Վրաստանի ԱԳ նախարարն Հայաստանում է

Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն Երեւան պաշտոնական այցի շրջանակներում այսօր՝ ապրիլի 11-ին, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղկեպսակ դրեց հուշակոթողի մոտ:

Նրան ուղեկցել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Ծիծեռնակաբերդում նրան դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը, ուղեկցել անմար կրակի մոտ:

Վրացի նախարարը չի մտել թանգարան-ինստիտուտ:

Հայաստանի եւ Վրաստանի միջեւ խնդիրներ չկան, կան լուծելի հարցեր: Երեւանում իր վրացի գործընկեր Միխեիլ Ջանելիձեի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում այս մասին հայտարարեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նալբանդյանը հիշեցրեց, որ Միխեիլ Ջանելիձեն մեկ տարի առաջ Հայաստանի ԱԳ նախարարության նոր շենքում առաջին արտասահմանյան հյուրն է եղել:

Նախարարն ընդգծեց, որ Հայաստանի եւ Վրաստանի ԱԳ նախարարությունների միջեւ ծավալված ինտենսիվ երկխոսությունը թույլ է տալիս երկկողմանի հարցերի լայն շրջանակ քննարկել՝ ուղղված հարաբերությունների խորացմանը:

Նախարարի խոսքով՝ վրացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ անդրադարձել են ավելի վաղ նախագահների հանդիպումների ժամանակ ձեռք բերված համաձայնությունների իրականացման հարցերին: Նալբանդյանը նշեց, որ հայ-վրացական հարաբերությունները վերջին տարիներին զարգացել են փոխշահավետ համագործակցության ոգով: Կողմերը պնդել են, որ խնդիրներ չկան, կան հարցեր, որոնք լուծվում են համատեղ ջանքերով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տրանսպորտային, էներգետիկ, տուրիստական ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր, արդեն ավելի քան 8 տասնյակ փաստաթղթեր պարունակող պայմանագրաիրավական ծավալուն դաշտի ընդլայնման հարցը:

Հայաստանի ԱԳ նախարարը վրացի գործընկերոջը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համատեղ ջանքերը:

Հայաստանն ու Վրաստանը քննարկում են տրանսպորտային ոլորտում համատեղ նախագծերի իրացումը։ Այս մասին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում հայտնել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Միխեիլ Ջանելիձեն:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Վրաստանի ԱԳ նախարարը հայ ժողովրդին շնորհավորել է խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առիթով։

Ջանելիձեի խոսքով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ու Վրաստանի երկկողմանի ու բազմակողմանի համագործակցության հարցերը։ Ինչպես ընդգծել է նախարարը՝ Հայաստանին ու Վրաստանին կապում են բազմադարյա բարեկամանկան հարաբերությունները։ Մենք նշում ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 ամյակը։ Այս տարիների ընթացքում համատեղ ջանքերի շնորհիվ հաջողվեց փոխշահավետ համագործակցութան զարգացմանը հասնել», — նշել է նախարարը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության բոլոր հիմնական ուղղությունները, ընդգծվել է քաղաքական երկխոսությունն առավել ինտենսիվ դարձենլու ձգտումը։ «Քննարկել ենք տնտեսական համագործակցության նախադրյալները՝ տրանպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության, մշակույթի, կրթության, արվեստի ոլորտում»։

«Նշվել է, որ Վրաստանն ու Հայաստանը մեծ պոտենցիալ ունեն, որը չի օգտագործվում։ Կարեւոր է այդ պոտենցիալն օգտագործել տրանսպորտի եւ լոգիստիկայի ոլորտում, սեւծովյան նավահանգիստներն օգտագործելու հարցում»,- նշել է Ջանելիձեն։

Նրա խոսքով՝ հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային հակամարտություններին, աշխարհում ու տարածաշրջանում կայունության պահպանման անհրաժեշտությանը։ Կողմերը նաեւ խոսել են Վրաստանի ու Հայաստանի եվրոինտեգրման գործընթացի մասին, հաստատել հարաբերությունների խորացման եւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման պատրաստակամությունը։