100 000 լարի է հատկացվել Շալվա Ախալցիխելու անվան տաճարի համար, ընդդիմադիր պատգամավորը պահանջում է հայկական եկեղեցուն եւս հատկացնել նույն չափ

Ախալցխայի 9 ապրիլի թաղամասում Շալվա Ախալցիխելու անվան տաճարի համար Ախալցխայի քաղաքապետարանը հատկացրել է 100 000 լարի: Քաղաքապետարանում նշում են, որ այս խնդրանքով տեղական ինքնակառավարմանը դիմել է Ախալցխայի և Տաո-Կլարջեթի միտրոպոլիտ Թեոդորեն: Տաճարի կառուցման համար անցյալ տարի տեղական բյուջեից հատկացրել էին 200 000 լարի, չնայած դրան տաճարի կառուցման աշխատանքները դեռ ամբողջովին ավարտված չեն:

«100 000 լարին շատ մեծ գումար է: Նրանք ունեն այդ հնարավորությունը, որ իրենց ուժերով կառուցեն այդ տաճարը: Եթե այդպես է հայկական եկեղեցու համար էլ հատկացրեք 100 000 լարի և ես համաձայն կլինեմ, եթե ոչ՝ ես դեմ կլինեմ»,-ասաց քաղաքային խորհուրդի անդամ «Միացյալ ժողովրդավարական շարժում» կուսակցությունից ընտրված Ջիմշեր Գոգոլաուրին տվյալ հարցի քննարկման ժամանակ:

«Ով որ կառուցում էր այդ տաճարը ցավոք արդեն ողջ չէ, եթե ինքը ողջ լիներ երբեք ոչ մեկին չէր խնդրի, որ բյուջեից գումար հատկացնեն», -ասում է «Վրացական երազանք»-ի կուսակցության ներկայացուցիչ Մամուկա Միքելաձեն:

«Մենք աջակցեցինք, ոչ թե կոնկրետ ինչ որ մի անձնավորության, այլ մեր քաղաքում կառուցվող տաճարին: Սա մեր քաղաքացիական պարտականությունն է: Ես վստահ եմ որ բոլորը իմ հետ համամիտ կլինեն: Ի վերջո պետք է ավարտվեն տաճարի կառուցման աշխատանքները, որը գեղեցկացնում է մեր քաղաքը»,-ասաց քաղաքապետ Վլադիմիր Զեդգինիձեն:

Հիշեցնենք, որ 2016 թվականին 10 000 լարի էր հատկացվել տեղական բյուջեից հայկական եկեղեցու տանիքի վերանորոգման համար: Այդ ժամանակ Միացյալ ժողովրդավարական շարժման կողմից ընտրված ընդդիմադիր Ջիմշեր Գոգոլաուրին դեմ էր քվեարկել պատճառաբանելով իր արարքը իշխանությունների կողմից իրականացվելիք նախընտրական քայլով:

Նախընտրական շրջանում մաժորիտար պատգամավոր Գիորգի Կոպաձեն քաղաքի հայ հասարակության հետ հանդիպման ժամանակ խոստացավ, որ 2017թ. վերանորոգվելու է Սբ. Ստեփանոս հայկական եկեղեցին, որը գտնվում է Ռաբաթ թաղամասում:

Նա նաեւ խոստացավ, որ անպայման ներկվելու են Ախալցխայի հայկական Սբ. Նշան եկեղեցու գմբեթները:

Աղբյուր՝ Akhaltskha.Net