Առաջին անգամ օտարերկրացի բժիշկները ժամանեցին և միացան կորոնավիրուսի դեմ Հայաստանի պայքարին

Հունիսի 14-ին Մարսել-Երևան հատուկ չվերթով «Զվարթնոց» օդանավակայան ժամանեցին մի խումբ ֆրանսիացի բժիշկներ, ովքեր աջակցելու են կորոնավիրուսի դեմ Հայաստանի պայքարին: Արձագանքելով Առողջապահության նախարարության խնդրանքին` Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն այս նախաձեռնությունը կյանքի կոչեց USAID-ի հետ սերտ համագործակցությամբ:
Համավարակի դեմ պայքարում սա օտարերկրացի մասնագետների ներգրավման առաջին նմանատիպ նախաձեռնությունն է:

«Հանձին այս բժիշկների թիմի՝ ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել ֆրանսիացի ժողովրդին, որ նման լավ մասնագետներ ունեն և նման պատրաստակամությամբ գալիս են Հայաստան՝ մեզ օգնելու»,-խոսելով նախաձեռնության մասին՝ ընդգծեց Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Նա նաև շնորհակալություն հայտնեց USAID-ին և ԱՄՆ կառավարությանը նախաձեռնությունը կյանքի կոչելու համար ցուցաբերված ֆինանսական և կազմակերպչական աջակցության համար:

Բժշկական խմբի ղեկավար Ալեքսանդր Ֆրանսուա Միշել Մինյոնը նշեց, որ իրենք արդեն մեծ փորձառություն ունենք կորոնավիրուսի դեմ պայքարում, և այս խմբում բժիշկներ են տարբեր քաղաքներից ու հիվադանոցներից, սակայն նպատակը մեկն է՝ միասին հաղթահարել կորոնավիրուսային ճգնաժամը։

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ այս նախաձեռնությունը Առողջապահության նախարարության կողմից էր ձևակերպված, ի ուրախություն բոլորի՝ այն շատ լավ արձագանք գտավ։

«Սա աջակցության հրաշալի օրինակ է, բոլորս գիտենք, թե ինչ գերլարված գրաֆիկով են աշխատում հայ բուժաշխատողները»,-ընդգծեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։

Նա նշեց, որ Միացյալ Նահանգները նաև 5 մլն դոլար է տրամադրել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում:

Ըստ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտի՝ Ֆրանսիան միշտ կանգնած է Հայաստանի կողքին. «Հպարտ եմ, որ առաջինը հենց ֆրանսիացի մասնագետները բժշկական առաքելությամբ եկան Հայաստան»։

Հայաստան ժամանած 7 ֆրանսիացի բժիշկներին առաջիկա օրերին կմիանան նաև 3-ը: Բժշկական խումբն իր առաքելությունն իրականացնում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղում: Բժիշկները մասնագիտությամբ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ են և հիմնականում աշխատելու են վերակենդանացման բաժանմունքներում: