Չի կարելի բացառել, որ Վրաստանում կորոնավիրուսային դեպքերի կտրուկ աճը քաղաքական բաղադրիչ ունի Էդուարդ Այվազյան

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թվերը վերջին օրերին կրկնապատկվում են. եթե երեկ 87 դեպք էր հայտնաբերվել, ապա այսօր արդեն դեպքերի թիվն անցավ 150-ը։ Վրաստանում ինչպես համաճարակաբաններն, այնպես էլ իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ հենց սա էր իրենց պատկերացրած համաճարակի երկրորդ փուլը, այդուհանդերձ նրանք մարդկանց վստահեցնում են, որ մտահոգվելու լուրջ առիթ չկա։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Սամցխե-Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն էդուարդ Այվազյանն՝ ընդգծելով, որ չնայած դրան՝ նրանք հորդորում են պահպանել հակհամաճարակային կանոները։

Անդրադառնալով դպրոցներին՝ նա հիշեցրեց, որ նախօրեին Վրաստանի վարչապետը հայտարարել էր, որ մեծ քաղաքներում դասերը կսկսվեն հոկտեմբերի 1-ից։ Մինչ այդ նախատեսվում էր դպրոցները վերաբացել սեպտեմբերի 15-ից։ «Սկզբում պարապմունքները կլինեն օն-լայն, որից հետո արդեն կկարողանան հաճախել դպրոց, սակայն հայտարարությունը չէր վերաբերում փոքր քաղաքներին։ Այդուհանդերձ, նոր տեղեկություններ են գալիս, որ կարող է Վրաստանի ողջ տարածքում դասերը սկսվեն հոկտեմբերի 1-ից»։

Նա ընդգծեց, որ չնայած դեպքերի աննախադեպ աճին՝ Վրաստանում կարծիք կա, որ այս ամենը կապված է ընտրությունների քարոզարշավի ակտիվ փուլ մտնելու հետ։ «Այսինքն, նախընտրական գործընթացներն ակտիվ փուլ են մտնում և հնարավոր է, որ թվերը աճում են հենց դրանով պայմանավորված, որպեսզի ընդդիմությունը մեծ ցույցեր ու հանրահավաքներ անցկացնելու հնարավորություն չունենա, ու ընտրություններից հետո էլ մեծ բողոքի ցույցեր չկարողանան սկսել։ Ըստ իս՝ սա հավանական տարբերակ է ու չի կարելի բացառել նաև, որ դեպքերի կտրուկ աճը հենց քաղաքական բաղադրիչ ունի, սակայն դա չի նշանակում, որ վիրուսը գոյություն չունի և դեպքերի քանակը չի ավելանում»։

Այվազյանի դիտարկմամբ՝ անցած տարվա համեմատ, երբ ռուս կոմունիստ պատգամավորը հայտնվել էր Վրաստանի խորհրդարանում՝ հիմա քաղաքական իրավիճակն այդքան էլ լարված չէ։ «Այդ ժամանակ մեծ բողոքի ցույցեր տեղի ունեցան և բավական լարված էր քաղաքական իրավիճակը, սակայն երբ Վրաստանի իշխանությունները համաճարակային իրավիճակում բավական ճիշտ իրենց դրսևորեցին ու խիստ սահմանափակումներ մտցրեցին, որի արդյունքում վիրուսը չտարածվեց այնքան, որքան աշխարհի շատ երկրներում, կարծես թե՝ դժգոհությունները քաղաքական իշխանությունից մեղմվեց։ Ընդհանուր լարվածությունը փոքր-ինչ ավելացավ, երբ բոլորովին վերջերս Սաակաշվիլին հայտարարեց, որ մտադիր է Վրաստան վերադառնալ և ընդդիմադիր մի քանի ուժերի կողմից առաջադրվել վարչապետի թեկնածու։ Սակայն, կարծում եմ՝ լարվածությունն այնքան էլ մեծ չէ, անցած տարի ավելի լարված էր քաղաքական մթնոլորտը, այդուհանդերձ, Վրաստանի իշխանությունները փորձում են ամեն ինչ հաշվարկել և ապահովագրել իրենց։ Իրականում, եթե լրջորեն գնահատենք ներկա իրավիճակը, ապա ոչ գործող իշխանությունը, ոչ էլ ընդդիմությունը չի վայելում հանության լայն շրջանակների վստահությունը, այսինքն, Վրաստանում թե նախկինների, թե ներկաների հանդեպ, կարծես, այդքան էլ դրական մոտեցում չկա, բայց այլընտրանք էլ, կարծես թե, չի նշմարվում ու չկա այն քաղաքական ուժը, որի հետևից մարդիկ կարող են գնալ»։

ArmDaily.am