Հոկտեմբերի 30-ին Ախալցխայում տեղի ունեցավ ընտրությունների երկրորդ փուլ: Ախալցխացիները ընտրում էին իրենց քաղաքապետին եւ Վրաստանի խորհրդարանում իրենց շահերը ներկայացնող մաժորիտար պատգամավորին: Երկու դեպքերում էլ հաղթող դուրս եկան «Վրացական երազանք»-ի թեկնածուները ում եւ սատարում էր շրջանի հայությունը: Առաջին անգամ Ախալցխայի շրջանի հայությունը ինքնուրույն որոշում կայացրեց որ ուժին սատարի եւ շատ ծանրակշիռ պատճառներով չաջակցեց «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը ու հակառակը՝ աջակցեց «Վրացական երազանք»-ին: Իրենք վրացիները բազմաթիվ անգամ խոստովանեցին, որ հայերի ակտիվությունը երկրորդ փուլում աննախադեպ մեծ էր, ինչը եւ ուղղակի կապում են իշխող կուսակցության թեկնածուների հաղթանակի հետ:

Նախընտրական խոստումների ու «Վրացական երազանք»-ի կողմից հայերի աջակցությունը ստանալու պատճառների մասին երկար կարելի է խոսել, սակայն դա չէ կարեւորը: Կարեւորը այն է, որ այսուհետեւ մեր անկախ ձայնի հետ ինչ որ չափով հաշվի են նստելու, ինչպես դա տեղի է ունենում այլ ժողովրդավարական երկրներում:

Նման փորձը մեզ մոտ նոր է ձեւավորվում: Վրաստանն էլ դեռ չի կարելի համեմատել զարգացած ու ժողովրդավարական երկրների հետ, սակայն մեր ձայնի վճռորոշ լինելը շատ կարեւոր է այս բազմաթիվ խնդիրներով լի Սամցխե-Ջավախք շրջանի հայության համար, քանզի բոլոր խնդիրների միակ լուծման ճանապարհը դա գրագետ ու օրինապաշտ ուժի ձեւավորումն է, որի հետ բոլորը հաշվի են նստելու, իսկ դրա նախադրյալները արդեն կան:

Էդուարդ Այվազյան
Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն

2016-11-04