Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնը շնորհավորում է հայ ժողովրդին Հայոց բանակի 25 ամյակի կապակցությամբ

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնը շնորհավորում է Հայաստանի, Արցախի, Ջավախքի ու աշխարհասփյուռ հայ ժողովրդին Հայոց բանակի 25 ամյակի կապակցությամբ:

25 տարի առաջ, երբ պատերազմական գործողությունները Արցախում դեռ հեռու էին ավարտից եւ հայ ժողովուրդը կենաց մահու կռվի էր ելել հանուն հայրենի հողի, պաշտոնապես ծնունդ առավ հայության համար անկախության հիմնասյուն հանդիսացող Հայոց բանակը:

Հայոց բանակի ծնունդը բոլորի համար գրեթե նույնքան նշանակալի իրադարձություն էր, ինչպես Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումը, քանզի մեր ժողովուրդը իր պատմության դժվարին օրերից դասեր քաղելով փայլուն գիտակցում է, որ Հայոց բանակը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության անկախության ու ինքնիշխանության ողնաշարը:

Հայոց բանակի ձեւավորումով աշխարհի յուրաքանչյուր հայ, անկախ նրա քաղաքական հայացքներից, կուսակցական պատկանելությունից ու բնակության վայրից ուրախալի վստահությամբ ներշնչվեց Հայաստանի անվտանգ ապագայի ու վաղվա օրվա նկատմամբ:

Հայոց բանակը պատմության այս կարճ ժամանակահատվածում կարողացավ հավասարվել աշխարհի հզոր երկրների լավագույն բանակներին, վստահություն եւ հպարտության ներշնչելով մեր ժողովրդին:

2016թ. ապրիլյան կարճատեւ պատերազմի օրերին, չնայած առկա բազմաթիվ խնդիրների, Հայոց բանակը կրկին անգամ իր նվիրումի ու խիզախության շնորհիվ կարողացավ հաղթել հակառակորդին եւ մեկ անգամ եւս մարտի դաշտում պարտադրեց նրան խաղաղություն, անառիկ պահելով հայրենի Արցախը:

Ցավոք ղարաբաղյան առաջին պատերազմի օրերից սկսած մինչեւ այսօր հայոց բանակում, թե բանակի կազմից դուրս, հայրենի հողի համար մարտնչելիս զոհվել ու զոհվում են բազմաթիվ հայ ազգի նվիրյալ զինվորներ, ովքեր իրենց կյանքի գնով միշտ բարձր են պահել Հայոց բանակի ու հայ ժողովրդի պատիվը:

Անցյալ տարվա պատերազմական գործողություններից հետո մեր հպարտության առարկա հանդիսացող հայոց բանակը կարիք ունի առավել կատարելագործման ու հզորացման, որպեսզի մեր հակառակորդների մտքով, ոչ միայն չանցնի խախտել  Արցախի ու Հայաստանի պետական սահմանը, այլ նաեւ հրացան ուղղելը հայ դիրքապահների ուղղությամբ:

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն