1990-ական թվականներից սկսած Սամցխե-Ջավախքի հայությունը բախվել է բազմաթիվ խնդիրների: Սակայն այս բազմաթիվ խնդիրների մեջ շրջանի հայության ամենամեծ խնդիրը եղել եւ մնում է արտագաղթը: Օրինակի համար անցած 25 տարիների ընթացքում արտագաղթի պատճառով Ախալցխայի հայությունը 90%-ից վերածվեց 40%-ի, ինչը ուղղակի ազդեց քաղաքի ու շրջանի հայության դիրքերի վրա եւ բացասական իմաստով իրեն զգացնել տվեց բոլոր բնագավառներում: Արտագաղթը իր բացասական հետքն է թողել ցավոք նաեւ Սամցխե-Ջավախքի այլ շրջաններում: Արտագաղթած հայերի տեղը շրջանում չեն կարող զբաղեցնել նաեւ վրացիները, քանզի վրացիները իրենք էլ ունեն դեմոգրաֆիկ խնդիր եւ նրանք ուղղակի իրենց գյուղերից դատարկվելով իջնում են քաղաքը բնակվելու, ինչը նրանց կտրուկ ավելացման պատրանք է ստեղծել Ախալցխա քաղաքում: Դա է տեղի ունեցել հիմնականում Ախալցխայի շրջանում, երբ գաղթած հայերի տեղը զբաղեցրել են նույն շրջանի վրացական գյուղերից իջած մարդիկ անտարբերությամբ դատարկելով իրենց հայրենի գյուղերը:

Համեմատության համար հարկ է նշել, որ այլ է իրավիճակը Ախալցխային կպած Տավառնի կոչվող թաղամասում, որին բոլորովին վերջերս տաքսու որոշ վարորդներ սկսել են անվանել թուրքական թաղամաս: Այսօր Ախալցխայի Տավառնի թաղամասում ապրում է մոտ 100 թուրք մեսխեթցի: Իվանե Ջավախիշվիլու անվան պետական համալսարանում այս տարի Ադրբեջանից եկել են սովորելու 30 մեսխեթցիներ, որոնց թիվը համալրվելու է եւս 45-ով: Կարելի է միայն ենթադրել թե ինչպես է աճելու նրանց թիվը մոտակա տարիներին: Միայն այս վերոնշյալից դուրս է գալիս, որ շրջանից գաղթած հայերին փոխարինում են ոչ թե քրիստոնյա վրացիները այլ մահմեդական թուրքերը, որոնց հովանավոր երկրները թշնամաբար են տրամադրված ամեն հայկականին ու թաքուն կերպով նաեւ վրացականին:

Ինչպես է ստացվում, որ այս շրջանում դարերով ապրող հայերը, որոնք ունեն տուն, ծանոթ միջավայր ստիպված են արտագաղթելու եւ նրանց տեղը զբաղեցնում են թուրք մեսխեթցիներ, որոնք չեն տիրապետում լեզվին, ծանոթ չեն միջավայրին եւ ամեն ինչ սկսում են զրոյից: Դա գալիս է նրանից, որ ի տարբերություն մեզ թուրքերը ունեն պետական ծրագիր, որի շնորհիվ մեսխեթցիները ստանում են տարբեր տեսակի օժանդակություն: Նրանք նաեւ մեծ հաջողությամբ ու իրենց պետությունների ուղղորդմամբ օգտվում են արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունների օգնությունից: Այդ պարագայում հարց է առաջանում թե ինչին է պետք թուրքական երկու պետություններին այդքան ջանք գործադրել բնակեցնելու Սամցխե-Ջավախքը մահմեդական մեսխեթցիներով:

Կարիք չկա անդրադառնալու Բաքու-Թբիլիսի-Ջեյհանին, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կամ թուրքական ՀԷԿ-երի շինարարությանը Ջավախքում: Կարիք չկա նաեւ խոսել ընդհանուր թուրքերի ակտիվացման մասին Թբիլիսիում, Բաթումում եւ Մառնեուլիի ու Ադիգենի շրջաններում:

Այս ամենի հետ մեկտեղ բոլորովին վերջերս հայտնի դարձավ, որ Վրաստանի «Նավթի ու գազի կորպորացիա» պետական ընկերության ակցիաների 25 տոկոսը մտադիր է վաճառել Ադրբեջանական SOCAR ընկերությանը, որը եւս վերոնշյալ ծրագրի մաս է կազմում, ամեն գնով, քայլ առ քայլ սեղմել օղակը Հայաստանի շուրջ:

Դուրս է գալիս, որ մեզ հայերի ու իրականությունը գիտակցող որոշ վրացիների համար եւս անհրաժեշտ է պետական ծրագիր, որի շնորհիվ Սամցխե-Ջավախքի բնակիչը ամուր է մնալու իր հողի վրա: Օբյեկտիվության համար հարկ է նշել, որ Վրաստանը մասամբ իրականացնում է նման ծրագիր օժանդակելով գյուղատնտեսներին եւ գործարարներին, ինչ որ ծրագրերի միջոցով: Հայաստանն էլ իր հերթին ցանկության դեպքում քայլեր կարող է ձեռնարկել հայ-վրացական բարեկամության շրջանակներում, այդպիսով ամրացնելով Սամցխե-Ջավախքի հայության դիրքերը եւ նպաստելով իր հյուսիսային սահմանների ու ռազմավարական նշանակություն ունեցող տարանցիկ ուղիների վրա կայունության պահպանմանը: Դժվար է պատկերացնել, որ Վրաստանի իշխանությունները դեմ կլինեն հայկական ներդրումներին Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում: Կամ դեմ կլինեն սփյուռքահայ ներդրողների բիզնես ծրագրերին, եթե իհարկե այդպիսիք լինեն: Նման գործնական քայլերի միջոցով կարելի կլինի կասեցնել արտագաղթը Սամցխե-Ջավախքի շրջանում եւ տնտեսական զգալի ներկայության շնորհիվ նպաստել մնացած խնդիրների լուծմանը:

Երկրորդը, որը ոչ պակաս կարեւոր է: Տեղի հայկական կազմակերպությունները պետք է կարողանան բարեփոխումների ենթարկվել եւ մշակելով ճիշտ քաղաքականություն նպաստել հզոր ու ազատ հասարակության ձեւավորմանը: Սակայն այդ ամենի համար մեզ անհրաժեշտ է օրինակ վերցնել բազմաթիվ վրացական կազմակերպություններից, որոնք գործում են Սամցխե-Ջավախքում եւ իրականացնում են հարյուր հազար դոլարանոց ծրագրեր միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ: Իհարկե սկզբնական շրջանում շատ բարդ է լինելու ստանալ նման աջակցություն, սակայն միասնական համառ պայքարի արդյունքում եւ համապատասխան գիտելիքներ ու փորձ ձեռք բերելու շնորհիվ հայկական ազգային ուղղվածություն ունեցող կազմակերպությունները եւս կկարողանան հասնել արդյունքի ու իրենց իրավապաշտպան առաքելությունը, կամ ազատ ու ժողովրդավարական հասարակության ձեւավորելու գործընթացը իրականացնել միջազգային կազմակերպությունների գրանտային ծրագրերի միջոցով: Դա է թելադրում մեզ նաեւ Վրաստանի արտաքին քաղաքականության ուղին եւ ինչու մենք հայերս չպետք է օգտվենք դրանից, իհարկե առանց որեւիցե մեկի խաղալիքը դառնալու:

Երեւի ավելորդ է բացատրել թե ինչ է տալու մեզ ազատ, ժողովրդավարական ու քաղաքականապես հասուն քաղաքացիական հասարակության ձեւավորումը, առավել եւս երբ Վրաստանը որդեգրել է Եվրոմիության հետ մերձենալու ուղին: Նման հասարակության ձեւավորմամբ կարելի է լինելու լուծել Սամցխե-Ջավախքի հայության բոլոր իրավական ու քաղաքական բնույթի խնդիրները, հենվելով միջազգային չափանիշների եւ ժողովրդավարական սկզբունքների վրա: Այդ պարագայում միայն մեր առջեւ կբացվեն հնարավորություններ, ինչի շնորհիվ կարելի կդառնա ընտրել գրագետ մարդկանցից բաղկացած կադրեր, որոնք վերջապես կվերացնեն այդ գրագետ կադրերի պակասը ու լավ աշխատավարձի պարագայում կիրականացնեն մեր հասարակության հետ այնպիսի աշխատանք, որոնք բխում են մեր ժողովրդի կարիքներից:

Զուգահեռաբար անհրաժեշտ է օգտվել հայկական սփյուռքում գործող կազմակերպությունների փորձից, որոնք լոբբիստական առաքելություն են ծավալել զարգացած ժողովրդավարական երկրներում: Նրանց գործելաոճը պետք է եւս ներարկել Ջավախք, որպեսզի վրացական իշխանությունները կամաց-կամաց սկսեն ընկալել շրջանի հայության պահանջները եւ չշփոթեն դրանք անջատողականության հետ:

Այս վերոնշյալից հենելով առաջին հերթին ուրեմն պետք է Հայաստանից ու սփյուռքից բիզնես ներդրումներ արվեն Ջավախքում, ինչը կնպաստի արտագաղթի թուլացմանը եւ կապահովվի Հայաստանի հյուսիսային սահմանների ու տարանցիկ ճանապարհի կայունությունը: Երկրորդ հերթին վերջապես 25 տարիների անհաջողություններից հետո պետք է մտածել լուրջ բարեփոխումներ իրականացնել հասարակական կազմակերպությունների հատվածում, փորձելով գրել ու շահել գրանտային այնպիսի ծրագրեր, որոնց իրականացումը կնպաստի Ջավախքի հայկական հասարակական սեկտորի հզորացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը եւ բաց ու հզոր հասարակության ձեւավորմանը: Եւ վերջապես երրորդ, հայկական հասարակական սեկտորը պետք է ամուր կապ ունենա հայկական սփյուռքի հզոր կազմակերպությունների հետ, որոնք կկիսվեն իրենց փորձով եւ կաջակցեն բազմաթիվ հարցերում ճիշտ կողմնորոշում ու մոտեցում ունենալու համար: Ժամանակն է այս գաղափարներին նոր շունչ հաղորդել եւ պոպուլիզմի, անառողջ մրցակցության փոխարեն իրական գործով զբաղվել:

Էդուարդ Այվազյան
Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն

2016-12-16