«Սովորենք վրացերեն» ծրագիրը Հայաստանում սովորող ջավախքցի ուսանողների համար

Արդեն երկրորդ տարին է ինչ «Ջավախք» բարեգործական հիմնադրամի  աջակցությամբ և հովանավորությամբ «Ջավախք» ուսանողական միությունը կազմակերպում է «Սովորենք վրացերեն»  ծրագիրը: Ծրագիրը իր մեջ ներառում է վրաց լեզվի երեք՝ A, B և C մակարդակների ուսուցում, որին մասնակցում են, մասնավորապես Հայաստանի բուհերում սովորող Ջավախքցի ուսանողները և երիտասարդները՝ առանց տարիքային սահմանափակման:

Այս ծրագրի յուրաքանչյուր մասնակից հնարավորություն ունի սովորելու վրացերեն ինչպես A, B, այնպես էլ C մակարդակներում՝ հանձնելով համապատասխան մակարդակի համար նախատեսված քննություն: Քննության ընթացքում հաշվի են առնվում ուսանողի մասնակցությունը դասերին, նրանց բանավոր և գրավոր խոսքը, թարգմանության ու քերականության իմացությունը: Իսկ ծրագրի հիմնական նպատակն այն է, որ յուրաքանչյուր ջավախքցի ուսանող տիրապետելով վրացերենին վերադառնալով Ջավախք: Այս ծրագրի շրջանակներում արդեն իրենց մասնակցությունն են ունեցել չորս տասնյակից ավել ջավախքցի ուսանողներ:

Օրեր առաջ ավարտվեց «Սովորենք վրացերեն» 2016-2017 ուսումնական տարվա                    A և B մակարդակների դասընթացները: Դասընթացի մասնակիցներն հանձնեցին համապատասխան ավարտական քննություններ:  Քննությունները բարեհաջող հանձնած ուսանողներին «Ջավախք» ուսանողական միության նախագահ Էդգար Չախոյանը հանձնեց հավաստագրեր, առ այն, որ մասնակցել են «Սովորենք վրացերեն» 2016-2017 ուսումնական տարվա A և B մակարդակների դասընթացներին ու հաջողությամբ ավարտել այն:

«Այս ծրագրով մենք հնարավորություն ենք տալիս ջավախքցի ուսանողներին, ովքեր բարձրագույն կրթություն են ստանում հայաստանյան բուհերում, որ ուսումնառության ընթացքում սովորեն նաև վրացերեն և ուսումն ավարտելուց ու ծննդավայր վերադառնալուց հետո կարողանան մասնագիտական առումով ինքնաիրացվել, ինչպես նաև աշխատանք փնտրելու դեպքում վրացերենի չիմացությունը հավելյալ խոչընդոտ չհանդիսանան նրանց համար»-, նշեց «Ջավախք» բարեգործական հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Կազմակերպիչները հավաստիացրեցին, որ այս ծրագիր կրելու է շարունակական բնույթ և 2017-2018 ուսումնական տարին սկսելուն պես, մեկնարկելու է նաև «Սովորենք վրացերեն» ծրագրի դասընթացները: