Վրաստանի վարչապետ. Մենք կարողացել ենք ամրապնդել երկու ժողովուրդների միջեւ բարեկամական հարաբերությունները

Մենք կկարողանանք ձեւավորված հարաբերություններով նշանակալի ներդրում ունենալ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ բարիդրացիական կապերի հետագա զարգացման ուղղությամբ: Այդ մասին Կարեն Կարապետյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:

«Մենք պատրաստակամություն ենք հայտնել շարունակել կանոնավոր հանդիպումները բարձր մակարդակով եւ նպաստել սերտ համագործակցությունը երկու երկրների տարբեր ոլորտներ ներկայացնող գերատեսչությունների հետ: Վրաստանի համար Հայաստանը հանդիսանում է մի պետություն, որի հետ մեզ կապում են բարիդրացիական դարավոր ավանդույթները, իսկ 2017 թվականը կարեւորվում է նրանով, որ այս տարի նշվում է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարին: Այս ընթացքում մենք կարողացել ենք ամրապնդել երկու ժողովուրդների միջեւ բարեկամական հարաբերությունները եւ կառուցել փոխշահավետ համագործակցություն: Ընթացիկ տարվա ապրիլին Հայաստանում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ եւ մենք համոզված ենք, որ դրանք կանցնեն բարձր մակարդակով՝ միջազգային չափորոշիչներին եւ ժողովրդավարական արժեքներին համապատասխան»,- նշել է Կվիրիկաշվիլին:

Նա հայտնել է, թե հանդիպմանը քննարկել են երկու երկրների միջեւ համագործակցության հիմնական ուղղությունները՝ ինչպես առեւտրատնտեսական ոլորտում առկա վիճակը, այնպես էլ համագործակցության հետագա զարգացման հեռանկարները: «Քննարկել ենք տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության, մշակույթի եւ այլ ոլորտներին վերաբերող կարեւորագույն հարցեր: Հանդիպմանն առանձնահատուկ անդրադարձել ենք տարածաշրջանում առկա մարտահրավերներին եւ ընդգծել, որ խաղաղության ու կայունության պահպանումն առանձնահատուկ նշանակություն ունեն մեր երկրների զարգացման գործում:

ՀՀ վարչապետն ուներ շատ հետաքրքիր առաջարկներ՝ մեր երկրների միջեւ տարբեր բնագավառներում համատեղ շուկայի ներուժի իրացման ուղղությամբ: Մենք այս հարցում ակտիվորեն աշխատելու պատրաստակամություն հայտնեցինք եւ  խրախուսելու ենք մասնավոր հատվածին, որպեսզի ամբողջությամբ օգտագործեն տարածաշրջանային կոոպերացիայի ներուժը:

Ցանկանում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել իմ գործընկերոջը Վրաստան այցելելու համար: Կարծում եմ, որ այս պաշտոնական այցը կլինի նոր խթան երկկողմ հարաբերությունների խորացման ուղղությամբ»,- արձանագրել է Կվիրիկաշվիլին: