Թուրքիան ու Ռուսաստանը երկրորդ կյանքն են փորձում տալ Սյունիքի մասով Լենին-Աթաթուրք ծրագրին

Մայիսի 12-ից ադրբեջանական զորքերը խախտելով Հայաստանի պետական սահմանը խորացել են մոտ 3 կմ, իրենց ենթակայության տակ առնելով Սյունիքի լեռներում գտնվող Սեւ լիճը։ Հայաստանի իշխանությունները խուսափելու համար վտանգավոր լարվածությունից եւ Ադրբեջանի հետ հնարավոր ռազմական բախումից առայժմ հիմնականում դիմել են միայն դիվանագիտական մեթոդների, տեղյակ պահելով դաշնակից եւ բարեկամ պետություններին կատարվածի մասին։ Հայաստանը որպես ՀԱՊԿ-ի անդամ, պայմանագրի համաձայն դիմել կազմակերպությանը տեղեկացնելով, որ ոչ անդամ երկրի կողմից հատվել է ՀԱՊԿ անդամ պետության սահմանը։ ՀԱՊԿ-ին զուգահեռ Հայաստանը դիմել է Ռուսաստանին աջակցության խնդրանքով, այդ թվում ռազմական, ինչը նախատեսված է երկկողմ պայմանագրով։ Այս իմաստով Հայաստանի Հանրապետությունը չափազանց ճիշտ է վարվել, որ նախ դիմել է թղթի վրա գոյություն ունեցող դաշնակիցներին, որոնց հետ ունի ռազմաքաղաքական ու տնտեսական միասնական համակարգ։ Սակայն խնդիրը նրանում է, որ ՀԱՊԿ անդամ երկրներից յուրաքանչյուրը շատ լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, որոնք երբեմն ավելի խորն են քան Հայաստանի հետ։

Առանց մանրանալու նրբությունների մեջ պետք է փաստենք, որ ՀԱՊԿ երկրներից ոչ մեկը այսօր պատրաստ չէ հարաբերություն փչացնել Ադրբեջանի հետ, այդ թվում Ռուսաստանի Դաշնությունը։ ՌԴ-ի մասով նույնիսկ կարելի է ասել ավելին, որ այն այսօր աշխարհաքաղաքական փոփոխությունների պատճառով կողմ է դարձել այս հակամարտությանը եւ այստեղից ունի որոշակի շահեր, որոնք չի ցանկանալ փոխարինել նույնիսկ ՀԱՊԿ-ի հեղինակության անկման վտանգի կամ հայ-ռուսական պայմանագրի չկատարման խայտառակ հետեւանքների հետ։

Դեռ Արցախյան վերջին պատերազմի օրերին հստակ ու վերջնական բոլորի համար պարզ դարձավ, որ Ռուսաստանը չի ցանկանում պաշտպանել իր դաշնակցի շահը այս հակամարտության մեջ։ Ասենք ավելին, որ Ռուսաստանի շահը նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ հստակ արտացոլված է։ Տվյալ հայտարարության միջոցով Ռուսաստանը հնարավորություն ստացավ խաղաղապահ ուժեր մտցնել Արցախ։ Ռուսաստանի համար հաջորդ շահեկան կետը հայտարարության մեջ տրանսպորտային ուղիների ապաշրջափակումն է։ Միայն այսքանը բավական է փաստելու համար, որ Ռուսաստանը պատերազմի օրերին վարել է այնպիսի քաղաքականություն, որը թույլ կտար ապագայում ստորագրել նման հայտարարություն, ինչը կմոտեցներ Ադրբեջանին ԵԱՏՄ մտնելուն։

Այսօր երբ պատերազմի ավարտից անցել են ամիսներ, Ռուսաստանի Դաշնության, Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը կրկին համընկնում են ու այդ շահը կայանում է նրանում, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքով ուղղի կապվի Թուրքիայի հետ, ինչը իր հերթին նշանակելու է, որ Ռուսաստանի Դաշնությունը ցամաքային կապ է ունենալու Թուրքիայի հետ Ադրբեջանի տարածքով եւ այնպիսի միջանցքով, որի վրա չի տարածվելու Հայաստանի սուվերենությունը։ Այսինքն տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցին ավելանալու է Զանգեզուրի միջանցք հասկացողությունը, որի անվտանգության երաշխավորը հանդիսանալու է Ռուսաստանը։ Կարճ ասած Ռուսաստանը համատեղ ծրագրով Թուրքիային ու Ադրբեջանին է տալու պանթուրքիզմի միջանցք, իր ձեռքերում կենտրոնացնելով դրա բանալիները։ Փոխարենը Ռուսաստանը ստանալու է ցամաքային կապը իր ապագա ռազմաքաղաքական գործընկերոջ՝ Թուրքիայի հետ։

Այս իրավիճակում փոքրիկ եւ պատերազմից թուլացած Հայաստանի հետ, որի տնտեսությունը, անվտանգությունը եւ պետական համակարգի մեծ մասը, (ինչպես նաեւ ընդդիմության ու տեղեկատվական համակարգի գերակշիռ  մասը) ուղիղ կախվածություն ունեն Կրեմլից, կարիք չունի այդպիսի Ռուսաստանը հաշվի նստելու Հայաստանի հետ։ Ռուսաստանի աչքերում Հայաստանը ոչ թե դաշնակից է այլ իրեն հպատակ պետություն, որի շահերի հաշվին կարելի է առաջ տանել իր աշխարհաքաղաքական շահերը։ Այդ իսկ պատճառով այս օրերի ընթացքում Հայաստանի «դաշնակից» պետությունները ոչ մի ձեւով չդատապարտեցին Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող օկուպացիան։

Սակայն անսպասելի բոլորի համար թուրք-ադրբեջանա-ռուսական նախագծին իրենց անհամաձայնությունը հայտնեց Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Հնդկաստանը, Հունաստանը ու Իրանը։ Ֆրանսիան ավելի առաջ գնաց եւ նախագահի մակարդակով առաջարկեց հարցը տեղափոխել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ ու նույնիսկ եթե հարկ լինի մանդատով ֆրանսիական զինվորականներ տեղակայել սահմանին։ Հարկ է նշել, որ վերոնշյալ երկրներից նույնիսկ Արցախյան վերջին պատերազմի օրերին չէր եղել նման քաղաքական աջակցություն, որից պարզ է դառնում, որ բոլոր վերոնշյալ երկրները դեմ են Ռուսաստանը Թուրքիային կապող միջանցքին, որի ստանալու համար Ռուսաստանը Ադրբեջանի ձեռքերով ստեղծել է սահմանային լարվածություն։ Որպես թուրք-ադրբեջանա-ռուսական ծրագրին հակակշիռ, վերոնշյալ երկրները տեսնում են մեկ այլ տնտեսական ծրագիր, որը Հնդկաստանից Պարսկաստանով, Հայաստանով ու Վրաստանով գնալու է դեպի Եվրոպա։ Այս մեծ նախագծի համաձայն Թուրքիային կամաց-կամաց փոխարինելու է Պարսկաստանը, իսկ Հայաստանը դուրս է պրծնելու ռուս-թուրքական ճանկերից։

Եթե Հայաստանը ճիշտ ու համարձակ ընտրություն կատարի ու ընտրի այս զարգացման ուղղությունը ու ոչ թե նոր հայտարարություն կամ պայմանագիր ստորագրի «դաշնակցի» միջամտությամբ, ապա ոչ միայն կփրկի Սյունիքը այլ կանաչ լույս կվառի Թուրքիայի տրոհման մեկնարկին ու Արցախի միջազգային ճանաչման գործընթացին։ Եթե այս համատեքստում դիտարկենք այս տարվա ապրիլ 24-ին ԱՄՆ նախագահի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման փաստը, ապա շատ բան պարզ է դառնալու։ Իրականում Թուրքիայի տրոհման գործընթացը պետք է տեղի ունենար նաեւ Ռուսաստանի մասնակցությամբ, քանզի Թուրքիան այսօր մեծ վտանգ է ներկայացնում նաեւ Ռուսաստանի համար, բայց ոչ Պուտինյան Ռուսաստանի մասնակցությամբ։ Այդ իսկ պատճառով քաղաքակիրթ աշխարհի ծրագրերին դեմ են Թուրքիայի ու Պուտինյան Ռուսաստանի նման վտարանդի պետությունները, որոնք իրենց երջանկությունը այլեւս տեսնում են միասին, կտրված քաղաքակիրթ աշխարհից։

Հայաստանը հիմա շատ դժվարին ու միաժամանակ պատասխանատու ընտրության առջեւ է կանգնած, ստորագրել նոր փաստաթուղթ թե մտնել պատերազմի մեջ։ Այդ իսկ պատճառով շատ արագ հարկավոր է փակ հանդիպումներ կազմակերպել Հայաստանի տարածքային ամբողջականության կողքին կանգնած երկրների հետ ու ստուգել նրանց վճռականությունը։ Վճռականության առկայության պարագայում ընդունել Ֆրանսիական առաջարկը ու սկսել Պուտինյան Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության պայմանագրի սառեցումը։ Միայն նման քայլերի շնորհիվ հնարավոր կլինի վերջնական փակել Սյունիքը զավթելու Լենին-Աթաթուրք հարյուրամյա ծրագիրը, որը իր երկրորդ կյանքն է այսօր ստացել Պուտին-Էրդողան դաշինքի միջոցով։

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն

Էդուարդ Այվազյան

20.05.2021