Սայաթնովյան «Վարդատոնը» անխափան է

Չնայած աշխարհում տարածված կորոնավիրուսի համավարակի որոշ սահմանափակումներին, Վիրահայոց թեմի նախաձեռնությամբ, թբիլիսահայերը վերստին հնարավորություն ունեցան ավանդաբար մայիս ամսվա վերջին կիրակի օրը կարմիր վարդեր խոնարհելու հայ մեծանուն աշուղ և ժողովուրդների բարեկամության երգիչ Սայաթ-Նովայի շիրիմին:

2020 թվականի մայիսի 31-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ, Հոգեգալստյան տոնական Սուրբ Պատարագ մատուցեց հոգևոր ծառայող արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանը: Սրբազան արարողությունն իրենց ներկայությամբ պատվել էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, »Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, համայնքային կառույցների ղեկավարներ, թբիլիսահայ մտավորականության ներկայացուցիչներ, բազում հավատացյալներ:

101010292 3037980599652065 5290096108788252672 OՀավարտ Սրբազան արարողության, ներկաները փոխադրվեցին եկեղեցու բակում հանգչող Սայաթ-Նովայի գերեզմանի մոտ, որտեղ, Առաջնորդական տեղապահի նախագահությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ, որից հետո Սայաթ-Նովայի արվեստի անմահության, անզուգական Երգչի անկորնչելի հիշատակի մասին խոսք ասաց Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը:

Այնուհետև ներկաները վարդ ու ծաղիկներով, սեր ու ժպիտով զարդարեցին անմահ Սայաթ-Նովայի շիրիմը: Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահը և Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը համայնքային գործիչների ուղեկցոությամբ ծաղիկներ խոոնարհեցին նաև Մեյդան թաղամասում կանգնեցված Սայաթ-Նովայի խորհրդանշական հուշարձանին:

Մինչև ուշ Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում տարածվում էր Սայաթ-Նովայի անմահ երգն ու երաժշտությունը, դառնալով «Վարդատոնի» ձևափոփված, սակայն անխափան տոնակատարություն և Սայաթ-Նովա երգչի նկատմամբ սիրո և նրա երգարվեստի անմահության դրսևորում:

 

Վիրահայոց թեմ