Էնթոնի Բլինկեն. ԱՄՆ դեսպանատան աշխատանքը Կիևից ժամանակավորապես տեղափոխվել է Լվով

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կոչ է արել Ուկրաինայում մնացած բոլոր ամերիկացիներին անհապաղ լքել երկիրը։
Պետքարտուղարի տարածած հայտարարության մեջ նշվում է նաև, որ Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական ուժերի մոբիլիզացիայի կտրուկ արագացման պատճառով ԱՄՆ-ն գործողությունները Կիևում ԱՄՆ դեսպանատնից տեղափոխում է Լվով։
«Ես և իմ թիմը մշտապես քննարկում ենք անվտանգության իրավիճակը։ Սա նկատի ունենալով, ռուսական ուժերի մոբիլիզացիայի կտրուկ արագացման պատճառով Ուկրաինայում մեր դեսպանատան գործողությունները Կիևից ժամանակավորապես տեղափոխվում են Լվով»,- ասել է Էնթոնի Բլինկենը։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ դեսպանությունը կշարունակի համագործակցել Ուկրաինայի կառավարության հետ և համակարգել դիվանագիտական գործունեությունը Ուկրաինայում։ Շարունակվում են նաև ջանքերը ճգնաժամի թուլացման ուղղությամբ։