Եթե Սաակաշվիլին վերադառնա Վրաստան՝ նրան կձերբակալեն, բայց նա կարող է դիմել որոշ հնարքների. էդուարդ Այվազյան

ArmDaily.am-Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նախօրեին ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հոկտեմբերի 2-ին Կիև-Թբիլիսի չվերթի ինքնաթիռի տոմսը։ Սաակաշվիլին բազմիցս հայտարարել է, որ հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին վերադառնալու է Վրաստան: ArmDaily.am-ի հետ զրույցում Սամցխե-Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն էդուարդ Այվազյանն ասաց, որ Սաակաշվիլին առաջին անգամ չէ, որ հայտարարում է Վրաստան վերադառնալու մասին։ «Նախորդ ընտրություններին նա նույնպես հայտարարել էր վերադարձի մասին ու փորձել էր հանրությանը համոզել, որ ինքը ընտրությունների օրը կվերադառնա Վրաստան, բայց այս անգամ, կարծես, մի փոքր ավելի լուրջ է տրամադրված անգամ տոմսն է հրապարակել։ Տեսնենք, ժամանակը ցույց կտա, բայց նրան Վրաստանում սպառնում է ազատազրկում, ինչպես իշխանությունները հաճախ հայտարարում են, եթե նա վերադառնա՝ նրան կձերբակալեն, բայց նա կարող է դիմել այնպիսի հնարքների, որոնց դիմեց, օրինակ, Ուկրանիայում, երբ հավաքել էր մարդկանց մեծ բազմություն ու փորձեց խուսափել ձերբակալությունից»։ Այվազյանն ընդգծեց, որ փաստացի՝ նա գալիս է Վրաստան, որպեսզի ընտրություններին մասնակցի, որպեսզի հանրությունը տեսնի, որ ինքը եկել է Վրաստան և ավելի վճռականորեն դեմ քվերակի այս իշխանությանը։ «Բայց ես չեմ կարծում, որ հանրությունը մեծամասամբ դրական է տրամադրված Սաակաշվիլու կուսակցության նկատմամբ, քանի որ 2012 թ-ին արդեն մերժել էր այդ ուժին այն պատճառով, որ հալածանքներ էին իրականացվել իր իշխանության օրոք Վրաստանում։ Ամեն դեպքում՝ չեմ կարծում, որ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժումը» լուրջ ձայներ կհավաքի այս ընտրություններում։ Նրա մեթոդը ավելի շատ հեղափոխական մտքերի վրա է հիմնված։ Տպավորություն է, որ իր նպատակը հանրության մեջ բուռն ալիք բարձրացնելն է, որպեսզի կարողանա հեղափոխական սցենար իրականացնել Վրաստանում, ինչը նախկինում իրեն հաջողվել է։ Նա դրա համար է ասում, որ կվերադառնա և փորձում է իր կողմնակիցներին համախմբելով տանել այդ ճանապարհով։ Ընդհանուր առմամբ պետք է նշեմ, որ մարդիկ, Վրաստանի հասարակությունը դրական չի տրամադրված նաև այս իշխանության՝ «Վրացական երազանք» կուսակցության նկատմամբ։ «Վրացական երազանքը» գնալով կորցնում է մարդկանց վստահությունն ու աջակցությունը, այն աջակցությունը, ինչ իշխանությունն ուներ 5-7 տարի առաջ՝ հիմա արդեն չունի։ Նրանց մեթոդները նույնպես բավականին խստացվել են, եթե այդպես շաունակվի, արդեն կարելի կլինի համեմաստել Սաակաշվիլու ժամանակաշրջանի մեթոդների հետ, երբ քաղաքացուն հաշվի չէին առնում և փորձում էին նաև բռնություններ գործադրել քաղաքացիների նկատմամբ։ Այդ պատճառով հասարակությունը նաև նրանցից է դժգոհ, սակայն երրորդ լուրջ ուժ կարծես՝ Վրաստանում առայժմ գոյություն չունի, որի հետևից Վրաստանի ժողովուրդը կգնա։ Կան, իհարկե, նոր ուժեր, բավականին հաջողակ, բայց նրանք ամեն դեպքում չեն հասել այն աստիճանի ու չեն կարող իրենց հետևից հանրության լայն շրջանակների տանել, որպեսզի Վրաստանում այս ընտրություններում լուրջ փոփոխություններ լինել։ Բայց իշխանությունը մոբիլիզացրել է իր ողջ ռեսուրսը այնպես, ինչպես երբեք, և հասկանում է, որ ժողովրդի աջակցությունն իրեն նույնպես նվազել է։ Նրանք նույնպես պարզ գիտակցում են, որ այս ընտրություններն իրենց համար վճռորոշ են լինելու։ Ամեն դեպքում՝ կարծում եմ, մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ»։ Անդրադառնալով հայկական համայնքին՝ նա ընդգծեց, որ Սամցխե-Ջավախքի խոշորագույն քաղաքներում, Նինոծմինդայում, Ախալքալաքում և Ախալցխայում հայեր շատ կան։ Ախալքալաքում հայերը բացարձակ մեծամասնություն են, ինչպես և Նինոծմիդայի շրջանում, սակայն Ախալցխայում, որը համարվում է Սամցխե-Ջավախքի մարզկենտրոն, և որտեղ հայերը կազմում են 35 տոկոս, վրացիները մեծամասնություն են։ «Հենց այստեղ են ամենահետաքրքրիր իրադարձությունները տեղի ունենում։ Բանն այն է, որ այս տարի հայերի թիվը ցուցակներում բավականին լուրջ նվազել է, ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմադիր ուժերի մոտ։ Ֆավորիտ համարվող ընդդմադիր ուժերի մոտ, ինչպես օրինակ՝ Սաակաշվիլիի ուժն է՝ առաջին տասնյակում հայեր չկան, մինչդեռ նախկինում եղել են։ Նույնը նաև «Եվրոպական Վրաստան»-ին է վերաբերում՝ առաջին տասնյակում այստեղ նույնպես հայեր չկան։ Կարծում եմ, այս ուժը նույնպես բավական մեծ ձայներ կհավաքի։ Նույնը իշխանական՝ «Վրացական երազանք» կուսակցությունում է։ Մինչդեռ անցած ընտրությունների ժամանակ այդ կուսակցություններում, այդ թվում՝ իշխանության շարքերում 2 հայ թեկնածու կար։ Հիմա, ընդամենը, 3 մաժորիտար պատգամավորներ ունենք, ինչը շատ քիչ է, միաժամանակ, հայկական 15 գյուղերը 2 տեղամասի են բաժանել և այդ գյուղերը կունենան 2 պատգամավոր միայն, այն դեպքում, երբ նախկինում այդ գյուղերում ունեինք 4 և ավելի պատգամավոր։ Հիմա այդ գյուղերը միավորվել են, ընդ որում՝ այդ միացումը հիմնականում վերաբերել է հենց հայկական գյուղերին, կան բազմաթիվ վրացական գյուղեր, որոնք չեն միացվել և նրանք իրենց պատգամավորներով հանդես կգան և կմասնակցեն այս ընտրություններին։ Սա նշանակում է, որ այս ընտրություններում, ոչ միայն Ախալցխայի շրջանում իշխանական ուժերից և երկու մեծ ընդդիմադիր կուսակցությունների առաջին տասնյակում չունենք հայ թեկնածուներ, այլև գյուղերից էլ ընդամենը երկու պատգամավոր կունենաք, այն դեպքում, երբ նախկինում նրանք 4-5 էին։ Ստացվում է, որ Ախալցխայի քաղաքային խորհրդի ընտրություններում ընդամենը 4 ուժի առաջին տասնամյակում կան հայեր»։Հիշեցնենք, որ Վրաստանում ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 2-ին: Դրանցում երկրի բնակիչները քաղաքապետեր եւ տեղական խորհրդակցական մարմինների՝ սակրեբուլոների պատգամավորներ կընտրեն 64 քաղաքներում ու շրջաններում: