ տեսնում սրա կողքին նոր խնդիրներ ստեղծելու՝ հաշվի առնելով, որ թուրքական ներկայությունը սուր ծայրով ուղղված չէ այնտեղի հայության դեմ, իսկ եթե անգամ ուղղված է, ապա այս հարցով Ջավախքի հայությունը նույնպես պետք է պաշտոնական Թբիլիսիի հետ երկխոսության ուղի հաստատի։

Անշուշտ, կա նաև որպես մարտահրավեր ընկալվող երևույթի դեմ հանրույթի ներքին պատասխանի ու պաշտպանիչ մեխանիզմի ձևավորման տարբերակը։ Հայկական, ի մասնավորի՝ ջավախքյան մտավորականությունը կարող է փորձել մշակել և ջավախաբնակ հայությանը հրամցնել տնտեսական, կրթական և սոցիալական միջոցների մի համալիր, որոնց համադրությունը թույլ կտա դիմակայել տարածաշրջանում թուրքական և հայկական ներկայությունների հատվող շահերի հարուցած խնդրականներին։ Համաձայնե՛ք, որ Ջավախքի միջին վիճակագրական հայն ավելի մեծ անհամաձայնություն կհայտնի սեփական տունը կամայական Ահմեդի վաճառելու առաջարկին, եթե այդ տունը նրա համար ծառայի և՛ որպես կեցավայր, և՛ բիզնես եկամտի աղբյուր։ Բերածս ընդամենը մեկ օրինակ է, և Ջավախքի խնդիրներին խորաճանաչ մարդիկ կարող են է՛լ ավելի դիպուկ օրինակներ բերել, սակայն սկզբունքն այն է, որ ընկալվող թուրքական վտանգին հանդիման՝ Ջավախքի հայությունը պետք է «արմատներ գցելու», իսկ այս դեպքում՝ ավելի շուտ «արմատները պահպանելու» սեփական դիմադրական մշակույթը կառուցարկի։

5. Արդյոք պատրա՞ստ են Վրաստանի ու Հայաստանի իշխանությունները համագործակցել ընդեմ թուրքական վտանգի։

Գիտեք՝ ընդդեմ ինչ-որ բանի գործելու համար պետք է ունենալ այդ «ընդդեմ»-ի գիտակցությունը․ թեկուզ չբարձրաձայնել, բայց ունենալ։ Հայաստանում թուրքական վրաստանյան ներկայության վտանգավորության մասին բարձրաձայնում են հիմնականում գիտահրապարակախոսական և ակադեմիական շրջանակները։ Պաշտոնական հայտարարություններ այս մասին չեմ հիշում, և ինձ դժվար է գնահատել, թե ինչ կարծիք ունեն խնդրո առարկա հարցում հայաստանյան վճռահատները։ Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա խիստ կասկածում եմ, որ այնտեղի ղեկավարությունը երկրում թուրքական ներկայությունը համարում է վտանգ։

6. Արդյոք չե՞ք կարծում, որ Սամցխե-Ջավախքի հայության հուզող շատ խնդիրներ կարող են ավտոմատ կերպով լուծվել այն բանից հետո երբ Վրաստանի իշխանությունները լիարժեք գիտակցեն թուրք-ադրբեջանական քաղաքականության վտանգը մեր տարածաշրջանում։

Իսկ կա՞ արդյոք այդպիսի վտանգ։ Իրականում սա շատ ծավալուն քննարկման կարոտ  հարց է։ Մեր և այլոց ընկալումները կարող են խիստ տարբերվել շատ հարցերում, հատկապես երբ այս կամ այն հարցում ներգրավված յուրաքանչյուր կողմ ունի սեփական դիտանկյունը։ Տարածաշրջանում թուրք-ադրբեջանական ներկայության մեծացումը վտանգավոր կարող է լինել մեզ համար, այո՛, բայց արդյոք այն վտանգավոր է բոլորի՞ համար, այդ թվում՝ նույն Վրաստանի։ Պետք է նախ սա հասկանալ, ապա որոշել, թե ինչ կփոխվի, եթե Վրաստանը սկսի դա ընկալել որպես վտանգ։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ թուրք-վրաց-ադրբեջանական եռակողմ համագործակցությունը ներկայիս պայմաններում անշրջելիորեն ծավալվող գործընթաց է։

Էդգար Էլբակյան, միջազգայնագետ