Շահնուր Մինասյան. Միակ ճանապարհը հայկական գործոնի ուժեղացումն է ազդեցության բոլոր ոլորտներում

Շահնուր Մինասյան. Միակ ճանապարհը հայկական գործոնի ուժեղացումն է ազդեցության բոլոր ոլորտներում

Այս նախագիծը իրականացվում է Javakhkmedia.com-ի, Akhaltskha.Net-ի եւ Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի համատեղ ջանքերով: Նախագծի սահմաններում զրուցելու ենք տարբեր վերլուծաբանների, փորձագետների, քաղաքական ու հասարակական գործիչների հետ Ջավախքում թուրքական գործոնի ակտիվացման շուրջ:

Մեր հյուրն է Բելգիայի Հայկական կազմակերպությունների համադաշնության ընդհանուր համակարգող Շահնուր Մինասյանը:

 Ի՞նչ կոնկրետ փաստեր կարող եք ներկայացնել Ջավախքում, Վրաստանի այլ շրջաններում եւ տարածաշրջանում ընդհանրապես թուրքական գործոնի աճի վերաբերյալ:

Առաջինը իհարկե Բաքու Ջեյհան նավթամուղն էր , որը շրջանցելով Հայաստանը փաստորեն մեկ գործոն ևս ավելացրեց Վրաստանում կապված թուրք ադրբեջանական ազդեցության հետ: Երկրորդը ըստ իս մեսխեթցի թուրքերի վերադարձը խթանող քաղաքականությունն է դեպի հայերով բնակեցված Ջավախք : Նկատելի է նաև թուրքական տնտեսական ներդրումների աճող աշխուժություն , Վրաստանի տնտեսության տարբեր ոլորտներում, իսկ տնտեսական ներկայությունն ինչպես գիտենք ինքնին արդեն քաղաքական որոշակի լծակ է:

Ինչպե՞ս հակազդել թուրքական ակտիվությանը Վրաստանում ու հատկապես Ջավախքի շրջանում.

Միակ ճանապարհը հայկական գործոնի ուժեղացումն է ազդեցության բոլոր ոլորտներում: Այստեղ ոչ միայն կարեւոր է Ջավախքի հայ ազգաբնակչության բարձր ինքնակազմակերպման անհրաժեշտությունը, այլ նաեւ Հայաստանի ակտիվությունը որպես պետության հայկական գործոնի մեծացման ուղղությամբ:

Ին՞չ կարող են անել ՀՀ իշխանությունները այս ուղղությամբ որպեսզի հակազդեն թուրքական ակտիվությանը Սամցխե-Ջավախք տարածաշրջանում.

Առավել ակտիվացնեն Վրաստանի հետ կապերը տարբեր ոլորտներում, նաեւ օգտագործելով Վրաստանում ապրող հայերի փաստը, որպես հենարան:

Ին՞չ քաղաքականություն պետք է մշակեն Ջավախքի հայկական կազմակերպությունները դիմակայելու համար թուրքական ակտիվությանը.

Կրկնում եմ ինքնակազմակերպման բարձր մակարդակ ապահովվելով միայն հնարավոր կլինի տեղում հակազդել այդ ակտիվությանը, օգտագործելով նաեւ սփյուռքի հայկական կառույցների դերն ու նշանակությունը: Նաեւ առավել ակտիվացնելով կապը մայր հայրենիքում գործող հասարակական կազմակերպությունների եւ պետական ատյանների հետ:

Ձեր կարծիքով արդյոք պատրա՞ստ են Վրաստանի ու Հայաստանի իշխանությունները համագործակցել ընդդեմ թուրքական վտանգի.

Իմ կարծիքով Վրաստանի իշխանությունները այս պահին պատրաստ չեն համագործակցության տվյալ ոլորտում: Չեմ տեսնում համագործակցության այն դաշտը, որտեղ Վրաստանը նման պատրաստակամություն դրսեւորելու ազդակներ ուղարկեր Հայաստանին:

Արդյոք չե՞ք կարծում, որ Սամցխե-Ջավախքի հայության հուզող շատ խնդիրներ կարող են ավտոմատ կերպով լուծվել այն բանից հետո երբ Վրաստանի իշխանությունները լիարժեք գիտակցեն թուրք-ադրբեջանական քաղաքականության վտանգը մեր շրջանում.

Որոշ խնդիրներ միգուցե եւ լուծվեն այդ դեպքում, բայց ոչ բոլոր խնդիրներն են կապված թուրք-ադրբեջանական վտանգի հետ: Ջավախքի հանդեպ Վրաստանի տարվող քաղաքականությունը միշտ չէ, որ դրական է եղել ու այդ առումով չեմ կարծում թե միայն թուրք-ադրբեջանական վտանգը չեզոքացնելով դրանք կլուծվեն:

Կարծում եմ, որ Վրաստանը գնալով ավելի ու ավելի նկատելու է թուրք-ադրբեջանական օրեցօր սեղմվող օղակը:

Շահնուր Մինասյան

Բելգիայի Հայկական կազմակերպությունների համադաշնության ընդհանուր համակարգող