Ախալցխայի 13 հայկական գյուղերի բնակիչները կրկին բողոքի ակցիա էին իրականացնում Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի դիմաց (տեսանյութ)

Հուլիսի 10-ի առավոտյան Ախալցխայի 13 հայկական գյուղերի բնակիչները կրկին բողոքի ակցիա էին իրականացնում Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի դիմաց։ Պահանջը նույնն էր ինչ մոտ 15 օր առաջվա բողոքի ցույցի ժամանակ։ Մարդիկ բողոքում էին այն բանի համար, որ մեկ ամիս առաջ Վրաստանի Մառնեուլիի շրջանից ադրբեջանցիները եւ թուշերը իրենց ոչխարներին էին բերել արածելու հայկական գյուղերի արոտավայրերում, ինչի պատճառով տեղի ֆերմերների անասունները մնացել են առանց խոտի։ Դրանից բացի գյուղացիների խոսքերով ադրբեջանցիների ու թուշերի ոչխարները վնասել են մի քանի գյուղերի ջրի համակարգերը։

Ցուցարարների հետ հանդիպեց Ախալցխայի քաղաքապետ Զազա Մելիքիձեն փորձելով հանգստացնել վրդովված քաղաքացիներին։ Քաղաքապետի խոսքերով կատարվածի առնչությամբ գործ է հարուցվել եւ ընթանում է հետաքննություն։

Քաղաքապետի պարզաբանումները սակայն չբավարարեցին ցուցարարների մեծամասնությանը եւ նրանց շրջանում կոչեր հնչեցին, որ գնան եւ ինքնուրուն լուծեն հարցը վռնդելով ոչխարներին իրենց տերերի հետ միասին։ Մարդկանց խոսքերով տեղի իշխանությունները միայն ընտրությունների ժամանակ են հիշում իրենց մասին եւ այսպիսի խնդիրների ժամանակ միայնակ են թողնում մարդկանց։

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Ախալցխայի 13 գյուղերի բնակիչները ստիպված օգնություն են խնդրում մարզային և քաղաքային իշխանություններից այն բանից հետո, ինչ Մառնեուլիի շրջանի ֆերմերները իրենց ոչխարներին բերել եւ արածացնում էին իրենց արոտավայրերում։ Այն ժամանակ Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին խոստացել էր լուծել տվյալ խնդիրը։

Դրանից հետո հունիսի 30-ին Ախալցխայի շրջանից դեպի Թուրքիա թվով 70 խոշոր եղջերավոր անասուն են գողությամբ տեղափոխել։ Գողացված անասունները պատկանել են հայկական Չեչերեկ գյուղի չորս բնակչի։ Գյուղացիները կատարվածը կապում են Մառնեուլի շրջանից ադրբեջանցի եւ թուշ հովիվների հայտնվելուն հետ։