Ապրիլի 24-ը Ախալցխայում

Ապրիլի 24-ը Ախալցխայում

Այսօր՝ ապրիլի 24-ին համայն հայությունը հիշում է Օսմանյան Թուրքիայի կողմից 1915թ․ իրականացրած Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի 102-րդ տարելիցը։

Առավոտյան ժամը 11։00-ին Ախալցխայի հայությունը հավաքվեց քաղաքի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մասնակցելու Հայոց Ցեղեասպանության զոհերի հիշատակին տեղի ունեցող Սուրբ եւ Անմահ Պատարագին։

Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց մարդկանց  թափորը քաղաքի կենտրոնական փողոցներով բարձրացավ Մարտա թաղամասում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքար հուշակոթող։

Քաղաքում պահանջատեր ժողովուրդը ճանաչման կոչերով, պաստառներով եւ պետական դրոշներով մեկ անգամ եւս հիշեցրեց բոլորին, որ ոչինչ չի մոռացվել եւ մեր ժողովուրդը պահանջում է արդարություն եւ հատուցում։

Խաչքար-հուշակոթող հասնելուն պես բազմաթիվ մարդիկ (այդ թվում երիտասարդներ ու պատանիներ) հանդես եկան Ցեղասպանությունը եւ Թուրքիայի ներկայիս քաղաքականությունը դատապարտող ելույթներով։ Երիտասարդները երգեցին հայրենասիրական երգեր: