Վրաստան. Շաբաթվա իրադարձությունները

Վրաստանի Էներգետիկայի նախարարի հայտարարության համաձայն՝ «բացառված չէ, որ գազի սակագները կբարձրացվեն»։ «Վրաստանն ամբողջությամբ կախված է հարևան երկրներից բնական գազի ներկրման հարցում։ Մենք մեր հարևաններից գազ ենք գնում դոլարով, բայց վաճառում ենք բնակչությանը ազգային արժույթով՝ լարիով։ Դոլարի կուրսը մեր ազգային արժույթի նկատմամբ ծայրահեղ անկայուն է, և մենք չենք բացառում, որ ստիպված կլինենք վերանայել բնական գազի սակագինը։ Այդ հարցով արդեն զբաղվում է հատուկ հանձնաժողովը, և պատասխանը կստանանք մինչ ընթացիկ տարվա ամառը», -հայտարարել է Վրաստանի Էներգետիկայի նախարարը։

Շաբաթվա սկզբին Եվրոպական դատարանը «Ռուսթավի-2» հեռուստաընկերության հարցով Վրաստանի Գերագույն դատարանի կողմից մարտի 3-ին ընդունված որոշումն անժամկետ դադարեցնելու մասին որոշում է ընդունել։ Այդ կերպ Եվրոպական Դատարանը արգելել է Վրաստանի իշխանություններին «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը իր նախկին տիրոջը փոխանցելու Վրացական դատարանի որոշումը։

Քութայիսիում տեղի է ունենում հանրային տրանսպորտի վարորդների գործադուլը։ Ցույցի մասնակիցները պահանջում են քաղաքային իշխանություններից 0․1 լարիով սակագնի բարձրացման որոշում ընդունել։ Իրենց պահանջի անբավարարության դեպքում քաղաքային տրանսպորտի վարորդները սպառնում են բոյկոտել աշխատանքը։ Քութայիսիի քաղաքապետարանը դեռևս չի մեկնաբանում ստեղծված իրավիճակը։

Շաբաթվա ընթացքում տեղի ունեցել նաև Վրաստանի արևմուտքն ու արևելքը իրար կապող մայրուղու շինարարության վրա աշխատանքի տեղավորված բանվորների գործադուլը։ Բողոքող բանվորները բողոքի ցույցն անցկացրել են Սամտրեդիա-Գրիգոլեթի մայրուղու ճանապարհահատվածում։ Ցույցի մասնակիցները պահանջում են աշխատավարձի ժամանակին վճարում, ինչպես նաև աշխատանքային օրվա պայմանների բարելավում։ «Մենք մինչ օրս ամբողջությամբ չենք ստացել հունվարի աշխատավարձը։ Ընդամենը մի քանի աշխատողներ ստացել են փետրվարի աշխատավարձը։ Մենք պահանջում ենք, որպեսզի մեզ տան մեր աշխատավարձերը, ինչպես նաև պահանջում ենք աշխատանքային պայմանագրի ձևակերպում»։ Նշենք, որ շինարարական ընեկրությունը հայտարարում է, որ հունվարի աշխատավարձը բանվորներին տրվել է ամբողջությամբ, իսկ ինչ վերաբերում է մնացած պարտքին, այն կվճարվի մոտակա ժամանակներս։ Բանվորների գործադուլը շարունակվում է։

«Ես կարծում եմ, որ երբ Սահմանադրության տեքստի արմատական վերանայում է տեղի ունենում, այդ գործընթացին պետք է մասնակցեն բոլոր քաղաքացիները, պետք է մասնակցեն բոլոր այն խմբերը, ովքեր օրինական հետաքրքրվածություն ունեն։ Սահմանադրության տեքստն իրենից պետք է ներկայացնի համընդհանուր համաձայնության փաստաթուղթ։ Ցավոք, այսօրվա դրությամբ մենք տեսնում ենք, որ չնայած Սահմանադրության տեքստի շուրջ աշխատում են շատ լավ մասնագետներ, որոնք արդյունքում կմշակեն իդեալական տեքստ, մինչդեռ, նոր Սահմանադրությունը չի լինի իմը, քոնը, ձերը, մեր միասնական փաստաթուղթը համատեղ կյանքի համար», -մեկնաբանելով Սահմանադրական Հանձնաժողովի աշխատանքի գործընթացը՝ հայտարարել է Վրաստանի նախագահը։

ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում Վրաստանում ավարտվել է ՆԱՏՕ-ի համագործակիցների և անդամ-երկրների զինծառայողների «հիմնական ձմեռային նախապատրաստման» ձմեռային կուրսը։ «Ծրագրին մասնակցում էին զինծառայողներ Հայաստանից, Լիտվիայից, Հունգարիայից, Ուկրաինայից, Ադրբեջանից, Բելոռուսիայից։ Թրեյնինգները և մնացած նախապատրաստումն անցկացնում էին վրացի ռազմական վարպետները։ Կուրսի նախպատրաստման ընթացքում, որը տևում էր երեք շաբաթ և տեղի էին ունենում Սաչխերե ռազմական բազայում, տարբեր երկրների զինծառայողները յուրացրին ռազմական գործողությունների հմտությունները ձմեռային պայմաններում», -ասված է Վրաստանի Պաշտպանության նախարարության հայտարարությունում։

«Առաջնահերթություններից մեկը մեզ համար տեղական ռազմական արդյունաբերության զարգացումն է, որը երկրի մարտական պատրաստվածության կարևոր բաղադրիչն է: Մենք նախատեսում ենք ավելի մեծ ուշադրություն դարձնել տեղական արտադրության ռազմական տեխնիկայի հարցին: Կարևոր է, որ մենք կարողանանք ոչ միայն վերանորոգել այլ երկրներում արտադրված ռազմական տեխնիկան, այլ նաև զարգացնել սեփական ռազմական ինդուստրիան: Կարևոր է արտադրել ինչքան կարելի է շատ տեղական ռազմական արտադրանք», -հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարը:

«Վրաստանը. բաց հիմնադրամ»-ի անցկացրած հետազոտության համաձայն՝ 2013թ-ի դրությամբ վրացական եկեղեցու Պատրիարքարանի սեփականության տակ է գտնվում 27 բիզնես-ընկերություններ, որոնք զբաղվում են տարբեր տեսակի ձեռնարկատիրական գործունեությամբ: «Պատրիարքարանի տիրապետության տակ են գտնվում 90-ից ավել կրթական և այլ սոցիալական հաստատություններ: 2002 թվականից մինչ օրս Վրաստանի կառավարությունը երկրի պետբյուջեից 200 000 000 լարին գերազանցող գումար է հատկացրել վրացական եկեղեցու Պատրիարքարանին: Բացի այդ, 2013 թվականից պատրիարքարանը ամեն տարի պաշտոնական ֆիանսավորում է ստանում 25 000 000 լարիի չափով: Պետական ռեեստրի տվյալների համաձայն՝ Պատրիարքարանի սեփականությունն է կազմում ձեռնակատիրական գործունեությամբ զբաղվող 27 ընկերություն: Պատրիարքարանը 84 ոչ կառավարական կազմակերկության, 4 համալսարանի, 5 հոգևոր ճեմարանի, 24 դպրոցի, 8 սոցիալական հաստատության, 18 բարեգործական հիմնադրամի, 16 մշակութակրթական կենտրոնի հիմնադիր է: Պատրիարքարանի հիմնադրած ոչ կառավարական կազմակերպությունների մեծամասնությունը ներքին կանոնադրության համաձայն իրավունք ունեն զբաղվելու նաև ձեռնարկատիրական գործունեությամբ», -ասվում է ուսումնասիրությունների հրապարակված տեքստում։

Ըստ «ՍաքՍտատ»-ի հրապարակած նախնական տվյալների՝ 2016թ․ին Վրաստանում արտասահմանյան անմիջական ներդրումների ծավալը կազմել է 1 645 000 000 դոլար, ինչը 5 %-ով գերազանցում է 2015թ․ արտասահմանյան անմիջական ներդրումների ծավալը: Արտասահմանյան անմիջական ներդրումների մեծ մասն արվել է տրանսպորտի և կապի բնագավառում -654 000 000դոլար (ընդհանուր ներդրումների ծավալի 39%-ը): Երկրորդ տեղում է էներգետիկայի բնագավառը, որտեղ ներդրվել է 203 000 000 դոլար: Երրորդ տեղում է շինարարությունը (163 000 000 դոլար): 2016թ․ չորրորդ եռամսյակում Վրաստանում արտասահմանյան անմիջական ներդրումներ են արվել 330 000 000 դոլարի չափով, ինչը 1%-ով գերազանցում է 2015թ չորրորդ եռամսյակը: 2016թ չորրորդ եռամսյակի խոշորագույն արտասահմանյան ներդրողը Ադրբեջանն է (44% ընդհանուր ներդրումների ծավալից նշված ժամանակահատվածում), Թուրքիա -23%, Մեծ Բրիտանիա -12%:

Վրաստանի Հայ Համայնք