Էդուարդ Աբրահամյան. Երևանի առաջնահերթ խնդիրը պետք է լինի Սամցխե-Ջավախքը դարձնել Վրաստանի համար ընկալելի և ընդունելի գործոն

Էդուարդ Աբրահամյան. Երևանի առաջնահերթ խնդիրը պետք է լինի Սամցխե-Ջավախքը դարձնել Վրաստանի համար ընկալելի և ընդունելի գործոն

Այս նախագիծը իրականացվում է Javakhkmedia.comիAkhaltskha.Netի եւ Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի համատեղ ջանքերով: Նախագծի սահմաններումզրուցելու ենք տարբեր վերլուծաբանների, փորձագետների, քաղաքական ու հասարակականգործիչների հետ Ջավախքում թուրքական գործոնի ակտիվացման շուրջ:

Մեր հյուրն է Էդուարդ Աբրահամյանը, ով պ․գ․թ․, Բրիտանական Լեսթերի համալսարանի Միջազգային հարաբերությունների բաժնի գիտաշխատող է, ինչպես նաեւ IHS Markit (Jane’s Information Group) կորպորացիայի լոնդոնյան գրասենյակի անկախ վերլուծաբան:

Ի՞նչ կոնկրետ փաստեր կարող եք ներկայացնել Ջավախքում, Վրաստանի այլշրջաններում եւ տարածաշրջանում ընդհանրապես թուրքական գործոնի աճիվերաբերյալ:

-Ջավախքում թուրքական ազդեցության հիմնական գործոններն են էներգետիկ տարանցիկ ուղիները և Բաքու-Ախալքալաք-Ղարս երկաթուղին, որն անցնում է Ջավախքով։ Բացի այդ, Անկարան երկար տարիներ որդեգրել էր այսպես ասած Փափուկ Ուժի (Soft Power) մոտեցումը Վրաստանի և հատկապես Աջարիայի ԻՀ նկատմամբ, ինչը որոշակիորեն նկատվում է Աջարիային սահմանակից Ադիգենի շրջանում և Ախալցխայում։ Այդ մոտեցումը ժամանակակից քաղաքականության մեջ լայնորեն ընդունված և կիրառվող հասկացություն է և, բացի մի շարք գործիքներից, ենթադրում է ծրագրված ներդրումների ուղղորդում, ինչպես նաև այդ ներդրումների պաշտպանություն։ Սակայն արդարության համար պետք է նշել, որ Թուրքիան ներկայումս առերեսվում է լրջագույն խնդիրների հետ թե՛ իր տարածքում, թե՛ իր հարավային սահմանների երկայնքով։ Ուստի՝ Վրաստանի և Կովկասի հանդեպ իր ազդեցության ուժեղացումը ռեգիոնալ քաղաքականության համատեքստում թեև կարևոր է Թուրքիայի համար, բայց առաջնահերթ չէ։

Ելնելով այս դիտարկումներից՝ փաստենք, որ մեծ մասամբ հայաբնակ Սամցխե-Ջավախքի քաղաքական գործոն ձևավորվելու պարագայում Թուրքիայի հիմնական ազդեցությունը պայմանավորող ենթակառուցվածքները կարող են ազդեցության լծակ դառնալ հենց Հայաստանի Հանրապետության ձեռքում, ինչի համար պետք է իրականացնել մի շարք քայլեր, նախ և առաջ աշխատելով Վրաստանի հետ։

Ինչպե՞ս կարելի է հակազդել թուրքական ակտիվությանը Վրաստանում ևհատկապես Սամցխե—Ջավախքում.

-Ակտիվ, համակարգված, քաղաքականապես գրագետ քայլերով ու գործունեությամբ։

Ի՞նչ կարող են անել ՀՀ իշխանությունները այս ուղղությամբ, որպեսզիհակազդեն թուրքական ակտիվությանը Սամցխե—Ջավախքում.

-Նախ պետք է լինի հստակ համոզմունք, որ կոմպակտ հայաբնակ Սամցխե-Ջավախքը Հայաստանի Հանրապետության համար, որպես էթնոքաղաքական միավոր և տարածաշրջանային գործոն, ունի կենսական նշանակություն, ուստի ՀՀ քաղաքականությունը տարածաշրջանի նկատմամբ պետք է աչքի ընկնի իր համակարգվածությամբ։ Եվ առաջնահերթ խնդիրը չպետք է ձևակերպվի թուրքական ազդեցությանն հակազդելու տրամաբանությամբ։ Սա կարծում եմ սխալ կոդավորում է։ Ողջ ռազմավարությունը պետք է կառուցվի «հանուն» հասկացության վրա, այլ ոչ «ընդդեմ»։ Հանուն հզոր հայ-վրացական բարեկամության, հանուն հզոր, դեմոկրատական և եվրոպական Վրաստանի, հանուն անվտանգ Վրաստանի և ՀՀ-ի, Սամցխե-Ջավախքի և այլն։

Այստեղ տեղին է հիշեցնել, որ տասնամյակներ շարունակ Սամցխե-Ջավախքը ներկայացվել և ընկալվել է որպես բացառապես պրոբլեմատիկ մի տարածաշրջան։ Այն խնդիր է եղել Վրաստանի համար, ելնելով Թբիլիսիի համար հասկանալի անջատողականության մտավախություններից ելնելով, այն պրոբլեմ է եղել ՀՀ-ի համար, որի իշխանությունները պետական մտածելակերպի բացակայության պատճառով տարածաշրջանն ու հայությանը համարել են որպես բեռ, ի վերջո՝ տեղի հայ ազգաբնակչության համար Ջավախքը եղել է խնդրահարույց այն առումով, որ այն չի տվել իրենց, որպես Վրաստանի լիարժեք քաղաքացի, պետության բարիքներից հավասարապես օգտվելու հնարավորություն: Արդյունքում՝ փաստացի արմատավորվել է կարծիք, որ «ջավախահայությունն այլևս ոչ մեկին պետք չէ»։

Այնինչ՝ իրականությունը կարող է առավել քան այլ լինել։ Նախ պետք է փոխել Թբիլիսիի ու Երևանի վերոնշյալ մոտեցումը, քանի որ Ջավախքը ՀՀ համար մեծ առավելություն է, Վրաստանի համար՝ մեծ հնարավորություն, իսկ տեղի բնակչության համար՝ բարեկեցության և արժանապատիվ կյանքի հիմնական միջոց։

Սամցխե-Ջավախքը երկու երկրների մոտեցման մեջ ոչ միայն պետք է լինի ուղղակի հայ-վրացական բարեկամության վերացական կամուրջ, այլ այն պետք է վերածել նախ և առաջ իրական և երկկողմանի համագործակցության պլատֆորմի։

Երևանի առաջնահերթ խնդիրը պետք է լինի Սամցխե-Ջավախքը դարձնել Վրաստանի համար ընկալելի և ընդունելի գործոն, ինչը հնարավոր է սփյուռքից, մասնավորապես՝ Ռուսաստանից և ԱՄՆ-ից ներդրումներ խթանելու ճանապարհով։

Օգտվելով սփյուռքի ներուժից և Վրաստանի ազատկանացված տնտեսություն ունենալու իրական առավելությունից՝ Սամցխե-Ջավախքը կարող է դառնալ հայ-վրացական միջպետական համագործակցության կարևոր հարթակ, որտեղ երկու պետությունները կամ համապատասխան պետական հաստատությունները կգործեն համատեղ, կազմակերպելով տարբեր հանդիպումներ սփյուռքում, տրամադրելով համապատասխան աջակցություն, հարկային արտոնություններ և այլն։ Վրաստանն ունի բարձր վարկանիշ որպես տնտեսական ներդրումների համար հուսալի երկիր, ուստի սրանից պետք է օգտվել հենց Սամցխե-Ջավախքում «հայկական» ներդրումներ խթանելու համար։

Վերոնշյալ պարագայում, երբ ՀՀ-ն կարող է հարևան բարեկամ երկրում ունենալ ազդեցիկ էթնո-քաղաքական գործոն, Ջավախքը կդառնա ՀՀ-ի համար կարևոր երաշխիք հյուսիսային ճանապարհն ավելի հուսալի դարձնելու առումով։ Մյուս կողմից՝ Վրաստանի համար նմանատիպ ներդրումները տնտեսական, տարածաշրջանային կայունության ու աղքատության կրճատման առումով զգալի ազդեցություն կունենան, և Թբիլիսին ավելի արդյունավետ կերպով կօգտագործի Ջավախքում առկա հսկա պոտենցիալը։ Այսպիսով՝ ՀՀ կողմից Վրաստանի հետ ռազմա-քաղաքական համագործակցության կենտրոններից մեկը կարող է հանդիսանալ հենց Սամցխե-Ջավախքը։

Այս տեսանկյունից առավել իրատեսական կարող է լինել երկու երկրների կողմից միավորյալ մի շարք կառույցների ստեղծումը, որոնք կարող են տեղավորվել թե՛ երկկողմանի հարաբերությունների, թե՛ ՆԱՏՕ-Վրաստան-ՀՀ շրջանակներում։

Ձեր կարծիքով արդյոք պատրա՞ստ են Վրաստանի ու Հայաստանիիշխանությունները համագործակցել ընդդեմ թուրքական վտանգի.

-Երկու կողմերն էլ նախ և առաջ պետք է պարզ և հասկանալի դարձնեն ազգային անվտանգության վերաբերյալ իրենց տեսլականներն ու փորձեն գտնել փոխադարձ շահերի տեսանկյունից համընկնող և չհամընկնող կետերը։ Դրանից հետո կողմերը պետք է համատեղ աշխատեն այդ չհամընկնող անվտանգության ռիսկերի ու սպառնալիքների նվազեցման կամ չեզոքացման ուղղությամբ։ Թուրքական վտանգի այդ համոզմունքը պետ է քննարկվի այս հարթության վրա և ես վստահ եմ, որ վրացական կողմի մոտ կա նմանատիպ սպառնալիքի, այսինքն՝ ռուսական սպառնալիքի զգացողություն, որը կարող է գալ ՀՀ-ի կողմից։ Դա Ռուսական ռազմաբազայի ակտիվության և ՀՀ տարածքում Ռուսաստանի ռազմաքաղաքական ներկայության ամրապնդման բնական հետևանքն է։

Այս խոչընդոտը հաղթարահելու համար կա երկու տարբերակ-առաջարկ, որոնց ստեղծման դեպքում նման անվստահությունը Թբիլիսիի և Երևանի միջև էապես կնվազի, ստեղծելով երկկողմանի հարաբերությունները ստրատեգիական մակարդակի վրա տեղափոխելու լուրջ նախադրյալներ։ Առաջինը՝ ՀՀ և Վրաստանի կողմից համապատասխան ռազաքաղաքական փաստաթղթի ստորագրումն է, որն իր մեջ կպարունակի մեկ կարևոր երկկողմանի պարտավորվածություն։ Այն է՝ պետությունները պարտավորվում են չիրականացնել կամ չաջակցել այնպիսի քայլեր, որոնք բացահայտ կամ թաքնված սպառնալիք կարող են հանդիսանալ մյուս կողմի համար։ Եվ երկրորդ՝ ընդհանուր ռիսկերի ու սպառնալիքների գնահատման և որակավորման հայ-վրացական համատեղ կենտրոնի ստեղծումն է, որը կարող է գործել հենց Ախալցխայում։ Այս կառույցը թույլ կտա հասկանալ երկու երկրների սպառնալիքների ընկալման տարբերություններն ու ընդհանրությունները՝ թույլ տալով մշակել համատեղ մոտեցում որոշ տարածաշրջանային հարցերում։ Սակայն այս կառույցը թույլ կտա իրականացնել վերլուծական համատեղ աշխատանք, որն ուղղված կլինի համատեղ ռազմաքաղաքական վստահության մթնոլորտի ստեղծմանը՝ հնարավորինս մշակելով ազգային անվտանգության սպառնալիքների հարցում տարաձայնությունների անջրպետը նվազեցնելու և համատեղ մոտեցումներ դրսևորելու նպատակին ուղղված ծրագրեր։ Սա հիմնականում պաշտպանության նախարարությունների, այսպես կոչված, ռազմական քաղաքականության գործառույթն ու ոլորտն է, իսկ արդյունքում՝ երկկողմ հարաբերություններն ավելի բարձր մակարդակ տեղափոխելու գործընթացին կհաղորդվի առավել շոշափելի առաջընթաց։

Ի՞նչ քաղաքականություն պետք է մշակեն Ջավախքի Հայկականկազմակերպությունները հակազդելու համար թուրքական ակտիվությանը.

-Իմ կարծիքով բավականին ադեկվատ և գրագետ կլինի Ջավախքյան հայկական կազմակերպությունների կողմից Թուրքիայի ակտիվացման վերաբերյալ մտավախությունները տեղափոխել ավելի ինստիտուցիոնալ հարթություն։ Օրինակ ձևավորել հստակ համատեղ առաջարկ երկու կարևոր ուղղություններում.
Ա. Առաջարկել և աջակցել Հայաստանին և Վրաստանին վերոնշված ռիսկերի և սպառնալիքների գնահատման և որակավորման միացյալ կենտրոնի ստեղծումը, օրինակ, Ախալցխայում։ Դա կարող է համարվել հայ-վրացական հարաբերություններն ավելի առարկայական ու դինամիկ դարձնելուն ուղղված ջավախահայության ներդրումը։ Այսինքն՝ իմաստն այն է, որ, ոչ թե սպասել նախաձեռնություն Թբիլիսիից կամ Երևանից, այլ սկսել իրականացնել հանրային դիվանագիտություն կամ, եթե կուզեք, հանրային քաղաքականություն։

Բ. Երկրորդ հետաքրքիր նախաձեռնությունը, որը կարող է իրականացվել Սամցխե-Ջավախքի հասարակական կազմակերպությունների կողմից, դա ջավախահայերից կազմված զորամիավորման, օրինակ՝ առանձնակի գումարտակի ստեղծումն է Վրաստանի ՊՆ կողմից։ Այն ակտիվորեն կներգրավվի ՆԱՏՕ-ի շրջանակներում տարածաշրջանում ժամանակ առ ժամանակ իրականացվող զորախաղերին և զորավարժություններին։ Իր հերթին այս նախաձեռնությունն ունի երկու կարևոր շարժառիթ. 1. Ջավախահայության, որպես Վրաստանի ազգային փոքրամասնության կամ, առավել արդարացի բնորոշմամբ, որպես տեղաբնիկ էթնոսի, արժանի ու առարկայական ներդրումը պետության սահմանների պաշտպանության, ժողովրդավարության տարածման, տարածքային ամբողջականության պաշտպանության և եվրաինտեգրման կուրսի ապահովման գործում, 2. Ջավախահայության շրջանակներում թուրքական վտանգի (հիմնավորված կամ ոչ) նկատմամբ առկա զգացումները նվազեցնելուն ուղղված նախաձեռնություն։ Այլ կերպ ասած, ջավախքյան զորամիավորման գործոնն զգալիորեն կնվազեցնի ջավախահայ հասարակության մտավախությունները Թուրքիայի կողմից Վրաստանի հանդեպ տարատեսակ ակտիվացումների վերաբերյալ և ավելի առարկայական կդարձնի անվտանգության ու պաշտպանվածության զգացողությունները։

Բացի այդ, ինչպես հայտնի է, մարտի երեքին ՆԱՏՕ-ի Ռազմական Կոմիտեն Վրաստանում լայն կազմով նիստ է անցկացրել, որի ընթացքում բարձր է գնահատել Դաշինքի կողմից Վրաստանին տրամադրվող աջակցությունն ու ՆԱՏՕ-Վրաստան առարկայական փաթեթի էֆեկտիվությունը։ Այս փաթեթն ընդունվել է 2014 թ․ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Նյուպորտում՝ նպատակ ունենալով բանակի պաշտպանունակությունը բարձրացնելու գործում աջակցել Վրաստանին։ Բացի մի շարք մեխանիզմներից, այն ենթադրում էր ՆԱՏՕ-Վրաստան ուսումնական և գնահատման համատեղ (JTEC) կենտրոնի ստեղծումը, որն արդյունավետ գործում է արդեն իսկ մեկ տարի։ Կոմիտեի նիստի ժամանակ մասնավորապես որոշում է կայացվել արդեն իսկ JTEC-ի 15 ծրագրերի թիվը հասցնել 22 ի, որի համար նոր համապատասխան ենքակառուցվածքներ և ռազմաբազաներ են անհրաժեշտ լինելու։
Այս առումով նույնպես ջավախքյան կազմակերպությունները, որպես ակտիվ քաղաքացիների միավորում, կարող են համատեղ ձայն ունենալ և ջավախքյան գումարտակի կամ հայ-վրացական համատեղ ուսումնական կենտրոնի ստեղծումը խթանելու նպատակով Ախալքալաքի նախկին ռուսական ռազմաբազայի մի հատված հատկացնել ՆԱՏՕ-Վրաստան փաթեթի նոր ծրագրերի իրականացման համար։

ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքի վերաբացումն Ախաքալաքում մեծ առավելություններ կտա թե՛ Վրաստանին, թե՛ ՀՀ-ին, իսկ նախևառաջ տեղի բնակչությանը՝ աշխատատեղերի ստեղծման, Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցության նպատակներն ավելի խորը հասկանալու և նշյալ գործընթացում հայկական տարրեր ներդնելու առումով։

Վերոնշված առաջարկների համակարգային իրականացումը խոշոր հնարավորություններ կտա Սամցխե-Ջավախքին որպես գործոն կայանալու և իր ուրույն ներդրումն ունենալու Վրաստանի անվտանգության ամրապնդման, տնտեսության զարգացման և հայ-վրացական հարաբերությունները թափանցիկ ու խորը գործընկերային դարձնելու առումով։

Արդյոք չե՞ք կարծում, որ Սամցխե—Ջավախքի հայության հուզող շատ խնդիրներկարող են ավտոմատ կերպով լուծվել այն բանից հետո երբ Վրաստանիիշխանությունները լիարժեք գիտակցեն թուրք—ադրբեջանականքաղաքականության վտանգը մեր շրջանում.

Կարծում եմ՝ իրենք դա գիտակցում են, սակայն Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության հետևանքով աճող սպառնալիքն ու ՀՀ-ի՝ ՌԴ դաշնակից լինելու հանգամանքը ստեղծում է որոշակիորեն օբյեկտիվ պատճառներ առավել խորացնելու ռազմաքաղաքական հարաբերությունները ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ, որն արդեն իսկ լուրջ խնդիրներ ունի ինչպես այդ դաշինքի ներսում, այնպես էլ դաշինքների հանդեպ իր չեզոքությունը որդեգրած Ադրբեջանի հետ։

Թբիլիսիում գիտեն բոլոր այն վտանգների մասին, որոնք կապված են թուրք-ադրբեջանական ազդեցության մեծացման հետ։ Ուստի իմ վերոնշյալ առաջարկությունների գրագետ ու մտածված առաջարկությունները թե՛ ՀՀ-ի և թե՛ տեղի ջավախքյան կազմակերպությունների կողմից կարող են ներկայացվել որպես ՀՀ ռազմաքաղաքական հարաբերությունները բալանսավորող փաթեթ՝ հիմնված երկկողմանի օգուտների և առավելությունների վրա։ Տեղի ջավախքյան կազմակերպությունների կողմից վերոնշյալ առաջարկներն ու գաղափարները ներկայացնելու քարոզչությունն ու մոտեցումները պետք է առավելապես հիմնված լինեն ջավախահայության, որպես Վրաստանի էթնիկ ազգաբնակչության, երկրի տարածքային ամբողջականության վերականգնման, սահմանների պաշտպանության ուժեղացման, անվտանգության բարձրացման, տնտեսության զարգացման և ժողովրդավարության տարածման գործերում սեփական լուման ներդնելու ցանկությունների վրա։

 

Էդուարդ Աբրահամյան, պ․գ․թ․, Բրիտանական Լեսթերի համալսարանի Միջազգային հարաբերությունների բաժնի գիտաշխատող, IHS Markit (Jane’s Information Group) կորպորացիայի լոնդոնյան գրասենյակի անկախ վերլուծաբան։