Վրաց ուղղափառ եկեղեցին պատրաստվում է մեծ շուքով նշել Զատկական տոնը, իշխանությունները պնդում են՝ կունենանք բազմաթիվ դագաղներ

Կորոնավիրուսային իրավիճակը Վրաստանում սրվում է։ Երեկ պարզ էր դարձել, որ կորոնավիրուսը հասել է Սամցխե-Ջավախք։ Առայժմ հաստատված դեպքը գտնվում է Սամցխե-Ջավախքի հյուսիսային սահմանանակետում։ ArmDaily.amի հետ զրույցում Սամցխե-Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանն ասաց, որ վարակակիրը 30-ամյա տղամարդ է, Ախալդաբա քաղաքանման վայրից՝ Բորժոմիի շրջանից։ «Նա նույնիսկ սիմպտոմներ չունի։ Նրան ապրիլի 14-ից մեկուսացրել էին, երեկ թեստը դրական է եղել։ Հայտնի է, որ վարակվել էր իր հորեղբորդուց, ով Թբիլիսիից էր եկել ու աշխատում էր սահմանապահ։ Բոլոր նրանք, ում հետ նա շփվել է՝ բոլորին մեկուսացրել են»,-ասաց Այվազյանը։

Նա նշեց, որ երկրում նոր սահմանափակումներ են մտցված, որոնք բոլորին վերաբերում են։ Սակայն իշխանութան մոտ մեծ մտավախություն կա, որ առաջիկա տոնական օրերին կարող է մեծ բռնկում լինել։ «Վրաց ուղղափառ եկեղեցին փոքր ինչ մոլեռանդություն ունի և պատրաստվում է մեծ շուքով նշել Զատկական տոնը։ Նախօրեին պատարագ եղավ Վրաստանի քաղաքներից մեկում,  խաչն էին համբուրել, հաղորդություն էին ստացել, այդ կադրերը ևս հեռուստաընկերություններով ցուցադրվեց։ Որոշ բարձրատիճան հոգևորականներ ասում են, որ մասսոնների ձեռք գործն է, որ պետությանը եկեղեցու դեմ է տրամադրում և այլն։ Մի խոսքով չեն ուզում, որ պետությունը սահմանափակի մարդաշատ պատարագի անցկացումը։ Մինչդեռ իշխանությունները մի քանի անգամ կոչ են արել եկեղեցուն, որ մասսայական պատարագներ չանեն։ Եկեղեցին չի ընդառաջել և վերջին օրերին բժիշկները, համաճարակաբանները զգուշացնում են, որ եթե խախտեն կարատինը և պատարագ մատուցեն՝ մենք կունենանք բազմաթիվ դագաղներ։ Այդպես էլ բաց տեքստով ասում են՝ բազմաթիվ դագաղներ, որ այս համաճարակը մեծ արագությամբ կտարածվի և մենք չենք կարողանա ոչինչ անել։ Անընդհատ կոչ են անում մարդկանց, բայց դա այնքան էլ ազդեցություն չի ունենում, դրա համար էլ ընդհանուր նոր սահմանափակումներ մտցրեցին ամբողջ Վրաստանում»,-ասաց նա։

Ըստ սահմանափակումների՝ բոլոր փոքր, թեթև մեքենաներով տեղաշարժը ամբողջ Վրաստանի տարածքով արգելվել է, Վրաստանի քաղաքների, գյուղերի փողոցները դատարկվել են։ «Հիմա քաղաքներում տեղաշարժ չկա։ Բացառություն չէ նաև Սամցխե-Ջավախքը։ Մեծ մեքենաներով միայն առաքիչներն են խանութներին սպասարկում, բժիշկներին է թույլ տրված տեղաշարժվել և հատուկենտ մարդկանց, ովքեր հատուկ թույլտվություն ունեն։ Սակայն քաղաքացիներին արգելվել է մինչև ապրիլի 21-ը մեքենաներով դուրս գալ փողոց։ Քիչ առաջ Վրաստանի պատրիարքարանը քննադատության ենթարկեց իշխանությունների այս քայլը, որ սահմանափակել են մարդկանց տեղաշարժը մեքենաներով, բայց պարզ դարձավ, որ հոգևորականների եկեղեցու աշխատողների, երգչախմբերի անդամների մեքենաներով տեղաշարժը չի խոչընդոտվի։ Այսօր առավոտյան խուճապային իրավիճակ կար, օրինակ Ախալցխայում շատ մեծ հերթեր էին գոյացել թե խանութների, թե դեղատների, թե բանկերի մոտ, քաղաքում անգամ խցանումներ էին, մարդիկ փորձում էին արագ ինչ-որ ապրանքներ ձեռք բերել, սակայն 12-ից հետո քաղաքներն ամբողջությամբ դատարկվել են մեքենաներից, միայն հեծանիվներով և մոտացիկլետներով մարդիկ են երևում, չնայած, որ հրաշալի եղանակ է։ Իշխանություններն ասում են, որ եթե սահմանափակումներն ազդեցություն չունենան և մարդիկ տոնական օրերին հավաքվեն, ապա հնարավոր է, որ ամբողջությամբ կարանտինային իրավիճակ մտցվի Վրաստանում»,-ասաց Այվազյանը։

Նա նաև նշեց, որ այժմ սպասում են 10-ից ավելի քաղաքացիների թեստերի պատասխաններին, բոլոր թեստավորված քաղաքացիները Բորժոմիից, Ադիգենից և Ախալցխայից են։ Նշենք, որ Վրաստանում համաճարակային իրավիճակը շահեկանորեն տարբերվում էր հարևան երկրներից։ Վրաստանում կանխարգելիչ միջոցառումները մեծ արդյունավետություն էին ապահովել և երկրում վարակակիրների ցածր տոկոս կար, մինչդեռ, այժմ հատկապես իշխանությունների մոտ մեծ բռնկման մտավախություն կա։