Ապրիլի 24-ը Ախալցխայում (վիդեո-ֆոտո)

Այսօր՝ ապրիլի 24-ին համայն հայությունը հիշում է Օսմանյան Թուրքիայի կողմից 1915թ․ իրականացրած Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի 106-րդ տարելիցը։ Առավոտյան ժամը 11։00-ին Ախալցխայի հայությունը հավաքվեց քաղաքի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մասնակցելու Հայոց Ցեղեասպանության զոհերի հիշատակին տեղի ունեցող Սուրբ եւ Անմահ Պատարագին։ Պատարագի ավարտին ախալցխացիներին միացավ նաեւ շրջանի հայկական գյուղերի հայությունը։ Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց Ախալցխայի հայության բազմահազարանոց թափորը քաղաքի կենտրոնական փողոցներով բարձրացավ Մարտա թաղամասում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքար հուշակոթող։ Քաղաքում պահանջատեր ժողովուրդը ճանաչման կոչերով, պաստառներով եւ պետական դրոշներով մեկ անգամ եւս հիշեցրեց բոլորին, որ ոչինչ չի մոռացվել եւ մեր ժողովուրդը պահանջում է արդարություն եւ հատուցում։ Խաչքար-հուշակոթող հասնելուն պես բազմաթիվ մարդիկ (այդ թվում երիտասարդներ ու պատանիներ) հանդես եկան Ցեղասպանությունը եւ Թուրքիայի ներկայիս քաղաքականությունը դատապարտող ելույթներով։

Ելույթները կարդացին ինչպես հայերեն, այնպես էլ վրացերեն եւ ռուսերեն լեզուներով։

Երիտասարդները երգեցին հայրենասիրական երգեր:

Խաչքար հուշակոթողի մոտ Ախալցխայի եւ հարակից գյուղերի հոգեւոր հովիվ Տեր Թորգոմ քահանա Վարդանյանը հոգեւոր կարգ կատարեց եւ խոսեց օրվա խորհրդի մասին։

Հուշակոթողի մոտ հնչեցին Ցեղասպանությունը դատապարտող բազմաթիվ ելույթներ։ Միջոցառման ավարտին Ախալցխայի երիտասարդական կրթամշակութային կոնտրոնի սաները հանդես եկան մի շարք բանաստեղծություններով եւ երգերով, որոնք նվիրված էին Հայոց մեծ Եղեռնի զոհերի հիշատակին։