Միջանցքի պահանջը Վրաստանին ավելի է մտահոգում քանիզի ի հայտ է գալիս Ադրբեջանի ագրեսիվ պահվածքն, որը վտանգներ է պարունակում նաեւ Վրաստանի համար. Է. Այվազյան

Սամցխե-Ջավախք մեդիա վերլուծական կենտրոնի ղեկավար Էդուարդ Այվազյանի հարցը՝ «3+3» ֆորմատի մասին, եւ հիշեցումը, որ Վրաստանը հրաժարվել է այդ ձեւաչափից, հնչեց Նիկոլ Փաշինյանի հեռուստաասուլիսի ժամանակ։ Իսկ երեկ եղավ ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հայտարարությունը, որ Վրաստանի աթոռը կմնա թափուր, մինչեւ Թբիլիսին միանա այդ ֆորմատին, որի մեջ, հիշեցնենք, ընդգրկվելու են Թուրքիան, Իրանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, Հայաստանը եւ Վրաստանը։ Ինչպես հիշում ենք՝ այս ձեւաչափից Վրաստանին «փրկել» էր Վրաստան այցելած ԱՄՆ պաշտպանության նախարարը՝ հայտարարելով․ «Մինչեւ նոր ձեւաչափի մասին խոսելը, Ռուսաստանը, որը բռնազավթել է Վրաստանի տարածքի 20 %-ը, պետք է կատարի 2008 թվականի հրադադարի համաձայնագիրը»։ Այդ իսկ պատճառով Վրաստանը կարողացավ հրաժարվել Էրդողանի առաջարկից։ Իսկ Հայաստանին «արվել է առաջարկ, որից նա չի կարող հրաժարվել»։

Այն, որ Վրաստանը չի մասնակցում, ըստ Այվազյանի, հարցականի տակ չի դնելու ձեւաչափը, այն կդառնա «3+2»։ Այս ֆորմատով նախեւառաջ քննարկվելու է չարաբաստիկ «Զանգեզուրի միջանցքի» հարցը։ Ջավախքում բնակվող մեր լրագրող գործընկերոջից փորձեցինք տեղականալ Վրաստանի դիրքորոշման մասին՝ միջանցքի հետ կապված։ Էդուարդ Այվազյանի խոսքով, այն չի կարող չառնչվել Հայաստանի անմիջական հարեւան Վրաստանին։ «Վրաստանը տրանզիտային երկիր է Ադրբեջանի ու Թուրքիայի համար եւ ցանկացած պարագայում չի ցանկանա իր՝ տրանզիտ երկրի դերակատարումը կորցնել։ Միջանցք, թե ճանապարհ, ամեն դեպքում, Վրաստանին այդ երկուսն էլ ձեռնտու չէ, չնայած որ դա Հայաստանի ու Ադրբեջանի ներքին գործն է։ Իրենք բացեիբաց չեն կարող հայտարարել, որ դեմ են թե՛ ճանապարհների ապաշրջափակմանը, թե՛ միջանցքներին։ Բայց վերջինը, իհարկե, Վրաստանին ավելի է մտահոգում, քանի որ այդ պարագայում ի հայտ է գալիս, որ Ադրբեջանի ագրեսիվ պահվածքն այլեւս վտանգներ է պարունակում նաեւ Վրաստանի համար»։

Ադրբեջանական կայքերից մեկում մի ուշագրավ հրապարակում նկատեցինք, որը չնայած «անմեղ»՝ խաչապուրիի թեմային, հայերի ու վրացիների միջեւ սեպ խրելու վատ քողարկված փորձ է։ Պարբերականը գրում է, թե վրացական խոհանոցի գլխին լուրջ վտանգ է կախված, քանի որ հայերը, չբավարարվելով իրենց պատմամշակութային ձեռքբերումներով՝ Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի ազգային խորտիկներն իրենց վերագրելու հետ կապված, հիմա էլ ոտնձգություններ են սկսել վրացական խաչապուրիի, սացիվիի, «Սապերավիի» ու «Խվանչկարարայի» նկատմամբ։

Սամցխե-Ջավախք մեդիա վերլուծական կենտրոնի ղեկավարի վկայությամբ՝ ադրբեջանական մեդիան տեղեկատվական պատերազմում լայնորեն օգտագործում է հայերի ու վրացիների միջեւ խնդիրներ ստեղծելու հնարքը։ «Որ Ջավախքում, իբր, անջատողականներ ենք, հետո խաչապուրին են փորձում հիշել եւ այլն»։ Այվազյանը նշեց, որ դա անելու համար ադրբեջանցիները հատուկ վրաց ընթերցողի համար գործող ռուսալեզու եւ վրացալեզու կայքեր են բացել։

«Նրանք շատ ակտիվ են նաեւ սոցցանցերում, եւ ասեմ, որ բավականին էլ հաջողություններ ունեն այդ ասպարեզում, քանի որ, ցավոք սրտի, հայերն այդ ուղղությամբ գրեթե չեն աշխատում։ Նորություն չէ՝ խաչապուրի, Աբխազիայի Բաղրամյանի կոչվող բատալյոնի պատմությունը, որն անընդհատ հիշում են»,- ասաց Այվազյանը, որը տարիներ շարունակ խոսում է Վրաստանում եւ տարածաշրջանում թուրքական գործոնի աճի մասին։ Սա առաջին հերթին այն հանգամանքով է պայմանավորված, որ Վրաստանը մեծ էներգետիկ կախվածություն ունի Ադրբեջանից: Թուրքիան էլ իր հերթին միլիոնավոր դոլարների ներդրում է իրականացրել Վրաստանում եւ, օրինակ, հիմնավորապես վերակառուցել Բաթումին։ Իսկ 2020-ին Էրդողանն իրենց պառլամենտում հայտարարեց, որ Սիրիայի, Հունաստանի եւ Բուլղարիայի մի շարք քաղաքներ, նաեւ Բաթումը, պետք է ներառվեն Թուրքիայի սահմաններում։

Անուշ Դաշտենց

Աղբյուր` hraparak.am