ԵԺԿ-ն շատ բարձր է գնահատում Հայաստանի ջանքերը՝ անելու ամեն հնարավորը՝ հարևանների հետ հարաբերությունների կարգավորման համար. Լեքսման

Վալենսիայում ընթացող Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ-EPP) կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել:
«Հայաստանում ընթացիկ քաղաքական իրավիճակը» վերնագրով բանաձևը ողջունում է Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները, այդ թվում` ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ոլորտում իրականացված բարեփոխումները:
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցով զեկուցող Միրիամ Լեքսմանը ելույթում նշել է, որ բանաձևով ԵԺԿ-ն ցանկանում է աջակցել Հայաստանում վերջին քաղաքական զարգացումներin և օգնել Հայաստանին Եվրոպական միության ուղղությամբ ընթացող իր նախաձեռնության մեջ։
«Մենք ցանկանում ենք աջակցել հայ ժողովրդի ցանկությանը՝ ամրապնդելու օրենքի գերակայությունը և ժողովրդավարությունը իրենց երկրում, և ցանկանում ենք հաստատակամորեն աջակցել Հայաստանին ու կանգնել Հայաստանի կողքին՝ իր աշխարհաքաղաքական պայմանների և ուղղվածության պատմական շրջադարձի ժամանակ։
Եվ այսպիսով ցանկանում ենք խթանել տնտեսական ավելի ամուր համագործակցություն և զարգացում, ինչպես նաև աջակցել բոլոր այն բարեփոխումներին, որոնց կարիքը Հայաստանն ունի։ ԵԺԿ-ն շատ բարձր է գնահատում Հայաստանի ջանքերը՝ անելու ամեն հնարավորը՝ հարևանների հետ հարաբերությունների կարգավորման համար։ Մենք իսկապես գնահատում ենք Թուրքիայի հետ նրա կառուցողական երկխոսությունը՝ հատկապես այսօր, այս օրերին, երբ հիշատակում ենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Մենք տեսնում և գնահատում ենք Հայաստանի ջանքերը և առաջնորդությունը Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններում՝ չնայած 2023 թվականի ռազմական հարձակմանը, որի հետևանքով տասնյակ հազարավոր հայեր տեղահանվեցին։ Մենք կոչ ենք անում ազատ արձակել բոլոր բանտարկյալներին` անհապաղ և առանց նախապայմանների։ Եվ մենք նաև հիշեցնում ենք Լեռնային Ղարաբաղ վերադառնալու՝ հայկական փոքրամասնության երաշխավորված իրավունքի մասին։
Տիկնայք և պարոնայք, եկեք մեր լիակատար աջակցությունը հայտնենք Հայաստանին՝ Եվրոպական միություն տանող ճանապարհին։ Շնորհակալություն»։