Շնորհավորում ենք Հայաստանի 8-րդ գումարման ազգային ժողովին եւ նոր ձեւավորված կառավարությանը ընտրություններում ժողովրդի վստահությունը ստանալու համար

Այս տարվա օգոստոսի 2-ին Հայաստանի Հանրապետությունում իր աշխատանքը սկսեց 8-րդ գումարման ազգային ժողովը, որը ձեւավորվել էր արդար, թափանցիկ եւ ժողովրդավարական ընտրությունների միջոցով։ Վերջին տարիներին Հայաստանում աննախադեպ աշխատանքներ են իրականացվել ընտրությունների թափանցիկության բարձրացման համար, ինչի շնորհիվ հնարավորին է դարձել արդար ընտրությունների անցկացումը։

Արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումով իրականություն է դարձել հայ ժողովրդի կարեւոր երազանքներից մեկը՝ ունենալ անկախ ժողովրդավար, արդար և զարգացած հայրենիք, որը զերծ կլինի նախկին տարիների պետականակործան կոռուպցիայից: 

Հայաստանի նորընտիր խորհրդարանը եւ կառավարությունը ժողովրդի աջակցության վրա հենվելով պատմական առաքելություն ու պարտականություն ունի այս դժվարին ժամանակաշրջանում հայ ժողովրդին առաջնորդելու դեպի լուսավոր ու բարգավաճ ապագա, որպեսզի այլեւս երբեք թշնամիների մտքով չանցնի ոտնձգության փորձ կատարելու ինքնիշխան Արցախի ու Հայաստանի սահմանների նկատմամբ։ Դրան կարելի է հասնել միայն համառ, ազգանվեր ու տքնաջան աշխատանքի շնորհիվ, տնտեսապես արդար երկրում։  Հայաստանի ներկայիս իշխանությունները եւ խորհրդարանը հայ ժողովրդին պարտք են ուժեղ եւ բարգավաճ Հայաստան կառուցել, որտեղ հայ մարդը կարիք չի ունենա մտահոգվելու իր անվտանգության ու առօրյա ապրուստի համար։ Շատ արագ պետք է կասեցվի ազգային աղետի հանգցնող արտագաղթը եւ նորովի վերականգնվի հայկական բանակի մարտունակությունը ու պատիվը։

Այս ամենին հասնելու համար այսօր քան երբեւէ կարեւոր է համազգային միասնություն ու այդ իմաստով խորհրդարան մտած բոլոր ուժերը պետք է իրար խանգարելու փոխարեն օր ու գիշեր աշխատեն վերոնշյալ նպատակների իրականացման համար։

  Կրկին անգամ սրտանց շնորհավորում ենք Հայաստանի 8-րդ գումարման ազգային ժողովին եւ նոր ձեւավորված կառավարությանը ժողովրդի վստահությունը ստանալու համար ու մաղթում հաջողություններ պետականաշինության դժվարին գործում։

«Ջավախք» ժողովրդական շարժման նախագահ Նորիկ Կարապետյան

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյան