Օր առաջ պետք է աշխատանք սկսել նոր իրավիճակում օտար երկրների հետ մեր ընդհանուր շահերը համադրելու համար

Ոչ մեկ չեր սպասում, որ պատերազմը այս ձեւով կավարտվի եւ այդքան արագ ինչ-որ համաձայնագիր կստորագրվի։ Սակայն պատերազմի առաջին իսկ օրվանից Ռուսաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը հայերին բերում էին նման փաստաթղթի ստորագրմանը։ Հիշեք Սերգեյ Լավրովի հարցազրույցը, կամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը։ Պետք է հասկանալ, որ այս իրավիճակում միակ բացարձակ հաղթողը Ռուսաստանի դաշնությունը դարձավ, ով ամրապնդեց իր ներկայությունը տարածաշրջանում եւ ականջներից բռնեց Ադրբեջանին ու թողեց ժողովրդի ու աշխարհի առջեւ դեմքը պահել Թուրքիայի նախագահ Էրդողանին։

Մինչ Երեւանում մեր ժողովրդի ասածով «շունը տերը չի ճանաչում» արեւմուտքը անթաքույց դժգոհության ակնարկներ է հնչեցնում Արցախի շուրջ թուրք-ադրնեջանա-ռուսական գործարքի վերաբերյալ։ Կարծես Արցախի շուրջ կնքված համաձայնագիրը կծեց արեւմուտքի ինքնասիրությունը ու իրենց շահերը անտեսվեց։ Եթե նախկինում նրանք հույս ունեին Թուրքիայի միջոցով մտնել Ադրբեջան (Իրանի եւ Ռուսաստանի մեջտեղը) հիմա Ռուսական խաղաղապահ զորքերը հայտնվեցին Արցախում։ Այս առումով արեւմուտքի խաղաքարտերը լրիվ խառնվեցին եւ եթե նախկինում արեւմուտքը փորձում էր չեզոքություն պահպանել, ապա ներկա պահին հնարավոր է Արցախի կարգավիճակի հարց դնողը հենց ինքը դուրս գա, որպեսզի իրավաբանորեն եւ միջազգային իրավունքի համաձայն Արցախը այլեւս չհամարվի Ադրբեջանի տարածք։ Չնայած ռուս-թուրքական ներկա սիրախաղին, այն ի վերջո խանգարող հանգամանք է լինելու թուրք-ադրբեջանական սիրախաղին, որովհետեւ ռուսները Արցախում խաղաղապահ տեղակայելով հեռահար նպատակներ ունի, մասնավորապես բացել տնտեսական կապերը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ու Ադրբեջանին մտցնի Եվրասիական Միություն եւ մի օր էլ ՀԱՊԿ։ ՆԱՏՕ-ի անդամ թուրքը այս պարագայում խոչընդոտ է դառնալու ռուսների համար։ Արեւմուտքը դա հասկանում է եւ միայն Արցախի ճանաչումով է կարողանալու փակել այս հարցը։ Իսկ եթե կոպիտ ասենք չերեւալով խցկել թուրքին Ռուսաստանի եւ Պարսկաստանի մեջտեղ, սակայն դա հնարավոր է այն պարագայում եթե Արցախը չհամարվի Ադրբեջանի տարածք։ Արցախի ճանաչումով դժվար չի լինի Ադրբեջանում իշխանափոխության հասնել ու Թուրքիան ներս մտցնել։ Ի հարկ է սա մեկ օրվա հարց չէ, բայց ԱՄՆ-ի նման երկրները իրենց ծրագրերը պլանավորում եւ իրականացնում են տարիներով։ Հայաստանը նրանց աչքերում Ռուսական գաղութ է, բայց ժողովրդավարական արժեքներ դավանող ժողովրդով ու կառավարությունով։ Դա առայժմ իրենց բավարար է, մինչեւ որոշակի իրավիճակի փոփոխություն։

Բնականաբար Ռուսաստանի հետ հայերին լարվել պետք չէ, բայց զուգահեռ գոնե առնվազն սփյուռքի ակտիվ աշխատանքի միջոցով պետք է հասնել Արցախի անկախության ճանաչման հարցին Արեւմուտքի երկրների կողմից, որոնց շահը կարող է համընկնել հայի շահի հետ։ Ինչ վերաբերվում է այն հարցին, որ հայկական զորքերը հաշված օրերի ընթացքում պետք է լքեն մի շարք տարածքներ, ապա այստեղ եւս շատ բան պարզ չէ հաշվի առնելով Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի կոչը ժողովրդին խուսափել ավելորդ շտապողականությունից գույքի դուրս բերման գործում, քանզի ինչպես ինքն է ձեւակերպել Տարածքային զիջումների և այդ համատեքստում հայտարարված ժամկետների մասին հարցերը Արցախի իշխանությունների հետ դեռևս չեն քննարկվել։ Դրանից բացի երեկ մամուլում տեղեկություն տարածվեց, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը զանգել է Տեր Հովհաննեսին ու ասել, որ «Դադիվանքին ձեռք չտաս, խաչերին ձեռք չտաս, Դադիվանքը չենք տալիս»։ Թե ինչ է սա նշանակում դժվար է ասել, հավանաբար համաձայնագրի այն կետն է, որում ասված է թե խաղաղապահները պետք է վերահսկեն այն սահմանները, որտեղ դադարել են ռազմական գործողությունները ու եթե այդպես է հայկական զորքի դուրս գալով այնտեղ ադրբեջանական զորք չի մտնելու, սակայն դա եւս մինչեւ վերջ պարզ չէ ու թե ինչ կլինի իրականում քչերը գիտեն։ Ներկա իրավիճակում մեկ բան ակնհայտ է, որ պատերազմից հետո ստեղծված իրավիճակում Արցախի անկախության ճանաչման հարցը մտնում է միջազգային օրակարգ եւ այստեղ մեզանից է կախված լինելու ինչպես է այդ գործընթացը ընթանալու ու ինչ սահմաններով է Արցախը միջազգային ճանաչում ստանալու։

Էդուարդ Այվազյան