ԻՎԱՆԻՇՎԻԼՈՒ ԱՍԱԾՆԵՐԻՑ ԱՎԵԼԻ ԵՍ ՀԱՄՈԶՎՈՒՄ ՈՐ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ

ԻՎԱՆԻՇՎԻԼՈՒ ԱՍԱԾՆԵՐԻՑ ԱՎԵԼԻ ԵՍ ՀԱՄՈԶՎՈՒՄ ՈՐ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ

Բիձինա Իվանիշվիլին սեպտեմբերի 19-ին Ախալցխայում տեղի ունեցած ուղիղ եթերի ժամանակ պատասխանում էր Սամցխե-Ջավախքի լրագրողների հարցերին: Սամցխե-Ջավախքի հայ հասարակությանը հուզող հիմնական հարցը ուղղված Բիձինա Իվանիշվիլուն Jnews.ge-ին էր. «2012 թ.-ին, երբ Դուք Ախալքալաքում էիք, դուք խոստացել էիք, որ կվավերացվի «Տարածաշրջանային լեզուների Եվրոպական խարտիան», ըստ որի հայոց լեզուն կունենար տարածաշրջանային լեզվի կարգավիճակ»:

Բիձինա Իվանիշվիլու պատասխանը հետեւյալն էր. «Ախալքալաքում չկա հայոց լեզվի սահմանափակում, նման սահմանափակում չկա: Կարծում եմ, որ խնդիրն այլ է, ընդհակառակը, այնտեղ ապրող հայերը չգիտեն վրացերեն: Պետական լեզվի չիմացությունը նրանց համար ստեղծում է մեծ խնդիրներ: Տեղի էթնիկ հայերը չգիտեն պետական լեզուն, չեն կարող ասիմիլացվել և ստանալ պաշտոններ: Այդ հարցում նրանց հարկավոր է մեծ օգնություն: Եվ դրանում նրանց օգնում էին նախկինում, իմ ժամանակ, և հիմա: Մեր պարտականությունն է օգնել նրանց պետական լեզուն սովորելու հարցում»:

Փաստացի Բիձինա Իվանիշվիլին անուղակի հաստատում է, որ եթե տեղի հայերը գիտենան պետական լեզուն ապա կարող են ձուլման ենթարկվել ու ստանալ պետական պաշտոններ: Եթե մենք էլ խոստովանենք հենց դա է ամենամեծ վտանգը Սամցխե-Ջավախքի հայության համար: Այդ պատճառով մարդիկ ենթագիտակցորեն դժվարությամբ են սովորում պետական լեզուն հասկանալով, որ դրանով վտանգվում է իրենց մայրենի լեզուն: Անշուշտ պետական լեզվի իմացությունը անչափ կարեւոր է ցանկացած երկրի քաղաքացու համար, բայց դա չպետք է իրականացվի էթնիկ խմբերի մայրենի լեզվի հաշվին: Այս իմաստով հայոց լեզվի տարածաշրջանային կարգավիճակի հարցը շատ կարեւոր է ու օգնելու է պետական լեզվի ավելի արդյունավետ ուսուցմանը Սամցխե-Ջավախք տարածաշրջանում:

Արդարության համար հարկ է նշել, որ Տարածաշրջանային լեզուների Եվրոպական խարտիայի որոշ չնչին կետեր առանց վավերացնելու իսկ արդեն ներմուծված են տեղի ինքնակառավարման մարմիններում: Դրանք են պետական պաշտոններ ստանալու համար տարվող քննությունները տեղական ինքնակառավարման մարմիններում, ընտրական ցուցակները, նախընտրական թռուցիկները եւ այն բոլորը ինչը հայերեն լեզվով թույլատրվում է: Վրաստանին մնացել է մի փոքրիկ քայլ կատարել վավերացնելով Տարածաշրջանային լեզուների Եվրոպական խարտիան ու դրանով իսկ օգնել սեփական ժողովուրդներին իրենց մայրենի լեզվի համար ավելի ապահով պայմաններում սովորել պետական լեզուն:

Էդուարդ Այվազյան
Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն

2016-09-23