Վրաստանի խորհրդարանի խոսնակը և նախագահի աշխատակազմը կրկին վիճել են Սահմանադրության պատճառով

Վրաստանի խորհրդարանի խոսնակը և նախագահի աշխատակազմը կրկին վիճել են Սահմանադրության պատճառով

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն, որը ներկայացնում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, հերթական անգամ մեղադրել է նախագահին, ընդդիմադիր կուսակցություններին և ՀԿ-ների ներկայացուցիչներին իր կողմից ղեկավարած սահմանադրական հանձնաժողովի դեմ «նպատակային արշավ» տանելու համար, գրում է newsgeorgia.ru կայքը:
Երկրի նախագահի համընդհանուր ընտրությունները չեղարկելու վերաբերյալ իշխող կուսակցության նախաձեռնության դեմ հանդես եկող նախագահն իրականացնում է սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկման սեփական հասարակական արշավը և պարբերաբար իր անհամաձայնությունն է հայտնում պետական հանձնաժողովի նախագծի դեմ:
Միևնույն ժամանակ, Կոբախիձեն կարծում է, որ Գեորգի Մարգվելաշվիլին իր արշավի շրջանակում «սխալ է տեղեկացնում բնակչությանը» և չի համապատասխանում նախագահի դերին և գործառույթին:
«Օրերս նախագահի աշխատակազմի ղեկավարը հանդիպում է ունեցել կուսակցությունների ներկայացուցիչների և Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու հարցերի վերաբերյալ փորձագետների հետ, և նրանք պայմանավորվել են գործողությունների համատեղ ծրագրի մասին: Այդ ծրագիրը ներառում է այդ թվում նաև ապակառուցողական բաղադրիչներ: Հուսով եմ՝ այդ ծրագիրը չի աշխատի: Բայց այդ համաձայնությունը բոլորովին անհամատեղելի է Վրաստանի նախագահի գործառույթի և դերի հետ»,- հայտարարել է Կոբախիձեն:
Ընդ որում՝ խորհրդարանի խոսնակը կոչ է արել Վրաստանի նախագահին «համագործակցել խորհրդարանի և սահմանադրական հանձնաժողովի հետ, խաղալ կառուցողական դեր, ինչը, Սահմանադրության համաձայն, իր գլխավոր գործառույթներից մեկն է»:
Խոսնակի այդ հայտարարությունը քննադատության է արժանացել Վրաստանի նախագահի աշխատակազմի կողմից, որտեղ հայտարարել են, որ ընդհանրապես հրաժարվում են մեկնաբանել խորհրդարանի նախագահի մեղադրանքները:
«Արդեն առաջին անգամը չէ, որ խորհրդարանի նախագահի կողմից լսվում են բավականաչափ ծանր մեղադրանքներ Վրաստանի նախագահի և նախագահի աշխատակազմի հասցեին: Շատ ցավալի է, որ խորհրդարանի նախագահը կարծում է, որ սահմանադրական հարցերի քննարկումը բնակչության հետ ապակառուցողական գործողություն է: Ելնելով պետական շահերից և քաղաքական մշակույթի սկզբունքներից՝ այդ հարցերի վերաբերյալ վարչակազմի կողմից մեկնաբանություններ այլևս չեն լինի»,- հայտարարել է նախագահի աշխատակազմի ղեկավար Գեորգի Աբաշիշվիլին:

tert.am