Եվրամիության հետ երկկողմ հարաբերությունները աշխարհում ամենաազդեցիկներից են. Չինաստանի նախագահ

Եվրամիության հետ երկկողմ հարաբերությունները աշխարհում ամենաազդեցիկներից են. Չինաստանի նախագահ


Սի Ծինփինը շնորհավորել է Պեկին-Բրյուսել դիվանագիտական հարաբերությունների 50-ամյակի կապակցությամբ։ Չինաստանի նախագահի խոսքով՝ Եվրամիության հետ երկկողմ հարաբերությունները աշխարհում ամենաազդեցիկներից են։

Նա ընդգծել է՝ առողջ և կայուն գործակցությունը նպաստում է ոչ միայն փոխադարձ նվաճումներին, այլև ամբողջ աշխարհի բարօրությանը։ «Պատրաստ ենք գործակցել ԵՄ առաջնորդների հետ՝ պատշաճ կերպով կարգավորելու առկա վեճերն ու տարաձայնությունները։ Պեկինը կոչ է անում կողմերին պաշտպանել արդարությունը, ինչպես նաև պայքարել միակողմանի ահաբեկման դեմ»,- ընդգծել է Սի Ծինփինը։

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունն էլ կոչ է արել Վաշինգտոնին՝ դադարեցնել սպառնալիքների քաղաքականությունը: «Եթե ԱՄՆ-ը իսկապես ցանկանում է Չինաստանի հետ առևտրային պատերազմը լուծել բանակցությունների միջոցով, պետք է ընտրի հավասար երկխոսության տարբերակը»,- նշել է գերատեսչության խոսնակը: