Հարավային Կովկասի երեք երկրները բացարձակապես տարբեր աշխարհքաղաքական ռազմավարություններ ունեն

ԱՄՆ-ն Հարավային Կովկասում ունի կարեւոր, բայց ոչ կենսականորեն կարեւոր շահեր, այդ թվում տարածաշրջանային կայունությունը, սառեցված հակամարտությունների վերսկսման կանխումը, ժողովրդավարական վերափոխումների աջակցությունն ու կառավարման բարելավումը, նաեւ Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի միջազգային ինտեգրումը։ Այս մասին ասվում է «ԱՄՆ քաղաքականությունը Հարավային Կովկասում» ընդարձակ զեկույցում, որը ներկայացրել են Կարնեգի հիմնադրամի վերլուծաբաններ Եվգենի Ռումերը, Ռիչարդ Սոկոլսկին ու Պոլ Ստրոնսկին։

«Վերջին 25 տարում ԱՄՆ մասնակցությունը Հարավային Կովկասին օգնել է կարեւոր դրական փոփոխություններ անել տարածաշրջանում, հատկապես Վրաստանում։ Սակայն որոշ նախաձեռնություններ, որոնց աջակցում է ԱՄՆ-ն, չափից հավակնոտ են եղել, քանի որ թերագնահատել են Հարավային Կովկասի երկրների առաջ կանգնած խնդիրները, ու բավականաչափ ռեսուրսներ չեն ունեցել»,- համարում են հեղինակները։

ԱՄՆ քաղաքականությունը այսուհետ էլ բախվելու է սահմանափակ ռեսուրսների ու բարդ պայմանների խնդրին, դրա համար էլ հեղինակների կարծիքով Վաշինգտոնը պետք է շարունակի օգնել Հարավային Կովկասի երկրներին լուծել իրենց ներքին խնդիրները։ Սակայն ԱՄՆ-ն պետք է պայքարի Հարավային Կովկասում Ռուսաստանի գերակա դիրքի ու Վաշինգտոնի ազդեցությանը դիմակայելու փորձերի դեմ։

Ըստ հեղինակների, ԱՄՆ-ն տարածաշրջանում իր քաղաքականության մեջ պետք է առաջնորդվի մի քանի հիմնական սկզբունքներով։ Առաջինը հակամարտությունների կանխման առաջնայնությունն է։ Երկրորդը, ԱՄՆ արժեքների առաջ մղման համար անհրաժեշտ է գործել զգույշ։

Բացի դրանից ԱՄՆ-ն պետք է համեստ լինի իր ակնկալիքներում։ Վաշինգտոնը չպետք է խոստանա աջակցություն՝ Մոսկվային հավասարակշռելու համար, եթե հետո չի կարող կատարել այդ խոստումը։ Դա հատկապես վերաբերում է Վրաստանին ու ՆԱՏՕ-ին անդամակցելու նրա ձգտմանը։

Զեկույցում նշվում է, որ ուկրաինական ճգնաժամից հետո Հարավային Կովկասի երեք երկրները հայտնվել են աշխարհքաղաքական չեզոք գոտում՝ Ռուսաստանի ու Արեւմուտքի միջեւ։ Հարավային Կովկասի երեք երկրները բացարձակապես տարբեր աշխարհքաղաքական ռազմավարություններ ունեն՝ տարածաշրջանային խոշոր փոփոխությունների ֆոնին։ Վրաստանը ամուր կանգնած է եվրոատլանտյան ինտեգրման ուղու վրա, Հայաստանը վարում է քաղաքականություն, որը միտված է երկու ճամբարներում ՝ Ռուսաստանում ու Արեւմուտքում կապերի պահպանմանը։ Ադրբեջանն էլ իր հերթին ուզում է Ռուսաստանին ու Արեւմուտքին հեռավորության վրա պահել։

Ինչ վերաբերում է սառեցված հակամարտություններին, ապա տարածաշրջանի սառեցված հակամարտություններից յուրաքանչյուրի էսկալացիան կանխելը պետք է մնա Հարավային Կովկասում ԱՄՆ քաղաքականության գլխավոր առաջնահերթությունը։ Ըստ փորձագետների՝ անցած տարի Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ ռազմական գործողությունների կարճատեւ վերսկսումը վերհանեց այն վտանգը, որ այդ հակամարտությունները ներկայացնում են տարածաշրջանային անվտանգության ու ԱՄՆ շահերի համար։ Հենց այդ պատճառով էլ հակամարտությունը կանխելը «պետք է լինի տարածաշրջանում ԱՄՆ դիվանագիտության առաջնահերթությունների ցանկի վերին տողերում»։

«Եթե ռազմական գործողությունները վերսկսվեն, ապա Ռուսաստանն ու Թուրքիան անուղղակիորեն ու հնարավոր է նաեւ ուղղակիորեն կներառվեն դրանց՝ Հայաստանի ու Ադրբեջանի հետ դրանց կապերի պատճառով։ Կախված հակամարտության ընթացքից՝ Իրանը նույնպես կարող է մասնակից դառնալ։ Հակամարտությունը կարող է նաեւ երկրորդ թատերաբեմ դառնալ Սիրիայում, որտեղ Իրանն ու Ռուսաստանը հետապնդում են այլ նպատակներ, իսկ Թուրքիան՝ բոլորովին այլ»,- ասվում է զեկույցում։

Վերլուծաբանները հանգում են այն եզրկացության, որ Վաշինգտոնը պետք է ակտիվ փոխգործակցի Հարավային Կովկասի երեք երկրների հետ՝ աջակցելով դրանց ներքին տրանսֆորմացիան ու ինտեգրումը միջազգային համայնքին։ «Դանդաղ ու կայուն խոստումները առաջվա պես մնում են լավագույն մոտեցումը Հարավային Կովկասի երկրների պահանջները ու տարածաշրջանում ԱՄՆ շահերը բավարարելու համար», համարում են վերլուծաբանները։

Վրաստանի Հայ Համայնք