Վրաստանը՝ «ռեֆորմատոր երկիր համար մե՞կ», թե՞ «էլիտար կոռուպցիայի բույն»

Հազիվ թե այդպիսի թեմա գտնվի, որի վերաբերյալ այդքան տարատեսակ իրարամերժ կարծիքներ լինեն, ինչպես Վրաստանում կոռուպցիայի մակարդակի մասին հարցն է: Մի կողմից, արտասահմանյան լրագրողների հոդվածներում և միջազգային կազմակերպությունների հաշվետվություններում Վրաստանը հիշատակվում է որպես երկիր, որտեղ հաջող կերպով բարեփոխումներ են իրականացվում և պայքարում են կոռուպցիայի դեմ: Մյուս կողմից, ինչպես նախորդ, այնպես էլ ներկայիս իշխանությունների ժամանակ հաճախ են խոսակցություններ լսվում գողացված միլիոնների, հովանավորչության, ինչ-որ բիզնեսում մասնաբաժին ունեցող քաղաքական գործիչների մասին:

Ո՞վ է սխալվում: Վրացական բարեփոխումներով հիացած միջազգային կազմակերպություննե՞րը, վրացի լրագրողնե՞րը կամ ոչ կառավարական կազմամկերպությունների ներկայացուցիչնե՞րը, որոնք հաճախ են խոսում կոռուպցիայի հնարավոր դեպքերի մասին:

Այդ կարծես թե պարադոքսալ դրությունն իրականում զարմանալի չէ, և Վրաստանն այդ առումով որևէ բացառություն չէ: Իրավիճակը երկու հարցերի անորոշությանն է բախվում. ա) ինչ է կոռուպցիան, բ) ինչպես այն չափել:

Կոռուպցիայի մակարդակը որոշելու փորձից առաջ պետք է առաջին հերթին պայմանավորվել, թե ինչ ենք մենք չափում: Կոռուպցիայի մակարդակի մասին տարբեր կարծիքներն այս կամ այն երկրում հաճախ կազմվում են այն բանից, որ տարբեր մարդիկ կոռուպցիայի մասին խոսելիս տարբեր երևույթներ են ենթադրում:

Ի՞նչ է կոռուպցիան

Կոռուպցիայի ունիվերսալ և համընդհանուր սահմանում չկա, չնայած որ ամենատարածված սահմանումն այսպես կարելի է ձևակերպել. կոռուպցիան իրավասությունների օգտագործումն է ոչ թե օրենքով սահմանված հանրային նպատակների, այլ որոշակի անձի կամ մի խումբ անձանց շահի համար: Սակայն եթե անգամ համաձայնության գանք կոռուպցիայի սահմանման վերաբերյալ, դրա չափումը ծայրահեղ բարդ խնդիր է: Ինչպե՞ս պարզել, թե որքան տարածված է երկրում այն գործունեությունը, որն օրենքով պատժելի է, այդ պատճառով էլ գաղտնի է իրագործվում:

Դիտարկել քրեական գործերի վիճակագրությո՞ւնը: Հնարավոր է, սակայն այստեղ մեկնաբանման խնդրին կառնչվենք. եթե, օրինակ, Վրաստանում իքս տարիների ընթացքում կոռուպցիայի մեղադրանք է առաջադրվել ավելի շատ անձանց, քան Հայաստանում, արդյո՞ք կարելի է պնդել, որ կոռուպցիան Վրաստանում ավելի շատ է տարածված, քան Հայաստանում: Իսկ միգուցե դա բացատրվում է նրանով, որ վրացական դատախազությունն ավելի լավ է աշխատում, քան հայկակա՞նը:

Այնպես որ, քրեական գործերի քանակը չի կարող կոռուպցիայի համար վստահելի չափանիշ լինել:

Կոռուպցիոն փորձ

Կոռուպցիայի մակարդակը պարզելու ևս մեկ տարածված տարբերակ է քաղաքացիների կարծիքը: Այդպիսի մոտեցումը կոչվում է Կոռուպցիոն փորձի հետազոտություն և ամենատարածվածներից մեկը «Միջազգային թափանցիկության» հետազոտությունն է՝ կոռուպցիայի գլոբալ բարոմետրը:

2016թ-ի բարոմետրի համաձայն՝ հարցվածների 4 տոկոսը խոստովանել է, որ պետական ծառայություններն օգտագործելու փոխարեն նախընտրել է կաշառք տալ: Այդ ցուցանիշն աշխարհում ամենացածրներից մեկն է: Համեմատության համար նշենք, որ Ադրբեջանում այն կազմել է 15%, Հայաստանում՝ 19%, Ուկրաինայում՝ 23%, Ռուսաստանում՝ 27%:

Սակայն եթե քաղաքացիների մեծ մասը կաշառք չի տվել, դա նշանակում է, որ Վրաստանում կոռուպցիան նվազագույն մակարդակի վրա է, և դա լուրջ խնդիր չէ:

Ոչ, չի նշանակում: Ճիշտ է, Վրաստանի քաղաքացիները հազվադեպ են ստիպված լինում կաշառք տալ պետական ծառայությունից օգտվելու փոխարեն (ինչն, ինքնին ենթադրվում է, որ հիանալի է և վկայում է այդ ոլորտում հաջող բարեփոխման մասին), սակայն կաշառք տալիս են ոչ միայն պետծառայության ոլորտում:

Կոռուպցիայի ընկալում

Մի քանի հնարավոր իրավիճակ դիտարկենք.

Պետծառայողն այնպես է կազմում տենդերի պայմանները, որ այն հաղթում է նախապես ընտրված ընկերությունը:

Պաշտոնյան օգնում է մասնավոր ընկերությանը անտառօգտագործման հավատարմագիր ձեռք բերել և այդ ընկերությունում հետո բարձր վարձատրվող պաշտոն է զբաղեցնում:

Կառավարությունն առանց տենդերի բազմամիլիոնանոց պայմանագիր է կնքում մասնավոր ընկերության հետ, իսկ որոշ ժամանակ անց այդ ընկերությունը խոշոր նվիրատվություն է անում իշխող կուսակցության ընտրական ֆոնդի օգտին:

Վրաստանի քաղաքացիների մեծ մասը հավանաբար կհամաձայնի, որ նշված դեպքերը (որոնք բնավ հիպոթետիկ չեն, այլ վերցված են Վրաստանում անցկացրած իրական հետազոտություններից) կոռուպցիայի օրինակներ են: Բայց քանի որ քաղաքացիների մեծ մասը չի մասնակցում պետության կողմից անցկացվող մասնավորեցմանը կամ քաղաքական կուսակցությունների ֆինանսավորմանն, այդ փաստերը նրանց անձնական հետազոտման փորձում չեն արտացոլվի: Սակայն միաժամանակ Վրաստանի քաղաքացիները, որոնց մեծ մասը վերջին ժամանակներս կաշառք չի տվել, այնուամենայնիվ համարում է, որ երկրում կոռուպցիա գոյություն ունի: Նրանց մոտ այդպիսի ընկալում կա:

2016թ-ի գարնանն անցկացրած հարցման համաձայն՝ հարցվածների 40%-ը կարծում է, որ Վրաստանում տարածված է «պաշտոնեական դիրքի չարաշահումները պաշտոնյայի կողմից սեփական բիզնեսի զարգացման համար» (հարցվածների միայն 11%-ն է կարծում, որ այդ երևույթը տարաված չէ):

Այսպիսով, Վրաստանի բնակչության փոքր մասն է անձամբ բախվել կոռուպցիայի («կոռուպցիոն փորձ»), սակայն, չնայած դրան, բնակչության շատ ավելի մեծ մասն է կարծում, որ կոռուպցիան երկրում տարածված է: Այդպիսի անուղղակի ինդիկատորը կարող ենք «կոռուպցիայի ընկալում» համարել:

Առավել հայտնի միջազգային հետազոտություն է կոռուպցիայի ընկալման «Միջազգային թափանցիկություն» ընկալման ցուցիչը: Վերջին ցուցիչում Վրաստանը 44-րդ տեղն է զբաղեցրել 176 երկրների շարքում՝ 100 հնարավորից հավաքելով 57 միավոր:

Ինչի՞ մասին է վկայում այդ արդյունքը: Մի կողմից, Վրաստանն առաջ է անցել Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բոլոր երկրներից, և շրջանցել է Խորհրդային Միության նախկին հանրապետությունները (բացառությամբ Մերձբալթյան երկրների): Դա խոսում է այն մասին, որ 2004թ-ից Վրաստանում անցկացվող ռեֆորմներն իրոք հիանալի արդյունք են տվել կոռուպցիայի կրճատման ուղղությամբ: Չնայած որ միաժամանակ 57 միավոր արդյունքով Վրաստանը զգալիորեն ետ է ընկել առաջատարներից, իսկ դա նշանակում է, որ երկրում նախկինի պես կոռուպցիայի հետ կապված զգալի խնդիրներ կան:

Ինչպե՞ս Դանիա դառնալ: Այսպիսով, Վրաստանի բնակչության մեծ մասը կարծում է, որ ա) երկիրը զգալի հաջողությունների է հասել կոռուպցիայի դեմ պայքարում և գրեթե ամբողջությամբ արմատախիլ է արել կաշառակերությունը պետական ծառայությունների ոլորտում, ինչպես նաև բ) միաժամանակ մարտահրավեր է կոռուպցիայի այլ տեսակների հաղթահարումը:

Ի՞նչ պետք է անել կոռուպցիայի այլ տեսակների դեմ պայքարում հաջողությունների հասնելու համար: Ինչպե՞ս հասնել Դանիային (ինչպես նաև Նոր Զելանդիային), որն այս ցուցիչում առաջին տեղն է զբաղեցնում՝ 100 հնարավորից 90 միավորով: Այսպիսի համակարգային հարցին ցանկացած լակոնիկ պատասխան, պարզ է, որ մակերեսային կթվա, չնայած որ կարող ենք առանձնացնել այն գծերը, որոնք բնորոշ են կոռուպցիայի դեմ պայքարում առաջատար երկրներին. անկախ դատական համակարգ, ուժեղ վերահսկողություն գործադիր իշխանության հանդեպ, ազատ լրատվամիջոցներ և ակտիվ քաղաքացիական հասարակություն: Այլ կերպ ասած, կոռուպցիայի մակարդակը, որպես կանոն, ամենացածրն է կոնսոլիդացված ժողովրդավարությամբ զարգացած երկրներում:

Կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու լավագույն միջոցը կառավարման համակարգում թափանցիկության և հաշվետու լինելու սկզբունքների ներդրումն է:

Պաշտոնյան ձեռնպահ կմնա իր իրավասություններն անձնական նպատակով օգտագործել, եթե իմանա, որ համաքաղաքացիները հեշտությամբ տեղեկատվություն կստանան նրա գործունեության մասին (թափանցիկություն) և դրան կհետևի անխուսափելի պատիժ (հաշվետու լինելը):

Ոչ ժողովրդական համակարգում թափանցիկության և հաշվետու լինելու մեխանիզմներն (օրինակ, անկախ դատարանն ու ազատ լրատվամիջոցները) գործնականում գոյություն չունեն, այդ պատճառով էլ նման պետություններում կոռուպցիայի բացակայության նախադեպեր չկան:

Այդ պատճառով էլ ցանկության դեպքում երկրում կոռուպցիայի կամ կոռուպցիոն ռիսկերի մակարդակը որոշելու համար անպայման հարկ է ուշադրություն դարձնել, թե ինչ վիճակում են այն ինստիտուտները, որոնք մասնակցում են կոռուպցիոայի կանխարգելման կամ դրա բացահայտման գործում: Որքանո՞վ են ազատ լրատվամիջոցները: Որքանո՞վ է ազատ դատարանը: Որքանո՞վ է դատախազությունը պաշտպանված քաղաքական ճնշումից:

Այս հարցերի պատասխանները բավականին հստակ ցույց են տալիս, թե որքան մեծ է երկրում կոռուպցիայի վտանգը:

Էրեկլե Ուրուշաձե

Աղբյուր՝ armenian-community.ge