Մայիսի 9-ը հաղթանակների օր է

Մայիսի 9-ը հաղթանակների օր է: Այս օրը Հայաստանի, հայ ժողովրդի համար եռատոն է: 1945 թվականի մայիսի 9-ն էր, երբ Խորհրդային բանակը մտավ Բեռլին: Ահա հենց այդ օրով նշանավորվեց ֆաշիստական Գերմանիայի դեմ հաղթանակը և Հայրենական մեծ պատերազմի ավարտը: Հայրենական մեծ պատերազմի հաղթանակից տարիներ անց՝ 1992 թվականին հենց նույն օրը՝ մայիսի 9-ին, հայ մարտիկները հաջողությամբ ավարտին հասցրեցին «Հարսանիք լեռներում» օպերացիան: Մայիսի 9-ի վաղ առավոտյան Շուշին ազատագրված էր: Այդ օր նորանկախ Հայաստանի պատմության մեջ դարձավ փառավոր էջերից մեկը:
Մայիսի 9-ը դարձավ եռատոն, որովհետև հենց այդ օրն է համարվում Արցախի հանրապետության պաշտպանության բանակի ստեղծման օր:

Այսօր Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցուն կից գործող կիրակնօրյա դպրոցը եռատոնին նվիրված ցերեկույթ անցկացրեց։ Ցերեկույթին ներկա էին Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվներ Արժանապատիվ Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանը, Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանն, Ախալքալաքի շրջանային վարչության սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի ղեկավար Վալերի Ստելմաշովը, Ախալքալաքի նկարչական դպրոցի տնօրեն Կարլեն Կարապետյանը, Ախալքալաքի թիվ 5 հանրային դպրոցի տնօրեն Էմմա Նահատակյանը, մանկավարժներ և ծնողներ։ Կիրակնօրյա դպրոցի սաները հանգամանալից ներկայացրեցին մայիսյան հաղթանակները, չմոռանալով անդրադարձ կատարել ապրիլյան քառօրյա պատերազմին։ Միջոցառման գաղափարական հիմքն այն էր, որ Հայրենական մեծ պատերազմի, Շուշիի ազատագրման մասնակից և ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսները վարդանանց քաջ զորավարների հետնորդներն են։

Միջոցառման ավարտին խոսքով հանդես եկավ Հոգեշնորհ Հայր Բաբգէնը։ Նա շնորհավորեց բոլորին այս հրաշալի օրվա կապակցությամբ և իր օրհնությունը բերեց կիրակնօրյա դպրոցի մանկավարժական կոլեկտիվին։

Ջավախքի առաջնորդական փոխանորդության մամլո դիվան