Ֆոն դեր Լայենը բացառել է պատերազմից հետո վերադարձը ռուսական վառելիքին

Ֆոն դեր Լայենը բացառել է պատերազմից հետո վերադարձը ռուսական վառելիքին


«Ռուսաստանից կախվածությունը վնասակար է ոչ միայն մեր անվտանգության, այլև մեր տնտեսության համար»,- Եվրախորհրդարանում ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Չորեքշաբթի Ստրասբուրգում ելույթ ունենալով օրենսդիրների առջև, նա զգուշացրել է, որ կրկին կախվածությունը ռուսական էներգիայից «պատմական սխալ» կլինի Եվրոպայի համար։ «Կարող եմ ամենայն վստահությամբ ասել՝ ռուսական հանածո վառելիքի դարաշրջանը Եվրոպայում մոտենում է ավարտին»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահը։

Եվրահանձնաժողովը ներկայացրել է հավակնոտ ճանապարհային քարտեզ, որը նախատեսում է հրաժարվել ռուսական բոլոր էներգակիրների, այդ թվում՝ հեղուկացված բնական գազի, խողովակաշարերով նավթի և միջուկային նյութերի գնումներից ոչ ուշ, քան 2027 թվականի վերջին։

Եվրահանձնաժողովի նախագահը համոզված է, որ նոր ռազմավարությունը կնպաստի Ուկրաինայում արդար և երկարատև խաղաղության հաստատմանը։

Դեպի ծով ելք չունեցող Հունգարիան և Սլովակիան արդեն քննադատել են ճանապարհային քարտեզը՝ հայտարարելով, որ այն կվտանգի ԵՄ մրցունակությունը: