Վրաստանը կրկին Հայաստանին կորոնավիրուսի համավարակի հետ կապված օգնություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել

Վրաստանը կրկին Հայաստանին կորոնավիրուսի համավարակի հետ կապված օգնություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել։ Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ կորոնավիրուսի համավարակի շրջանում Վրաստանի կառավարությունը ակտիվ կապ է պահպանում հայկական կողմի հետ։

«Մի քանի օր առաջ հեռախոսազրույց է տեղի ունեցել վարչապետներ Գեորգի Գախարիայի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ։ Կապը նաեւ իրականացվում է նախարարների մակարդակով։ Այսօր Վրաստանի եւ Հայաստանի արտգործնախարարները տեղեկատվություն են փոխանակել երկրներում COVID-19 համավարակի հետ կապված իրավիճակի մասին։ Դավիթ Զալքալիանին, Հայաստանում ստեղծված իրավիճակի հետ կապված, հայկական կողմին համերաշխություն եւ մեկ անգամ եւս Վրաստանի կառավարության անունից օգնություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես հայտնում է news.am-ը հղում անոլով Georgia-online-ին, Վրաստանում ստեղծվել է առցանց միջնորդագիր՝ Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում օգնելու կոչով: Միջնորդագրի հեղինակները վրացական կառավարությանը խնդրում են Հայաստանից պացիենտներ ընդունել: «Կարծում ենք, որ դա ճիշտ քայլ կլինի հարեւան պետությանը սատարելու եւ տարածաշրջանում համաճարակաբանական իրավիճակը բարելավելու համար»,- ասված է միջնորդագրի մեջ: