Կարծախի Սբ Հովհաննես Կարապետ եկեղեցին վերանորոգելու կարիք ունի

Ախալքալաքի շրջանի Կարծախի Սբ Հովհաննես Կարապետ եկեղեցին վերանորոգման կարիք ունի։ Տանիքից առատորեն անձրեւի եւ ձյան հալված ջուրն է ներթափանցում, որը ավելի մեծ խնդիրներ եւ ավերածություններ է առաջացնում եկեղեցում։

Կարծախի Սբ Հովհաննես Կարապետ եկեղեցու անմխիթար վիճակի մասին Akhaltskha.net-ին տեղեկությունները տրամադրեց Հասմիկ Սաղաթելյանը։ Հասմիկի խոսքերով` վերջին անգամ եկեղեցին վերանորոգվել է 2012 թվականին։

«Տանիքի քարերի արանքը բետոն էր արվել, բայց հիմա այն պոկվել է եւ եկեղեցին կրկին վերանորոգման կարիք ունի»,-ասում է Հասմիկ Սաղաթելյանը։

Կարծախի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցին կառուցվել է 1892-1894թթ: Եկեղեցին խորհրդային տարիներին չի գործել և այդ ժամանակաշրջանում բավականին տուժել է։ 2012թ եկեղեցին վերանորոգվել եւ վերաօծվել է, սակայն ներկա դրությամբ կրկին վերանորոգման կարիք ունի։