ԼՂ հարցի կարգավորման փաթեթային տարբերակին պետք է հաջորդեն փուլային տարբերակները. Նալբանդյան

Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն իր ամփոփիչ ասուլիսում անդրադարձավ հարցին` եթե Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները տապալվեն ու կյանքի չկոչվեն, ի՞նչ դիրքորոշում է ունենալու Հայաստանը:

Նալբանդյանը նշեց, որ առաջին անգամը չէ, որ Ադրբեջանը հրաժարվում է ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելուց, բայց բանակցություններին այլընտրանք չկա: «Հայաստանը շարունակում է գործադրել ջանքեր եռանախագահների հետ ԼՂ խաղաղ կարգավորման ուղղությամբ, և պետք է շարունակել բանակցությունները»,- ասաց նախարարը:

Հարցին, թե կարգավորման ո՞ր տարբերակն է Հայաստանի համար ընդունելի` փուլայի՞նը, թե՞ փաթեթայինը, Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց, որ եթե նման հարց հնչեր 20 տարի առաջ,  այդ հարցը իմաստ կունենար, սակայն չի ցանկանում մոտենալ մոտ 20 տարվա վաղեմություն ունեցող քննարկումներին, որովհետև 2007-ից ի վեր Հայաստանը բանակցում է մադրիդյան առաջարկների հիման վրա, որոնք մշակվել են որպես մեկ ամբողջություն:

«Այսինքն` խոսքը գնում է խնդրի հանգուցալուծման մասին, որը հիմնված է այս փաթեթային մոտեցման վրա: Մենք ասել ենք, որ փաթեթային տարբերակին պետք է հաջորդեն փուլային տարբերակները: Բայց այն, որ ընդհանուր մոտեցումը փաթեթային է, դա միանշանակ է»,- ասաց Նալբանդյանը:

Աղբյուր՝ yerkir.am