Շիրակ Թորոսյանի ելույթը Փոքր Ասիայի ժողովուրդների ներկայացուցիչների համաժողովում

Հարգարժան մասնակիցներ,

Տիկնայք և պարոնայք,

Շնորհակալ եմ կազմակերպիչներին՝ հրավերի համար:

Ուրախ եմ ձեզ ողջունել այս կարևոր միջոցառման շրջանակներում:

Փոքր Ասիայի ժողովուրդների ներկայացուցիչների այս համաժողովը ևս մեկ անգամ փաստում է, որ ոչինչ չի մոռացվել և անգամ 100-ամյա ժամանակաշրջանը ի զորու չէ մոռացնել այն ցավն ու կսկիծը, որ ապրել են մեր պապերը Օսմանական կայսրության ոճրագործ քաղաքականութան հետևանքով: Մենք բոլորս ցեղասպանությունից կամ ցեղասպան գործողություններից մազապուրծ վերապրածների սերունդներն ենք, որ այսօր ի լուր աշխարհի հնչեցնում ենք արդարության վերականգնման և հաստատման անհրաժեշտության մասին: Մեղավորները պետք է պատժվեն: Եթե ժամանակին դատապարտվեր 1915 թ. Օսմանյան իշխանությունների կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը, ապա տեղի չէին ունենա 20-րդ դարի մյուս ցեղասպանությունները, և ցեղասպան գործողությունները չէին շարունակվի նաև մեր օրերում՝ 21-րդ դարում:

Ինչ է այսօր կատարվում Մերձավոր Արևելքում: Կոտորվում և գաղթական են դառնում քրդերը, եզդիները, ասորիները, սպանվում է Հրանտ Դինքը՝ խորհրդանշելով Հայոց ցեղասպանության շարունակականությունը: Հրանտ Դինքի մահվան տասնամյա տարելիցի այս խորհրդանշական օրերին մենք պետք է միասնաբար մեր հուժկու ձայնը բարձրացնենք հանուն միլիոնավոր զոհերի հիշատակի, խեղված ճակատագրերի, հայրենազրկվածների, որբացածների: Օսմանյան կայսրության նյութած դժոխքի միջով անցնելով, մեր ժողովուրդները կարողացան ոչ միայն վերապրել, այլև շարունակել պայքարը իրենց ոտնահարված իրավունքները պաշտպանելու համար: Այսօրվա համաժողովը մեր հպարտության գրավականն է: Այսօր մենք պարտավոր ենք հաշվի առնել պատմության դառը դասերը: 100 տարի առաջ երիտթուրք ջարդարարներին հաջողվեց միմյանց դեմ հանել մեզ և օգտագործել իրենց արյունոտ նպատակներն իրականացնելու համար: Հիմա մենք պարտավոր ենք այդ ամենին հակադարձել մեր միասնությամբ և վճռականությամբ: Պատմությունը կրկնվում է մեր օրերում, և կրկին նույն ջարդարարն է և նույն զոհերը:

Մի քանի տարի առաջ Թուրքիան հռչակեց «զրո խնդիր հարևանների հետ» տարածաշրջանային քաղաքականությունը, սակայն ինչպես միշտ, շուտով պարզվեց, որ դա իրենց հատուկ հերթական դիվանագիտական բլեֆն էր, որովհետև Թուրքիան այսօր թշնամական հարաբերությունների մեջ է գրեթե բոլոր հարևանների հետ: Նույն Թուրքիայի աջակցությամբ և հովանավորությամբ Ադրբեջանն է ոտնձգություններ իրականացնում Արցախի սահմանների նկատմամբ, սպառնալիքի տակ դնելով Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյությունը և ազատ ապրելու իրավունքը: 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ հերթական անգամ աշխարհն ականատես եղավ Ադրբեջանի ոճրագործ էությանը:

Հարգելի բախտակից քույրեր և եղբայրներ, մենք պետք է մեր միասնական ջանքերով աջակցենք միջազգային հանրությանը՝ չարիքը արմատախիլ անելու համար: Ոչ մի հանցանք չպետք է անպատիժ մնա: Դա է վկայում նաև Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացը, որի շատ կարևոր հանգրվան և պայքարի նոր սկիզբ էին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները: Այստեղ ևս Բեռլինում անցյալ տարի Բունդեսթագը ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը, իսկ 2015-ին Վատիկանում՝ Հռոմի պապը և բազմաթիվ պետություններ ու կազմակերպություններ:

Հարգարժան ներկաներ, այսօր Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման պայքարի առաջամարտիկներից մեկն աշխարհում: Հայաստանի խորհրդարանը դատապարտել է Պոնտոսի հույների ցեղասպանությունը, դեկտեմբերի 9-ը, որպես ՄԱԿ-ի կողմից հաստատված ցեղասպանությունների դատապարտման օր, հռչակել է ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր: Այսօր մեր խորհրդարանի օրակարգում է գտնվում նաև 2014թ.-ին Իրաքի եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանության դատապարտման նախագիծը: Հայաստանի Հանրապետությունը աջակցում է այն բոլոր գործողություններին, որոնք դատապարտում և կանխարգելում են ցեղասպանությունները:

Հարգարժան բարեկամներ ես, որպես Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր ողջունում եմ այս համաժողովը, ցանկանում եմ բեղմնավոր աշխատանք և արդյունավետ որոշումների ընդունում: Աստված բոլորիս հետ:

Շնորհակալություն:

Տեսնել վիդեոն գերմաներեն բնօրինակով:

Ջավախք Մեդիա, Երեւան