Արմեն Ավետիսյան. Ջավախքի հասարակական կազմակերպությունների ամենամեծ խնդիրը խոսքից գործի անցնելն է

Արմեն Ավետիսյան. Ջավախքի հասարակական կազմակերպությունների ամենամեծ խնդիրը խոսքից գործի անցնելն է

Այս նախագիծը իրականացվում է Javakhkmedia.com-ի, Akhaltskha.Net-ի եւ Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի համատեղ ջանքերով: Նախագծի սահմաններում զրուցելու ենք տարբեր վերլուծաբանների, փորձագետների, քաղաքական ու հասարակական գործիչների հետ Ջավախքում թուրքական գործոնի ակտիվացման շուրջ:

Մեր հյուրն է «Ջավախք» բարեգործական հիմնադրամի գլխավոր տնօրեն՝ Արմեն Ավետիսյանը:

Ի՞նչ կոնկրետ փաստեր կարող եք ներկայացնել Ջավախքում, Վրաստանի այլ շրջաններում և տարածաշրջանում ընդհանրապես թուրքական գործոնի աճի վերաբերյալ:

-Կարծում եմ հարցին պետք է նայել ոչ միայն թուրքական գործոնի, այլև թուրք-ադրբեջանական գործի աճի համատեքստում, քանզի թրքական այս երկու պետությունները Վրաստանի վրա սկսել են տնտեսական և դեմոգրաֆիկ էքսպանսիան՝ միմյանց հետ փոխհամաձայնեցված և շատ ագրեսիվ: Կարս-Ախալքալակ-Բաքու երկաթգիծ կառուցումն ու շահագործումը Ջավախքի տարածքով, ինչպես նաև այն, որ վերջի երկու տարիներին Թուրքիայի և Ադրբեջանի շուրջ 25.000 քաղաքացիներ ստացել են Վրաստանի քաղաքացիություն, Թուրքական պետության ակտիվ միջամտությունը Վրաստանի ներքին քաղաքականությանը, Աջարիայում տնտեսական խոշոր ներդրումները, մզկիթների կառուցումն ու եղած մզկիթների վերակառուցումը, Բաթում քաղաքում թուրքական մասնավոր դպրոցի կառուցումը: Թուրքական և ադրբեջանական դպրոցական դասագրքերում Վրաստանի մի շարք շրջաններ և քաղաքներ ներկայացվում են որպես Թուրքիայից և Ադրբեջանից գրավված տարածքներ, Ախալցխայում գործող համալսարանում բացվել է թուրքական ֆակուլտետ, որտեղ սովորում են Ադրբեջանից եկած մի քանի տասնյակի հասնող ուսանողներ: Խոշոր բիզնես ներդրումների շնորհիվ թուրք-ադրբեջանական տնտեսական ներկայացվածությունը Վրաստանում շատ մեծ է, ինչի արդյունքում մեծանում է թուրքերի և ադրբեջանցիների դեմոգրաֆիական աճը:  Թվարկվածներին պետք է գումարել նաև Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռակողմ ռազմական համագործակցությունն ու ամենամյա զորավարժությունները: Հիշյալ անհերքելի իրողությունները գալիս են ևս մեկ անգամ փաստելու, որ թուրք-ադրբեջանական գործոնն առաջիկայում մեծ թափ հավաքելու միտում ունի, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով ոչ միայն Վրաստանի, այլև Հայաստանի համար:

Ինչպե՞ս հակազդել թուրքական ակտիվությանը Վրաստանում ու հատկապես Ջավախքի շրջանում:

– Այստեղ մի ճանապարհը կա. դա հայկական գործոնի շուտափույթ ուժեղացումն է տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, հասարակական և ընդհանրապես ազդեցության հնարավոր բոլոր ոլորտներում: Այս հարցում շատ կարևոր է Վրաստանում ապրող հայերի, մասնավորապես` ջավախքցիների, ներգրավվածությունը Վրաստան պետության կառավարման ամենատարբեր օղակներում, հասարակական և քաղաքական կյանքում, ինչը հնարավորություն կտա հակազդելու թրքամետ կամ ադրբեջանամետ որոշումների կայացման վրա:

 Ի՞նչ կարող են անել ՀՀ իշխանություններն այս ուղղությամբ, որպեսզի հակազդեն թուրքական ակտիվությանը Սամցխե-Ջավախք տարածաշրջանում:

– Հետխորհրդային շրջանում և՛ Հայաստանը, և՛ Վրաստանը հայ-վրացական հարաբերություններին մշտապես ու հավասարաչափ նայել են մատերի արանքով՝ չկարևորելով միմյանց հետ լուրջ ու խորացված տնտեսական, դիվանագիտական ու քաղաքական հարաբերությունները, առավելապես տուրք տալով կենացային քաղաքականությանը: Շարունակական կենացային մակարդակի հարաբերություններից էլ օգտվեցին երկու թրքական պետությունները և այսօր նաև այդ իրավիճակի պատճառով ունեք Վրաստանի վրա սեղմվող թուրք-ադրբեջանական օղակ, որը վտանգ կարող է ներկայացնել Հայաստանի համար ևս: Վտանգին հակազդելու համար մեծ գործ ունի անելու նաեւ Հայաստանը օգտագործելով հայկական Սփյուռքի հնարավորությունները Վրաստանի հայաշատ տարբեր շրջաններում և, հատկապես Ջավախքում, խոշոր, երկարաժամկետ և հեռանկարային տնտեսական ներդրումների ուղղորդման առումով: Պետք է վրացական կողմի հետ համաձայնության գալ և Ջավախքում հիմնել Հայ-վրացական համալսարան երիտասարդության արտահոսքը կանխելու կամ նվազեցնելու համար: Ջավախքում բացել Հայաստանի հյուպատոսություն և Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությանը տալ ավելի բարձր կարգավիճակ՝ Հայ առաքելական եկեղեցու Ջավախքի թեմ: Ինչպես նաև պետք է վրացական իսթեբլիշմենթի հակաթուրքական և հակաադրբեջանական գործիչների հետ սկսել ինտենսիվ աշխատանքներ թուրք-ադրբեջանական գործոնը նաև այս հարթությունում չեզոքացնելու համար:

Ի՞նչ քաղաքականություն պետք է մշակեն Ջավախքի հայկական կազմակերպությունները դիմակայելու համար թուրքական ակտիվությանը 

– Ջավախքի հասարակական կազմակերպությունների ամենամեծ խնդիրն այս հարցում խոսքից գործի անցնելն է, բոլորը հրաշալի պատկերացնում են թուրք-ադրբեջանական տանդեմի ակտիվության ծնող վտանգների մասին և, որպես  կանոն, բավարարում են միայն հայտարարությամբ հանդես գալով: Վաղուց հասունացել է այն պահը, որ Ջավախքի հասարակական կազմակերպությունները պետք է քննարկելով և վերլուծելով վերահաս վտանգը ձևավորեն հասարակական, ինչո՞ւ չէ նաև քաղաքական օրակարգ՝ մշակելով  թուրք-ադրբեջանական տանդեմի չեզոքացմանն ուղղված գործողությունների ճանապարհային քարտեզ և այն իրականացնել ամենօրյա աշխատանքով: Ջավախքի հասարակական կազմակերպությունների առաջնորդները և ակտիվ անդամները պետք է մշտապես մասնակցեն և՛ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, և՛ երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի ընտրություններին: Ավելի քան մեկ տասնամյակ ստացվում է մի իրավիճակ, երբ թուրք-ադրբեջանական վտանգից խոսում են մարդկանց մի խումբ, բայց Վրաստանի պառլամենտում և տեղական ինքնակառավարման մարմիններում հայտնվում են մարդկանց մեկ այլ խումբ, ովքեր ունեն  բացարձակապես այլ հետաքրքրություններ ու շահեր և նրանց չի հետաքրքրում որևէ խնդիր: Այդ իսկ պատճառով Ջավախքի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ոչ թե պետք է խոսեն ու կողքի քաշվեն, այլև ակտիվորեն մասնակցեն բոլոր համապետական և տեղական ընտրություններին: Կարծում եմ՝ Ջավախքի հասարակական կազմակերպություններ պետք ակտիվ համագործակցեն նաև Վրաստանում գործող այլ հասարակական միավորումների հետ, որոնք մտահոգված են թուրք-ադրբեջանական տանդեմի  ակտիվության խնդրով:

 Ձեր կարծիքով արդյո՞ք պատրաստ են Վրաստանի ու Հայաստանի իշխանությունները համագործակցել ընդդեմ թուրքական վտանգի.

– Հայաստանը միշտ էլ զբաղվում է տարածաշրջանում թուրքական վտանգի նվազեցման ուղղությամբ, այլ հարց է, թե պաշտոնական Թբիլիսին ցանկություն կունենա հայկական կողմի հետ համագործակցել այս հարցում, ինչքանով ես տեղեկացված եմ, մինչ այս պահը, որևէ մակարդակում Վրաստանը նման պատրաստակամություն մասին ազդակներ չի ուղարկել Հայաստանին: Կարծում եմ՝ վրացական կողմը մոտ ապագայում պատրաստ չէ բացահայտ գործողություններ իրականացնել Հայաստանի հետ ընդդեմ թուրք-ադրբեջանական տանդեմի վրացիները մի կողմից չեն ուզում կորցնել ադրբեջանական նավթադոլարները և թուրքական կապիտալի կողմից աստղաբաշխական թվերի հասնող ֆինանսական ներդրումները, մյուս կողմից լավ հասկանում և պատկերացնում են այդ ամենի անդառնալի ու աղետալի հետևանքները Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վրա,  ինչպես ասում են վրացիների հյուսիսային դրացիները՝ «И хочется, и колется».

Արդյո՞ք չեք կարծում, որ Սամցխե-Ջավախքի հայության հուզող շատ խնդիրներ կարող են ավտոմատ լուծվել այն բանից հետո, երբ Վրաստանի իշխանությունները լիարժեք կգիտակցեն թուրք-ադրբեջանական քաղաքականության վտանգը մեր շրջանում.

– Ջավախքի և Վրաստանի մյուս շրջաններում ապրող հայերի խնդիրներ չեն առաջացել թուրք-ադրբեջանական տանդեմի  արդյունքում, այդ խնդիրներն առաջացել են դեռևս նախորդ դարի 90-ական թվականներից և մինչ այսօր լուծված չեն: Իմ խորհի համոզմամբ՝ նման թեզ առաջ քաշելը ճիշտ չէ և նույնիսկ վտանգավոր, քանզի այդ պարագայում վրացական իշխանությունները Ջավախքում չլուծված ցանկացած խնդիր հանրությանը կմատուցի թուրք-ադրբեջանական սոուսով: Ջավախքում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, դրանց շարքում նաև թուրք-ադրբեջանական տանդեմի  վտանգը: Պակաս վտանգավոր չեն Ջավախքի դպրոցներում հայոց լեզվի և հայ գրականության ժամերի կրճատումները, հայերենին Ջավախքում տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալու հարցը տարիներ շարունակ անտեսելը, ամոթալի «սև ցուցակ» ասվածի առկայությունը, հայկական եկեղեցիների հանդեպ պարբերաբար իրականացվող ոտնձգությունները, սահմանին հայատառ ցանկացած գրականության արգելքը, թվարկածս խնդիրները կարելի է հանգիստ կրկնապատկել, որոնց լուծումներ չտալը ևս պակաս վտանգավոր չեն:

 

«Ջավախք» բարեգործական հիմնադրամի գլխավոր տնօրեն՝ Արմեն Ավետիսյան

Ք. Երեւան