Վրաստանի ադրբեջանական համայնքը փորձում է լարում մտցնել հենց վրացիների և հայերի միջև. էդուարդ Այվազյան

Ախալքալաքի քաղաքային մարզադաշտում այսօր խաղաղ ակցիա է տեղի ունեցել, որին մասնակցել էին Ախալքալաքից, Ախալցխայից, Նինոծմինդայից և շրջակա գյուղերից երիտասարդներ։

ArmDaily.am-ի հետ զրույցում Սամցխե-Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն էդուարդ Այվազյանն ասաց, որ թեև իրեն չի հաջողվել մասնակցել ակցիային, սակայն տեղյակ է, որ մասնակիցներն իրենց մտահոգությունն են հայտնել վերջին օրերին հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ։ «Ակցիայի ընթացքում հիմնականում կոչերը եղել են ի աջակցություն խաղաղության և Հայաստանի իշխանություների, սակայն գլխավոր կոչն ուղղված է եղել ադրբեջանական համայնքի սադրանքներին չտրվելուն»։

Նա պատմեց, որ Վրաստանի ադրբեջանցիները հուլիսի 16-ին ակցիա են իրականացրել վրաց-ադրբեջանական սահմանին և իրենց աջակցությունը հայտնել Ադրբեջանին՝ նշելով, որ պատրաստ են մեկնել ռազմական գործողությունների դաշտ և աջակցել Ադրբեջանին, ինչպես նաև նպաստել Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնմանը։ «Սա կոնկրետ ծայրահեղական քայլ է և պրովոկացիա է Վրաստանի ադրբեջանական համայնքի կողմից, որը միանշանակ ուղղորդվել է ադրբեջանական իշխանությունների կողմից։ Մենք նման սադրանքների արդեն ականատես եղել ենք Վրաստանում, երբ ադրբեջանական համայնքը փորձում է լարում մտցնել հենց վրացիների և հայերի միջև, և փորձում է վրացիներին ևս ներքաշել կոնֆլիկտի մեջ։ Հայկական համայնքը սա անընդունելի է համարում և կոչ անում զուսպ լինել։ Հայկական կողմը երբեք չի ցանկացել Վրաստանին ներքաշել հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մեջ»,-ասաց նա՝ ընդգծելով, որ վրացական իշխանությունն էլ պետք է ամեն ինչ անի, որ Վրաստանում գտնվող այդ սադրիչ ուժերը չկարողանան լարել իրադրությունը և կոնֆլիկտի մեջ ներքաշել տեղի ադրբեջանցիներին և հայերին։

Նա նաև ընդգծեց, որ Վրաստանն այն երկրներից է, որն ամենաշատը չի ցանկանում, որ հայ-ադրբեջանական սահմանին պատերազմական գործողություններ սկսվեն։ «Վրաստանին շատ դժվար իրավիճակում կհայտնվի, քանի որ լավ հարաբերություններ ունի թե Ադրբեջանի, թե Հայաստանի հետ։ Բացի այդ՝ Վրաստանը մտահոգություն ունի, որ տարածաշրջանային ռազմավարական նշանակության օբյեկտները՝ Բաքու-Թբիլի- Ջեյհան գազատարը, Բաքու- Թվիլիսի -Կարս երկաթգիծը վտագի տակ կհայտնվի, այդ պատճառով Թբիլիսիում շատ դեմ են հակամարտության սրմանը։ Ճիշտ է՝ Վրաստանը հազիվ թե ուղղակիորեն ներքաշվի պատերազմի մեջ, սակայն այն մեծ հարված կհասցնի Վրաստանի տնտեսությանը և կայությանը տարածաշրջանում»։
Անդրադառնալով որոշ փորձագետների դիտարկումներին, թե Տավուշում հնչած կրակոցների արձագանքները Վրաստանի սահմանամերձ շրջաններում էլ լսելի են եղել, նա նշեց, որ ինքն էլ տարբեր փորձագետներից նման արձագանքներ լսել է, թեև անձամբ չի կարող դրանք հաստատել, սակայն դա հնարավոր է համարում։ «Շատ հնարավոր է, քանի որ ծանր հրետանի է աշխատել և հնարավոր է, որ ձայները լսվել են, դա նույնպես հոգեբանական ազդեցությունն ունեցել է բնակչության և փորձագետների վրա»
Այվազյանի դիտարկմամբ՝ տարբեր առաջարկներ են հնչում փորձագետների մակարդակով, որ Վրաստանը կարող է նոր հարթակ հանդիսանակ երկու երկրների միջև լարվածության նվազեցման և բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ։ «Այս առաջարկը հրաշալի առաջարկ է, քանի որ Վրաստանը նաև չեզոք պետություն է, եթե Ռուսաստանն իր շահերն ունի Ադրբեջանում կամ Հայաստանում, ապա Վրաստանի ամենամեծ շահը այս տարածաշրջանի կայունությունն է ու տնտեսական զարգացումն է»։

ArmDaily.am