ԺԱՄԱՆԱԿՆ Է ԻՐԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՇՈՒՐՋ ՄԻԱՎՈՐՎԵԼՈՒ

ԺԱՄԱՆԱԿՆ Է ԻՐԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՇՈՒՐՋ ՄԻԱՎՈՐՎԵԼՈՒ

Հայկական ազգային հոգեբանությունը ունի, ինչպես շատ դրական դիմագծեր, այնպես էլ բացասական: Այդպես է գրեթե բոլոր հին ազգերի մոտ եւ բացառություն չեն նաեւ վրացինեըը: Խոսել միայն դրականից եւ զբաղվել ինքնագովեստով վայել չէ ցանկացած հասուն ու գրագետ մարդու, ինչը նույնն է ազգերի ու ժողովուրդների պարագայում նույնպես: Սակայն քննադատությունները անպայման օբյեկտիվ պիտի լինեն ու չափ ու սահման ունենան, չվերածվելու համար բամբասանքի ու զրպարտության: Այդ նուրբ սահմանը պետք է գիտակցել չվնասելու համար ընդհանուր գործին ու անհատների ինքնասիրությանը, այլ հակառակը օգտակար լինելու մարդկանց ու ժողովուրդներին տեսնել իրենց կողքից: Վարվելով հակառակ տրամաբանությամբ մարդը կամ էլ ազգը բոլորից վեր է դասում իր «ես»-ը ու ընկնում չարի ու թշնամության գիրկը:

Շատ հաճախ մենք տրվում ենք անձնական թշնամանքի, նախանձության, չարության եւ զրպարտության չմտածելով ընդհանուր գործի ճակատագրի մասին: Դա եւս ցավոք հայի հոգեբանությունն է: Ամեն ոչնչություն դնում ենք մանրադիտակի տակ, անիմաստ գումարում, անզգա մի բան կպցնում, հորինում եւ այդպես շարունակ սարքում հրեշավոր պատմություններ: Նման գործելաոճի մեջ մենք մասնագետներ ենք, որոնց հավասարը աշխարհը չունի: Սակայն ով է այդ ամենից շահողը կամ տուժողը մենք չենք էլ ցանկանում մտածել:

Դրան նպաստում են շատ հաճախ նաեւ մեզ շրջապատող մարդիկ, ովքեր մեզ մոտ «լավ» մարդ ձեւանալու պատճառով նպաստում են մեր չար մտքերի ձեւավորմանը, մղելով մեզ նոր լարման աստիճանի: Հետագայում մենք ինքներս էլ զզվում ենք նման իրավիճակից ու խրվում պատճառա-հետեւանքային կարմայի մեջ: Այս կլորմանը վերջ չունի եւ դրանից միշտ էլ տուժվել է մեր ազգը, ժողովուրդը ու անհատը: Դա միշտ էլ քանդել է մեր ազգի ու պետականության հիմքերը իր հետ կործանելով նաեւ մարդու հոգեւոր հիմքերը:

Այս ամենից խուսափելու համար պետք է սովորենք արդար խոսել, վստահել ու սիրել միմյանց, ներողամիտ գտնվել մերձավորի, բայց ոչ սեփական անձի սխալների հանդեպ: Չամաչել խոստովանել դրանք: Չնախանձել, պատմվածքներ չհորինել ու ճիշտ հակառակը մտածել այն ամենի մասին, ինչը կապող օղակ է հանդիսանում մարդկանց ու ժողովուրդների հարաբերությունների մեջ: Կամուրջները այրելու փոխարեն պետք է կառուցել, մարդկանց հանդեպ թշնամացած, ընդհանուր գործին վնասելու ծրագրեր փայփայելու մտքերից պետք է վերջնական հրաժարվել, հակառակ պարագայում ո՞ւր է մեր հայրենասիրությունը:

Տվյալ հոգեբանական հիվանդությունների մասին պետք է հաճախ խոսել, գիտակցել ու ուղղել դրանք, քանզի այստեղ է թաքնված մեր հաջողությունների բանալին: Ժամանակն է միավորվելով միավորելու եւ առանց հետին մտքերի նոր ընթացք տալու այն ամենին, ինչ վաղուց կանգ էր առել, սակայն երբեք չեր մարել: Հայրենասիրությունը սեր է ժողովրդի, մերձավորի ու մեր տեսակի նկատմամբ:

Այս վերոնշյալը չի ուղղված կոնկրետ անհատի կամ ինչ որ կազմակերպության, այլ ուղղված է մեր հավաքական պատկերի ոչ թե լավ այլ ամենաբացասական ու վատ կողմերի վրա: Ավելորդ է թվարկել այն բոլոր խնդիրները, որոնք այսօր ծառացել են մեր ազգի ու հայրենիքի առջեւ, լինի դա Արցախում, Հայաստանում, Սփյուռքում, թե Սամցխե-Ջավախքում: Ամենուր անհրաժեշտ են փոփոխություններ, համախմբում, սեր ու միաբանություն: Եւ դրանք լոկ գեղեցիկ խոսքեր չեն: Անվերջ բաժանվելով, տրվելով նյութական անաստված արժեքներին ու սեփական փառքի մոլորության փնտրտուքի մենք թշնամու կերպար ենք կպցնում միմյանց եւ այդ իսկ պատճառով հասել ենք նրան, ինչ ունենք այսօր, կորցնելով երբեմնի Ծովից-ծով Հայաստանը, սակայն երբ միասնական ենք եղել կողքի թողնելով ամեն տարաձայնություն, հաղթել ենք Սարդարապատ, վերականգնել պետականություն եւ հաղթել Արցախյան հերոսամարտում:

Ջավախքը այսօր վերածվել է անտեսանելի մարտադաշտի, որտեղ բախվում են մի կողմից Թուրքիայի ու Ադրբեջանի, իսկ մյուս կողմից Հայաստանի ու Վրաստանի շահերը: Այսօր թուրք մեսխեթցիները միասնական են ու ակտիվ քան երբեք: Ադիգենի շրջանի մահմեդականները նույնպես մեծ ակտիվություն ու համախմբում են դրսեւորում, պետությանը շատ հաճախ անհարմար վիճակի մեջ դնելով:

Վրաստանի խորհրդարանական ընտրությունների օրերին բոլորս ականատես եղանք, թե ինչպես անհանգիստ էր նաեւ ադրբեջանաբնակ Մառնեուլի շրջանը: Մոտ օրերս գործարկվելու է Հայաստանը շրջանցող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը, իսկ մենք միայն խոսում ենք, բամբասում ենք, ինչ որ հարցեր ենք լուծում, սակայն անարդյունք:

Ժամանակն է սթափվելու եւ իրական գործի շուրջ միավորվելու, ինչը եւ կհարթի մեր վերոնշյալ թերությունները: Ամենայն հավանականությամբ այսօրվա Վրաստանի իշխանությունները եւս գիտակցում են պանթուրքիզմի վտանգը, սակայն նույնպես շատ հավանական է, որ Հայաստանից այսօր նրանց դուռը ոչ ոք չի բախել եւ լուրջ գործնական առաջարկ դեռ չի արել: Մենք էլ մեզ երբեմն լուրջ չենք պահում ու ճիշտ քայլեր չենք ձեռնարկում, որպես գործոն ընկալվելու համար: Գործնականում չենք ուզում օգտագործել մեր հսկա ռեսուրսները:

Սամցխե-Ջավախքում գրեթե բոլոր խնդիրների լուծման բանալին թաքնված է Վրաստանի ու Հայաստանի իշխանությունների լուռ համագործակցության մեջ հակաթուրքական ճակատում եւ այդ իսկ նպատակով հայկական գործոնի ամրացմանը նպաստելուն: Վրաստանի իշխանությունները այլ ելք չունեն քան նման կերպ դիմակայել Թուրք-Ադրբեջանական տանդեմին: Սակայն նման գործնական առաջարկ Վրաստանի իշխանություններին ի զորու է անել միայն Հայաստանի Հանրապետությունը:

Այսպես թե այնպես, մոտ ժամանակներս նման համագործակցության պատճառները կարող է ավելի անհրաժեշտ ու տեսանելի լինեն եւ այդ իսկ պատճառով օր առաջ շատ կարեւոր է, որ դրսում եւ Սամցխե-Ջավախքում գործող հայկական ու վրացական բոլոր կազմակերպությունները, ազգային առաջնորդները ու ժողովուրդը միասնականություն դրսեւորեն եւ չտրվեն մանր շահերից բխող պառակտողականության, անիմաստ մրցակցության ու հիվանդ «ես»-ի ազդեցությանը, այլ իրար հետ գտնեն տարիներ առաջ կորցրած համագործակցության եզրերը, դառնալու համար տարածաշրջանում քաղաքական ու տնտեսական լուրջ գործոն:

Մենք էլ մեր հերթին Սամցխե-Ջավախքում ապրող հայերս պետք է վերափոխվենք, վերակազմակերպվենք ու միասնաբար պատրաստ լինենք դիմակայել մեր հարեւանի պանթուրքիստական ծրագրերին:

Էդուարդ Այվազյան
Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն

2016-11-23