Ֆրանսիան շարունակելու է պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման համար. Օլանդ

Ֆրանսիան շարունակելու է պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Այս մասին, մարտի 8-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո լրագրողների առջեւ իր ելույթում նշել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Նա, մասնավորապես, ասել է.

«Ինձ համար հաճույք է հյուրընկալել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին:

Նա բազմիցս արդեն այցելել է այստեղ՝ Ելիսեյան պալատ։ Բայց այսօրվա այցը կրում է առանձնահատուկ խորհրդանշական բնույթ, քանի որ լրանում է Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Բացի այդ այսօր Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրն է, եւ ես գիտեմ, որ այն Հայաստանում տոնական օր է: Դա ցույց է տալիս այն կարեւորությունը, որ Հայաստանը տալիս է կանանց իրավունքների պաշտպանությանը:

Այս այցը առիթ է հիշեցնելու Հայաստանի եւ Ֆրանսիայի երկկողմ հարաբերությունների ուժը եւ փոխադարձ բարեկամությունը։

Բարեկամություն, որը մի կողմից ամրապնդված է այստեղ՝ Ֆրանսիայում հայկական ծագումով մեր հայրենակիցների ներկայությամբ: Բայց միեւնույն ժամանակ փոխադարձ, որովհետեւ մենք արդեն երկար ժամանակ է, ինչ ճանաչել ենք Հայոց ցեղասպանությունը, եւ դա մեր կողմից հաստատումն էր առ այն, որ միջազգային հանրությունը երբեք չի կարող ընդունել մի ժողովրդի ոչնչացումը, որը մի պետության կամ մեկ այլ ժողովրդի վրեժխնդրության թիրախ է դարձել։

Հայոց ցեղասպանության այդ ճանաչումը մենք դիտարկել ենք որպես խաղաղության հաստատման միջոց. խաղաղություն հիշողության հետ, ինչպես նաեւ խաղաղություն երկրների միջեւ։ Մենք մշտապես ցանկացել ենք Հայոց ցեղասպանության ճանաչումը ընդգրկել ավելի գլոբալ գործընթացի մեջ, որով մենք ուշադրություն ենք դարձնում բոլոր հանցագործություններին, որ, ցավոք, հնարավոր է իրականացվեն՝ մարդկության դեմ եւ ռազմական հանցագործություններին։ Ահա թե ինչու մենք ցանկացանք ունենալ նաեւ օրինագիծ, որը կընդունվեր եւ կկարողանար պատժել նրանց, ովքեր ժխտում են ցեղասպանության կամ մարդկության դեմ հանցագործության գոյությունը:

Մեր բարեկամությունը նաեւ ունի փոխադարձ բնույթ, քանզի կան հարաբերություններ, որոնք Հայաստանի անկախությամբ կարեւոր զարգացում ապրեցին, մասնավորապես՝ տնտեսական ոլորտում․ բազմաթիվ ֆրանսիական ձեռնարկություններ ներդրումներ են կատարել Հայաստանում այնպիսի տարբեր ոլորտներում, ինչպիսիք են սննդի արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, հեռահաղորդակցությունը, ծառայությունների ոլորտը եւ այլն: Բայց մենք կարծում ենք, որ մենք կարող ենք անել ավելին եւ այդ նպատակով է, որ Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՄԵԴԵՖ-ի հետ, եւ նաեւ այս երեկո՝ պետական ճաշի ժամանակ, կհաստատվեն նոր շփումներ՝ հետագա ներդրումներ խրախուսելու նպատակով։ Եվ դա այն պայմաններում, երբ Հայաստանը կարեւոր հարաբերություններ ունի իր հարեւանների՝ Ռուսաստանի եւ Իրանի հետ: Հատկապես, Ռուսաստանի հետ, քանի որ Հայաստանն Եվրասիական տնտեսական միության անդամ է, ուստիեւ կարող է ունենալ սերտ առեւտրային հարաբերություններ այդ միության անդամ հանդիսացող պետությունների հետ: Նույն կերպ, ինչպես Հայաստանը կապված է Եվրոպայի հետ եւ այսօր բանակցում է շրջանակային համաձայնագրի շուրջ:

Մենք նաեւ անդրադարձել ենք համալսարանական եւ մշակութային կապերին, կարեւոր համաձայնագրեր են ստորագրվել։ Դուք գիտեք, որ Հայաստանում գործում է Ֆրանսիական համալսարան, որը համաձայնագրեր ունի ֆրանսիական գիտական եւ համալսարանական հեղինակավոր հաստատությունների հետ, իսկ այսօր էլ ավելացվել է նորը։ Այդ համաձայնագրերը կարող են Հայաստանի տրամադրության տակ դնել մեր տաղանդը, ինչպես եւ մենք ենք ցանկանում ընդունել ավելի ու ավելի հայ ուսանողներ։ Առկա է նաեւ լինգվիստիկ կապ․ Հայաստանը Ֆրանկոֆոնիայի Միջազգային Կազմակերպության անդամ է եւ պատրաստվում է 2018 թվականին հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը: Ես կարծում եմ, որ սա շատ կարեւոր պատասխանատվություն է, որն այս շրջանում Հայաստանը հանձն է առել:

Մենք նաեւ անդրադարձել ենք քաղաքական հարաբերություններին, հատկապես Ֆրանսիայի հնարավորինս օգտակար լինելու առումով:

Հիշատակել ենք, որ Ֆրանսիան ներգրավված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Ֆրանսիան ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հետ միասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է, եւ մենք ցանկանում ենք աշխատել հանգուցալուծում գտնելու ուղղությամբ: Նախ, որպեսզի զերծ մնանք վերջին շաբաթներին եւ ամիսներին արձանագրված միջադեպերի կրկնությունից, որպեսզի ունենանք միջադեպերի հետաքննության մեխանիզմներ, որոնց առկայությամբ կարող ենք կանխարգելել նման միջադեպերը եւ պատժել այն գործողությունները, որոնք սպառնում են խաղաղությանը:

Եվ, այնուհետեւ, մենք ցանկանում ենք գտնել քաղաքական լուծում, եւ Ֆրանսիան եւս մեկ անգամ վերահաստատել է իր հանձնառությունն Ադրբեջանի եւ Հայաստանի, ինչպես նաեւ, իհարկե, Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ անհրաժեշտ տեւական լուծում գտնելու հարցում:

Ցանկանում եմ նշել, որ Նախագահ Սարգսյանի այցն առանձնահատուկ սպասված է, նա լավագույնս հյուրընկալվելու է ոչ միայն Փարիզում, այլ նաեւ Լիոնում, որտեղ առկա են բազմաթիվ կապեր այդ ռեգիոնի եւ Հայաստանի միջեւ։ Պետք է ընդգծել, որ շատ սերտ ապակենտրոնացված համագործակցություն է իրականացվում Ֆրանսիայի բոլոր շրջանների կողմից՝ վերջիններիս հայկական գործընկերների հետ:

Ցանկանում եմ ավարտել խոսքս՝ անդրադառնալով մի իրադարձությանը, որն ինձ համար շատ կարեւոր էր ու հուզիչ․ Հայոց ցեղասպանության՝ այդ ահավոր ողբերգության 100-րդ տարելիցի միջոցառումները, որի ժամանակ ես Երեւանում էի եւ իմ ներկայությամբ հաստատեցի, որ Ֆրանսիան շարունակելու է պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման համար»:

Աղբյուր՝ news.am