Նոր սենսացիոն փաստեր՝ Խոջալուի մասին. տեսանյութ

Այս տարի լրանում է Խոջալուի դեպքերի 25-րդ տարելիցը: Ադրբեջանը  օգտագործելով կեղծ նյութեր ամբողջ ուժգնությամբ մշտապես գործի է դրել իր քարոզչամեքենան՝ 1992 թ. փետրվարի 26-28-ը տեղի ունեցած իրադարձությունները՝ Խոջալուի դեպքերի իրական պատկերը ներկայացնելով ծուռ հայելու մեջ:  Երեկ համացանցում հայտնվել է սենսացիոն տեսանյութ, որը նոր լույս է սփռում  Խոջալուի իրադարձությունների վրա եւ հերթական անգամ մերկացնում Ադրբեջանական անամոթ կեղծիքները, որոնք ադրբեջանական քարոզչությունը տարփողում է տարիներ շարունակ՝ 1992 թվականին փետրվարի վերջերին տեղի ունեցած իրադարձությունների մասին խոսելիս՝ դրանք դարձնելով իր համար կոմերցիոն բրենդ: Պատահական չէ, որ ադրբեջանցի շատ համացանցային օգտատերեր շեշտում են, թե հայերը վաղույց են որսացել այդ տեսանյութը:

Համացանցում հայտնված տեսնյութում նշվում է, որ Ադրբեջանի Գերագույն խորհրդի հանձնաժողովն ավարտել է Խոջալուի իրադարձությունների մասին քննությունը, սակայն այդպես էլ ոչինչ չի պարզաբանել, գործել է կուրորեն։ Խոջալուի բոլոր ականատեսները տարբեր պատճառներով զրկվել են կյանքից, սակայն ռազմական լրագրող Չինգիզ Մուստաֆաեւի (Ֆուադօղլու) մեղարդանքները չեն անհետացել եւ անընդհատ կհնչեն՝ նշում է տեսաֆիլմի հեղինակը։

Տեսաֆիլմի ադրբեջանցի հեղինակն ասում է, որ Խոջալուի ողբերգությունն այնքան մութ էջեր ունի, որ դժվար էլ երբեւէ բացահայտվի: Առավել եւս, որ այդ ողբերգության բոլոր վկաները չկան՝ վերացվել են, բացի Չինգիզ Մուսթաֆաեւից: «Ինչպես գիտենք՝ նա այդ ողբերգության համար մեղադրել, մեղադրում եւ մեղադրելու է ոմանց»,-ասում է տեսանյութի ադրբեջանցի մեկնաբանը:

Չինգիզ Մուսթաֆաեւ — «Իմ նպատակը մեկն է՝ ես իմ ամբողջ ուժերը հավաքելու եմ, որ այս հաղորդումը ժողովրդին հասնի, ես իրականությունը պիտի ասեմ Խոջալուի մասին»,-տեսագրությունում շեշտում է ադրբեջանցի լրագրող Չինգիզ Մուսթաֆաեւը: Տեսանյութի հեղինակը հավելում է, որ եթե դա ասվի, ապա ադրբեջանցիները մինչեւ խորքը կվառվեն ճշմարտության ցավից:

Չինգիզ Մուստաֆաեւը տեսանյութում պատմում է, որ հաղորդումը եթեր դուրս կգա, տեղեկությունը կհասցվի ժողովրդին՝ հակառակ նրան, որ ոմանք ասում են, թե այդ տեղեկատվությունն ուղղված է Գերագույն խորհրդի դեմ, մյուսները, որ այն ադրբեջանցի զինվորականներին ի վնաս կլինի։

Տեսանյութում հաղորդավարը շարունակում է, թե «Տեմերլան Կարաեւը (Ադրբեջանի ազգային ճակատի ղեկավարներից մեկը, այն ժամանակ Գերագույն խորհրդի փոխնախագահ) հայտարարել է, որ իր լեզուն կչորանա, եթե պատմի, թե ինչ գիտի Խոջալուի մասին։ Սակայն, ի տարբերություն Թամերլան Կարաեւի, Չինգիզ Մուստաֆաեւի եւ նրա հետեւորդների լեզուն չի չորանա։ Ինչպես գիտեք, Չինգիզը ողբերգությունը նկարահանել է երկու անգամ…»։

Չինգիզ Մուսթաֆաեւը հիշատակում է իր կողմից կատարած նկարահանումները եւ տարածքում նկատած անցուդարձերը: Նա տեսել է, որ զինված մարդիկ դիակների միջով ազատ տեղաշարժվում են, քաշ տալիս դիակները, իսկ երբ տեսել են, որ իրենց նկարահանում է՝ փախչել են: Այդ հանգամանքն էլ հենց կասկած է առաջացրել ադրբեջանցի ռազմական լրագրողի մոտ:  Լրագրողը բացառում է, որ այդ տարածքում կարող էր լինել կրակ հայկական կողմից: Երկրորդ նկարահանման ժամանակ նկատել է, որ դիակներն արդեն այլանդակված են եղել: Լսվում է ադրբեջանցի լրագրողի հարցը՝ ո՞վ է արել այս ամենը մեկ օրում, ես երեկ նկարել եմ, դրանք այսպես չէին:

Ֆիլմի հեղինակը  նշում է, որ դիակներն այլանդակելուց հետո արված նկարահանումների նպատակը ամբողջ աշխարհին դրանք իբրեւ հայերի վայրագություններ ցույց տալն էր: Հարց՝ ո՞վ արեց այդ ամենը մեկ օրում: Հարցերը շատ են, ժամանակը՝ քիչ,-եզրափակում է ֆիլմի մեկնաբանաը:

Անդրադառնալով այս տեսանյութին՝ ԼՂՀ նախագահի Մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը armradio.am-ի հետ զրույցում նկատեց, որ Չինգիզ Մուստաֆաեւն այն լրագրողն է, ով առաջիններից մեկն է իրադարձություններից հետո եղել տվյալ վայրում:

Այդ ամենից հետո, ադրբեջանցի հայտնի ռազմական լրագրող Չինգիզ Մուսթաֆաեւը զոհվել է անհայտ հանգամանքներում 1992-ի հունիսի 15-ին: Ադրբեջանական պաշտոնական վարկածի համաձայն՝ իբր հայկական կողմի արձակած արկի բեկորից: Ակնհայտ է, որ Ադրբեջանի արդեն նոր իշխանությունները լռեցրել են իրականության մասին փաստող այս աղբյուրը եւս, որը բարձրաձայնել է սեփական ժողովրդի նկատմամբ իրականացված ոճրագործությունների եւ հանցագործությունների մասին՝ հայտարարելով, որ այն չպետք է բարդել այլ կողմի վրա:

Դավիթ Բաբայանը հիշեցրեց նաեւ փաստը, որ Մուսթաֆաեւից հետո Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովն է խոստովանել, որ ջարդը կազմակերպվել է հենց Ադրբեջանի կողմից՝ ներքաղաքական պայքարի շրջանակներում:

Դավիթ Բաբայանի փոխանցմամբ՝ Խոջալուի դեպքերի շուրջ ժամանակին մեծ փաթեթ է պատրաստվել եւ ի հայտ եկած այս վավերագրական փաստերը նույնպես պետք է ներառել այնտեղ՝ ոչ թե արդարանալու համար, այլ՝ ադրբեջանական կեղծիքը բացահայտելու եւ ընդհանրապես նման անմարդկային ոճրագործություններ թույլ չտալու:

[su_youtube_advanced url=”https://youtu.be/uQjhaBsiRXo”]

Աղբյուր՝ Հայերն Այսօր էլեկտրոնային պարբերական