Ադրբեջանական կողմը գնդացիր է կիրառել, կրակել դաշտում աշխատող գյուղացիների ուղղությամբ. մանրամասներ Սարուշենի դեպքից

ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով՝ Շոշ-Սարուշեն-Կարմիր Շուկա ներպետական մայրուղում տեղակայված ոստիկանական հենակետերում ծառայությունը կշարունակվի ուժեղացված ռեժիմով:

Շուրջօրյա դիտարկումներ կատարելու նպատակով, ըստ անհրաժեշտության, կավելացվեն հենակետերը: Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը՝ նշելով, որ ապրիլի 7-ին՝ առավոտյան 09:40-ի սահմաններում, Ադրբեջանի կողմից օկուպացված Սարգսաշեն գյուղի տարածքից ադրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Սարուշեն համայնքի բնակիչներ 65-ամյա Շիրին Ադամի Սարգսյանի և 36-ամյա Վիտալի Ալյոշայի Հարությունյանի ուղղությամբ:

Նշվում է, որ ադրբեջանական կողմը կիրառել է գնդացիր, ինչի հետևանքով ջարդվել է Վ. Հարությունյանին պատկանող տրակտորի ձախ կողմի ապակին:

«ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի հետաքննիչները Շ. Սարգսյանից և Վ. Հարությունյանից բացատրություն են վերցրել, լուսանկարել տեղանքը և տրակտորը, պատրաստել համապատասխան նյութեր, կազմել արձանագրություն՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը ներկայացնելու համար:

Բացի այդ, ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով, Շոշ-Սարուշեն-Կարմիր Շուկա ներպետական մայրուղում տեղակայված ոստիկանական հենակետերում ծառայությունը կշարունակվի ուժեղացված ռեժիմով: Շուրջօրյա դիտարկումներ կատարելու նպատակով, ըստ անհրաժեշտության, կավելացվեն հենակետերը:

Նշենք, որ նշված ճանապարհահատվածում սա հայերի ու ադրբեջանցիների միջև գրանցված 2-րդ միջադեպն է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Լուսանկարները՝ Սարուշենից