Հայաստանին կապիտուլյացիայի հասցնողները պետք է պատժվեն. Պետք է արդեն ձերբակալված լինեին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է պաշտպանության նախկին փոխնախարար, Սպաների համահայկական միության նախագահ Վահան Շիրխանյանը:– Պարոն Շիրխանյան, ինչպե՞ս եք գնահատում նոյեմբերի 9-ին Փաշինյանի, Պուտինի և Ալիևի ստորագրած հայտարարությունը։

– Դա հայտարարություն չի, այլ Հայաստանի համընդհանուր կապիտուլյացիայի՝ անձնատուր լինելու մասին ակտ է, որի արդյունքում հայությունը կորցրեց Արցախը։– Ինչո՞ւ այդպես եղավ։

– Արցախի անկումը բոլորից պահանջում է առերեսվել ճշմարտության հետ՝ Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած, Նիկոլ Փաշինյանով ավարտած։ Սա 20-25-ամյա դավաճանական շքերթի ավարտական մասն է։ Նման անպատիժ, շարունակական դավաճանությունների ոչ մի երկիր չէր դիմանա։

– Ի՞նչ նկատի ունեք, կարո՞ղ եք մանրամասնել։

– Կաշխատեմ։

1. Դիվանագիտական պարտության հիմքը դրվեց 92-96 թթ., երբ ԱԳՆ-ն բանակցությունների էր ներկայանում մեղավորի տեսքով։ Քիչ էր մնում ներողություն խնդրեր ադրբեջանցիներից, որ մենք ազատագրել ենք մեր հողերը։

Հետո բրիտանա-թուրքա-ադրբեջանական ալյանսը հասավ փուլային, փաթեթային կարգավորման սկզբունքներին, որոնք հեշտությամբ դարձան Մադրիդյան սկզբունքներ, որովհետև գրեթե չէին տարբերվում։ Եվ այդ բոլորը՝ մեր դիվանագետների մասնակցությամբ։ Այդ սկզբունքները դամոկլյան թրի նման կախված էին Հայաստանի գլխին 24 տարի, և Հայաստանի դիվանագետ ջոջերը ոչինչ չկարողացան անել։ Սա կոչվում է ազգային շահերի վաճառք, այսինքն՝ դավաճանություն։

2. Տեղեկատվական դաշտում մենք պարտվում էինք տարեցտարի՝ չունենալով արցախյան խնդրի լուծման հայկական ռազմավարություն, պատկերացում և համակարգում։ Քոչարյանը արգելեց բնակեցնել ազատագրված տարածքները, Սերժը շարունակեց։ Միգուցե նրանք համոզվա՞ծ էին, որ հողերը հանձնվելու են, որովհետև միասնական առքուվաճառքի գործարքի մեջ էին թուրք-ադրբեջանական գործարարների հետ։ ԱԳՆ-ն չուզե՞ց, թե՞ չկարողացավ քննարկման առարկա դարձնել ադրբեջանահայերի խնդիրը։ Միտումնավո՞ր, թե՞ տգիտության պատճառով։ Այս բոլոր հարցերը պետք է ստանան պատասխաններ։

3. Պաշտպանական շինարարությունը և Արցախի պաշտպանունակության ամրապնդման ծրագրային աշխատանքները դադարեցին Վազգեն Սարգսյանի սպանությունից հետո։ Ակնհայտ է, որ այդ սպանության նպատակը Արցախը թուրքերին հանձնելու ճանապարհը բացելն էր։ Պարզ է, որ Վազգենի գոյության պայմաններում Հայաստանը նման խայտառակություն չէր ապրի։ Հիմա գոնե պարզ դարձա՞վ Վազգենի մեծությունը և հետվազգենյան բոլոր ղեկավարների անսահման մանրությունը։

4. Բանակի բյուջեն վերջին 20 տարում գրեթե տասնապատկվել է։ Նման միջոցներով քոչարյանասերժական իշխանությունը պարտավոր էր Արցախը դարձնել անառիկ ամրոց՝ ապահովելով.

1. գերժամանակակից անխոցելի ՀՕՊ և ՌԵՊ համակարգերով,

2. գերժամանակակից հեռահար հրթիռահրետանային համակարգերով,

3. սահմանագծի հնգաշերտ ինժեներա-պաշտպանական հագեցումով, որին մոտենալ հնարավոր չպետք է լիներ,

4. երկարատև պաշարման վիճակում պատերազմելու համար անհրաժեշտ և բավարար զինամթերքի, զենքի, սննդամթերքի, բուժմիջոցների, հանդերձանքի հաշվարկված պաշարներով,

5. ռմբապաստարանների կառուցումով, նկուղների բարեկարգումով։

Այսքանից ոչինչ չի արվել, հատկացված միջոցները 20 տարի գողացվել, մսխվել, դղյակների են վերածվել։ Սա դավաճանություն է, ինչի համար այդ երկուսը իրենց թայֆաներով, արցախյան դրածոներով պետք է պատժվեն։

5. Հանցավոր անշնորհքության չափերի է հասել Սփյուռքի իրական ուժի և ազդեցության թերագնահատումը։ Հայաստանը նման ճակատագրական պատերազմի մեջ կարող էր մտնել ոչ միայն սեփական ռեսուրսների մանրազնին հաշվառումից (ինչը չի արվել), այլև Սփյուռքի մասնակցությունը մանրամասնորեն ծրագրելուց հետո։ Սա նույնպես չի արվել։ Զորահավաքային ռեսուրսների նկատմամբ անտարբեր, փնթի վերաբերմունքը դրսևորվում էր ամբողջ 20 տարիների ընթացքում։ Ինչ-որ մի գերխելոք սպա որոշել է, որ Հայաստանում 45 զինկոմիսարիատների կարիք չկա, հերիք է 15-ը։ Եվ 30 զինկոմիսարիատ փակվել է՝ մի երկրում, որը նիրհող պատերազմի մեջ է, և որի հակառակորդը օրնիբուն սպառնում է վերսկսել պատերազմը։ Նշված տարիներին իրականացվել են բանակի քաղաքացիականացմանն ուղղված մի շարք ռեֆորմներ, որոնք կտրուկ ազդել են բանակի մարտունակության վրա։ 20 տարի բոլոր կառավարությունները շարունակաբար անտեսել և արհամարհել են պետական մոբիլիզացիոն պլանի կարևորությունը։ Պատերազմի սպառնալիքի տակ ապրող երկրում սրանք դավաճանական քայլեր են թշնամուն օգնելու նպատակով։

6. Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները գաղափարական-հոգևոր-բարոյական դաշտից Քոչարյանը տեղափոխեց առևտրային, պրագմատիկ դաշտ, և մենք անմիջապես զիջեցինք Ադրբեջանին ռեսուրսային առումով, և նա դարձավ Ռուսաստանի առաջնահերթ գործընկերը։

7. Հայաստանի կապիտուլյացիայի գլխավոր պատճառներից է Ռուսաստանի կողմից իր պայմանագրային պարտավորությունների դրժումը։ Նա իրեն դրսևորեց որպես ծայրահեղ անհուսալի դաշնակից։ Ինձ համար ցավալի է սա ասելը, որովետև ես այն հայն եմ, ով 90-ականներից կանգնած է եղել հայ-ռուսական ռազմական համագործակցության ստեղծման ակունքներում, ով խորհրդարանին է ներկայացրել ռուսական ռազմաբազայի, Ռուսաստանի հետ բարեկամության և փոխօգնության պայմանագրերը։ Շատ եմ ցավում։ Բայց համոզված եմ, որ Պուտինը Ռուսաստան չի, առավել ևս՝ ռուս ժողովուրդ չի։

Սիրահարվել է թուրք Էրդողանին, Աստված իր հետ։

8. 20-25-ամյա թալանի և կոռուպցիայի հայաստանյան իրողությունը, դղյակավորների ցոփությունը, լկտիությունը, անպատժելիությունը, համատարած անարդարությունը չէին կարող չազդել հայրենիքը պաշտպանելու, անձնազոհության գնալու գաղափարի և պատրաստակամության վրա։ Կոմերսանտի հոգեբանությամբ հրամանատարը տեղ չպետք է ունենա Հայոց բանակում։ Սա պետք է անխախտելի կանոն դառնա։ Ցավոք այդպես չի։
9. Հայաստանի դեմ կազմակերպված միջազգային դավադրությունը հասավ իր նպատակին։ Այդ դավադրության ակտիվ մասնակիցներն էին Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, ՀԱՊԿ կառույցի ղեկավարները։ Հայաստանին պարտության մատնելու գործին ակտիվորեն մասնակցել են նաև Իսրայելը, Մեծ Բրիտանիան, Ուկրաինան և այլ երկրներ։ Այս բոլորը չի նշանակում, որ Հայաստանը հաղթելու ճանապարհ չուներ։ Ուներ, միանշանակ ուներ։

Սակայն իշխանությունը համառորեն գնում էր Արցախի հանձնման և պարտության ճանապարհով։

Պետք է ստեղծվի խորհրդարանական-արտախորհրդարանական համատեղ հանձնաժողով պարտության բուն պատճառները վեր հանելու համար, ինչքանո՞վ են դրանք քաղաքական թերացումների և ինչքանո՞վ՝ ռազմական թերացումների արդյունք։ Ինքանո՞վ են դրանք միտումնավոր, ինչքանո՞վ՝ տգիտության արդյունք։ Չէ՞ որ մենք ականատես եղանք զինվորի և սպայի կողմից կատարված բացառիկ հերոսական դրվագների։ Այսինքն՝ մարտական ոգին առկա էր։

Գերագույն գլխավոր հրամանատարը պետք է ստեղծի ռազմական փորձագետների հանձնաժողով՝ ստուգելու բանակի ղեկավարության որոշումների, դրանց ապահովման և կատարման որակները և նպատակահարմարությունը, բանակի կառավարման որակը։

– Ուրեմն Նիկոլ Փաշինյանը սխա՞լ է վարվել։

– Այո, բայց ապացույցները պետք է ներկայացնի հանձնաժողովը։ Դրանից հետո կարող են լինել և հրաժարական, և նոր ընտրություններ։ Համազգային խնդրում ոչնչով չհիմնավորված, բոլոր նորմերի, օրենքների, սեփական խոստումների անտեսումով նման ցուցադրական ինքնավստահությամբ այդ աստիճան պատասխանատու, ճակատագրական փաստաթուղթ ստորագրելը արդարացվել չի կարող՝ անկախ նրանից, թե Թուրքիան և Ռուսաստանը ճնշման ինչ մեխանիզմներ են կիրառել նրա վրա։

– Դուք համարում եք, որ նման կրիտիկական վիճակից եղել է ելք, և Փաշինյանը չի՞ օգտվել դրանից։

– Այո։ Ես այդ մասին ասել եմ Արցախի նախագահին պատերազմի 23-րդ օրը։

– Հասարակությունը դժգոհում է և պահանջում է վարչապետի հրաժարականը։ Դուք ի՞նչ կարծիքի եք։

– Ճիշտ է, և դժգոհությունները օր օրի կավելանան, քանի դեռ նա տրամաբանական քայլեր չի ձեռնարկում։

– Որո՞նք են այդ քայլերը, ի՞նչ կարող է անել վարչապետը ստեղծված իրավիճակում:

– Նա պետք է անմիջապես հեռացրած լիներ պաշտպանության նախարարին, ԳՇ պետին՝ իրենց տեղակալներով, ԱԳ նախարարին՝ իր տեղակալներով, ՌԴ-ում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպաններին, որոնք անկասկած հանցավոր թերացել են։ Նա պետք է արդեն ձերբակալած լիներ պարտության հիմնական հեղինակներ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, իսկ Արցախում պետք է ձերբակալած լինեին պատերազմի նախապատրաստումը ձախողած նախագահներին, նախարարներին և հրամանատարներին։ Սա այն չնչինն է, որ նա պետք է արած լիներ Հայաստանին կապիտուլյացիայի հասցնողներին պատժելու համար։ Այլապես ստացվում է, որ հազարավոր հայ երիտասարդներին տարել էին մահվան բերան մատաղացու։ Բայց այս բոլորը նա կարող է անել միայն մի դեպքում՝ եթե բանակի գործողությունների ազատության սահմանափակողը և կաշկանդողը անձամբ ինքը չի եղել, և եթե հասկանում է, գիտակցում է, թե ինչպիսի սարսափելի վիճակի մեջ է դրել Հայաստանին և հայությանը։

– Հիմա, Ձեր կարծիքով, վարչապետը պե՞տք է հրաժարական տա։

– Ոչ։ Նա պետք է ապացուցի իր անմեղությունը և ներկայացնի մեղավորներին, կամ պետք է ներկայացվեն նրա մեղավոր լինելու ապացույցները։ Չպետք է թույլ տանք, որ խառնաշփոթում, քաոսում իրական մեղավորները, դավաճանները կարողանան ծլկել, փախչել պատասխանատվությունից։ Ակնհայտ է, որ պատերազմը չի ավարտվել, այն առջևում է։ Մենք պետք է վերանայենք, վերաիմաստավորենք մեր վերաբերմունքը Հայրենիքին, ազգին, վերակազմավորենք բանակը։ Մենք ապրում ենք թուրքի հարևանությամբ, որը ինչպիսին եղել, այնպիսին էլ մնացել է։ Սին, վտանգավոր և դավաճանական են նրա հետ բարիդրացիություն հաստատելու բարբաջանքները։ Մենք միշտ պետք է պատրաստ լինենք հակադարձելու թուրքական դրոններին, ֆանտոմներին, հրթիռներին։ Հավատացեք, դա հնարավոր է, եթե մենք դադարենք երկրին նայել որպես անձնական բոստան, անկեղծորեն ծառայենք նրան։

Կկարողանա՞նք այս աստիճան անկեղծությամբ առերեսվել ճշմարտության հետ։ Դրանից է կախված Հայաստանի ապագան։

www.1in.am