Հայաստանը միջպետական գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ ընդդեմ Ադրբեջանի

Երեկ՝ փետրվարի 1-ին Կառավարությունը միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ընդդեմ Ադրբեջանի` սանձազերծած 44 օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում թույլ տրված կոնվենցիոն խախտումների համար: Այս մասին տեղեկացնում է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Մասնավորապես՝ Կառավարությունը պնդել է, որ Ադրբեջանը խախտել է Արցախի և Հայաստանի բնակչության կյանքի, խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, անձեռնմխելիության, սեփականության, անձնական և ընտանեկան կյանքի, կրթության և մի շարք այլ իրավունքները:

Կառավարության կողմից գանգատին կից ներկայացվել են բազմաթիվ և ծավալուն ապացույցներ:

Ըստ հաղորդագրության, գանգատում բարձրացվել է նաև ռազմագերիների և քաղաքացիական անձանց, Արցախի տեղահանված բնակչության, զոհված և վիրավորված քաղաքացիական անձանց, նրանց հարազատների, սեփականությունը կորցրածների, տեղական և միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության մի շարք հարցեր։

«Այս գանգատը պետության անունից ըննդեմ Ադրբեջանի տարվող իրավական գործընթացի կարևորագույն քայլ է: Այս առումով հատկանշական է, որ այս գանգատը Եվրոպական դատարան ՀՀ-ի կողմից ներկայացվող առաջին միջպետական գանգատն է», — ընդգծում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը:

Կիրակոսյանը նաև տեղեկացնում է, որ առաջիկայում Եվրոպական դատարան են ուղարկվելու արդեն իսկ ներկայացված պահանջները հիմնավորող լրացուցիչ մեծածավալ ապացույցներ: