Վանդալիզմի ակտ Ախալցխայի հին գերեզմանատանը

Ախալցխայի Ռաբաթ թաղամասում հայկական Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտակայքում գտնվող հին  գերեզմանատանը վանդալիզմի ակտ է տեղի ունեցել։ Գերեզմանատան մոտ ապրող քաղաքացիներից մեկը դեպի իր տունը գնացող ճանապարհն է լայնացրել առանց քաղաքապետարանից համապատասխան թույլտվության, ինչի արդյունքում հողի տակից մարդկային ոսկորների մնացորդներ են դուրս եկել։

Կատարվածին տեղեկացել են Ախալցխայի քաղաքապետարանի աշխատակիցները եւ Ախալցխայի հոգեւոր տեսչությունը։ « Կատարվածին տեղեկանալուց հետ մենք բարձրացանք գերեզմանատուն եւ տեսանք կատարվածը։ Մարդկային ոսկորները, որոնք դրսում էին հայտնվել շինարարական աշխատանքների արդյունքում աղոթքով վերահուղարկավորեցինք։ Այստեղ էին քաղաքապետարանի աշխատակիցները, որոնց հետ միասին կապվեցինք Թբիլիսիի մասնագետների հետ եւ երկու օրից նրանք կժամանեն Ախալցխա տեղում ծանոթանալու կատարվածին։ Մենք նաեւ նախատեսում ենք ապագայում ցանկապատել գերեզմանատան տարածքը»,- ասաց Ախալցխայի հոգեւոր տեսուչ Հակոբ աբեղա Սահակյանը։

Տվյալ գերեզմանատունը համարվում է Ախալցխայի ամենահին գերեզմանոցներից մեկը, որտեղ տարբեր ազգերի ներկայացուցիչներ են հուղարկավորված, սակայն գորեզմանատունը հիմնականում հայկական է, ինչի մասին են վկայում բազմաթիվ հայկական տապանաքարերը։ Գերեզմանատունը գտնվում է հրեական գերեզմանատան հարեւանությամբ։