2018-ի դրությամբ Ղարաբաղի հարցը փակուղում էր, 1 ելք կար՝ տարածքների անվերապահ հանձնում, նշում է Փաշինյանը

2018 թվականի դրությամբ Ղարաբաղի հարցը փակուղում էր, որից միայն մեկ ելք կար՝ տարածքների անվերապահ հանձնում, ընդ որում, առանց երաշխիքի, որ Ադրբեջանը նոր պահանջներ առաջ չի քաշելու, իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հավելում է` այս նոր պահանջների կոնտեքստում կրկին պատերազմի հավանականության մեծացումն էր:

Վարչապետը իր քիչ առաջ կատարված գրառման մեջ նշել է` խիստ իմաստավորված է ետ գնալ և պատասխանել հարցին՝ ի՞նչը պիտի այլ կերպ լիներ, որ այսպես չլիներ:

«Ուրեմն՝ հայկական կողմը ամենաբարձր մակարդակով և հրապարակային արձանագրել է, որ 2011 թվականին Կազանում Հայաստանը պատրաստ է եղել հանձնել 7 շրջանները՝ Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի և կարգավիճակի հարցով հետագա հանրաքվեի դիմաց, բայց Ադրբեջանը չի համաձայնվել և նորանոր պահանջներ է առաջ քաշել: Սա ապացուցող տեսանյութը կա, առկա է համացանցում: Այսինքն՝ դեռ 2011 թվականին Հայաստանը ստանձնել է 7 շրջանները հանձնելու պարտրաստակամություն և պատրաստ է եղել այդ մասին պարտավորություն ստորագրել, բայց Ադրբեջանը նոր պահանջներ է առաջ քաշել: Ի՞նչ պահանջ պիտի առաջ քաշեր Ադրբեջանը. օրինակ՝ որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը ընդհանրապես դուրս բերվի օրակարգից, օրինակ որ Լաչինի միջանցքը չունենա առանձնահատուկ կարգավիճակ: Շուշիի հարցը, ի դեպ, այս նոր պահանջներում չկա, որովհետև այդ հարցն էլ է լուծված Մադրիդյան սկզբունքներով, որ հայկական կողմը 2007 թվականին ընդունել է որպես բանակցությունների հիմք. այդտեղ հստակ ասվում է, որ ԼՂ բնակչությունը պետք է ունենա այն նույն համամասնությունը, ինչ 1988 թվականին: Այսինքն՝ Շուշիում պետք է լինի 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն», — գրել է Նիկոլ Փաշինյանը:

Շարունակելով Փաշինյանը շեշտել է, որ այս իրավիճակը կար 2011 թվականից, ընդ որում սկսած 2013 թվականից Ադրբեջանը գնում է ռազմական սրացումների:

Ըստ նրա` այս իրավիճակում իր գործողությունների այլընտրանքը հետևյալը կլիներ. «Այլընտրանքը այն էր, որ դիմեի ժողովրդին, ասեի՝ ժողովուրդ ջան, իրավիճակը էսպիսին է` կամ պիտի հանձնենք 7 շրջանները, առանց Ղարաբաղի կարգավիճակի, կամ պատերազմ է: Մարդիկ ի՞նչ պետք է ասեին. պիտի ասեին՝ ոչ, մենք կկանգնենք և կկռվենք հանուն մեր հայրենիքի: Ու պատերազմը կսկսվեր ու կստացվեր, որ Հայաստանը պատերազմ սկսեց: Եթե ասեի՝ չէ որ չէ, պետք է հանձնենք, մարդիկ պիտի ասեին՝ «Նիկոլ-դավաճան» ու էլի պատերազմ պիտի սկսվեր:

Որևէ փուլում՝ այդ թվում թուրք-ադրբեջանական զորավարժությունների շրջանում գնայի թուրքերին ասեի՝ եկեք առանց պատերազմի լուծենք հարցը, պիտի ասեին՝ կոնկրետ ժամանակացույց տուր, երբ ես տարածքները հանձնում: Ստորագրեի՝ պիտի ասեին «Նիկոլ դավաճան», չստորագրեի՝ պատերազմը սկսվելու էր:

Հիմա շատ են ասում, թե բարեկամների հետ պետք էր ավելի սերտ աշխատել: Իսկ ո՞վ է ասել, որ բարեկամները հարցի կարգավորման այլ տեսլական են ունեցել: Հիմա գոնե ակնհայտ է չէ՞, որ այդ տեսլականը լիովին համընկնում է վերը նկարագրվածին»:

Վարչապետը հարց է տալիս ` ի՞նչ ենք արել մենք, ապա պատասխանում. «Պատրաստվել ենք պատերազմի, ինչքան դա հնարավոր է եղել: Հիմա պարզվեց՝ վատ ենք պատրաստվել: Բայց ինչի՞ն ենք վատ պատրաստվել: Հուլիսյան մարտերը ցույց տվեցին, որ Ադրբեջանի դեմ պայքարելուն առնվազն վատ չենք պատրաստվել: Բայց Թուրքիա, վարձկաններ՝ սա ուրիշ պատմություն է, որի մասին դեռ կխոսվի:

Շուտ կագնեցնեիր պատերազմը. պատերազմը շուտ կանգնեցնելու գինը նույնն էր. 7 շրջանների հանձնում: Եթե Շուշիի կորստից ու Ստեփանակերտի վրա կախված մահացու սպառնալիքի պայմաններում 3 շրջան հանձնելը դավաճանություն է, համեմատաբար ավելի լավ պայմաններում 7 շրջանների հանձնումը ո՞նց դավաճանություն չէր լինելու:

Հիմա լավ, բա ի՞նչ պետք է անենք: Պետք է ատամ-ատամի դրած կայունացնենք իրավիճակը ու ավելի չվատացնենք: Հիմա ամենակարևոր խնդիրը գերիների, անհետ կորածների և հնարավոր պատսպարվածների հարցն է, որը պետք է շատ արագ լուծվի: Բայց եկեք այս հարցին նայենք հակառակ կողմի աչքերով: Նա տեսնում է, որ այս հարցի ձգձգումը հնարավորություն է տալիս, որ Հայաստանի ներսում հակադրությունը խորանա, նույնիսկ ներսում բախումներ սկսվեն, որի մինի դրսևորումները արդեն եղել են», — գրել է Նիկոլ Փաշինյանը:

Դիմելով զինվորների հարազատներին` նա նկատել է. «Սիրելինե՛ր, այս պայմաններում նրանք կարագացնե՞ն գերիների, անհետ կորածների հարցի լուծումը: Ոչ, իհարկե: Ընդհակառակը՝ կերկարաձգեն, ինչքան հնարավոր է, ձեռները շփելով ու սպասելով, թե մեր ներսում սա ինչպիսի նոր աղետների կբերի:

Շատ ճիշտ հարց կտաք՝ բա ի՞նչ անենք, չպայքարե՞նք: Պայքարենք անպայման, պայքարենք ավելի ուժեղ, բայց ոչ թե իրար դեմ, այլ միասին: Հանուն հարցի լուծման: Հարցի լուծումը կարագանա միայն մի պարագայում. եթե բոլորը հասկանան, որ այս հարցի շուրջ ներքին բախումներ չեն լինելու:

Ով ինչում է մեղավոր և ինչ պատասխանատվություն պետք է կրի, անպայման կպարզվի, կյանքի կկոչվի: Բայց հիմա պետք է կենտրոնանալ հարցի լուծման համար միասին, ոչ թե իրար դեմ պայքարելու վրա: Սրանում համոզված եմ», — եզրափակում է իր գրառումը վարչապետ Փաշինյանը: