Եկել է Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցությունների ժամանակը. Թեմի Բրյուս

Եկել է Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցությունների ժամանակը. Թեմի Բրյուս


Միացյալ Նահանգներն այլևս միջնորդի դեր չի խաղա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում։ «Եկել է Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցությունների ժամանակը»,- հայտարարել է պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը։

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն, այնուամենայնիվ, ջանքեր կգործադրի խաղաղություն հաստատելու համար, սակայն այժմ հակամարտության ելքի համար Մոսկվայից և Կիևից «կոնկրետ գաղափարներ» են պահանջվում:

«Աշխարհում կան ուրիշ շրջաններ էլ, որոնք նույնպես մեր ուշադրության կարիքն ունեն»,- հավելել է խոսնակը, միաժամանակ շեշտել, որ Միացյալ Նահանգները չի վերացնի Ռուսաստանի դեմ ներկայումս գործող պատժամիջոցները։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն էլ նշել է, որ Միացյալ Նահանգները ևս 100 օր  կաշխատի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցություններին նախապատրաստվելու համար։ Նրա խոսքով՝ կողմերը ներկայացրել են իրենց խաղաղության առաջարկները, և այժմ Վաշինգտոնը կաշխատի դրանք մերձեցնելու ուղղությամբ։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ հայտնել է Կիևի հետ առանց նախապայմանների ուղիղ երկխոսություն սկսելու  պատրաստակամության մասին, իսկ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ցանկանում է նախ հրադադար հայտարարել։